Ն ա ի ր ի

                 Н а и р и               

N a i r i

Меню сайта

Мини-чат
500

Наш опрос
 
Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 
 
Главная » 2012 » Февраль » 19 » Սիրիայի հայ համայնք. մուրճի ու զնդանի արանքում
Սիրիայի հայ համայնք. մուրճի ու զնդանի արանքում
00:52
Վիգեն Հայրապետյանի հուղարկավորությունը ՀալեպումNEWS.am-ը ներկայացնում է հատվածներ Նանոր Բարսումյանի հոդվածից, որը հրապարակվել է «The Armenian Weekly» պարբերականում:
Փետրվարի 10-ին Հալեպում երկու ավտոմեքենաների պայթյունի հետեւանքով զոհվեց 28 մարդ, այդ թվում զինակոչիկ Վիգեն Հայրապետյանը: Այդ պայթյունները 2011թ. մարտից նախագահ Բաշար Ասադի դեմ սկսված ապստամբության վատագույն դրսեւորումներն էին: Հայրապետյանի մահը ցնցեց Սիրիայի հայ համայնքը, որը մինչեւ այժմ պաշտոնապես չեզոքություն է պահպանում, սակայն շատերը պաշտպանում են Ասադի կառավարությունը: Ահաբեկչությունը ցույց տվեց, որ բռնությունը հասնում է Հալեպին եւ Դամասկոսին: Սիրիայի երկու խոշորագույն քաղաքներում ապրում են հազարավոր հայեր:
«The Armenian Weekly»-ն կապվել է սիրիահայերի հետ, որպեսզի լուսաբանի սիրիացի քրիստոնյաների եւ, մասնավորապես, հայերի խնդիրները տվյալ իրադրությունում:
Սիրիայի հայերը ցանկանում են լավատես լինել իրենց համայնքի ապագայի վերաբերյալ: «Մենք մշտապես լսում ենք պայթյունների եւ տանկային համազարկերի ձայները, սակայն մենք դեռ անվտանգության մեջ ենք»,- անունը չհրապարակելու պայմանով հայտնեց ակտիվիստներից մեկը:
Հայ համայնքն ու քրիստոնյաները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 8-10 տոկոսը: Նրանք հոգնել են անորոշությունից: «Հայերը մյուս փոքրամասնությունների նման խոցելի են եւ վախենում են Սիրիայի անվտանգության կառույցների կաթվածահար լինելուց»,- նշեց Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմաբան Նորա Արիսյանը:
Հայր Գարեգին Բեդուրյանը 2011թ. նոյեմբերից եղել է Սիրիայում եւ հետեւել է, թե ինչպես է գործունեության բոլոր ոլորտներում սկսել գերիշխել վախի մթնոլորտը: Վտանգավոր է ճանապարհորդել քաղաքից քաղաք, ամեն տեղ ապստամբներ են:
Հայր Բեդուրյանն այդ ամենի մեղքը դնում է ընդդիմության վրա: Նրա խոսքով, ապստամբները չեն հասկանում ազատության եւ հայրենասիրության իրական իմաստը, եւ դրա փոխարեն խաղաքար են դառնում են օտար կառավարությունների ձեռքում եւ զենք են վերցնում սեփական կառավարության դեմ:
Չնայած լարվածությանն ու բռնության էսկալացիային, սիրիահայ համայնքը ձգտում է պահպանել չեզոքություն: Համայնքը ձեռնպահ է մնում պաշտոնական եւ հրապարակային դիրքորոշում հայտնելուց, թեեւ համայնքի անդամները հանուն խաղաղության եւ կայունության մշտապես պատրաստակամություն են հայտնում աջակցել կառավարությանը:
Պատմաբան Արա Սանջյանը կարծում է, որ Սիրիայի հայերը ներքին հակամարտությունում ոչինչ չեն կարող անել: «Պետք է միայն փրկել սեփական գլուխը եւ հուսալ, որ կայծակը շատ ուժեղ չի հարվածի»,- ասաց նա:
Հալեպի հայերից մեկի խոսքով, որոշ սիրիահայեր մասնակցել են Ասադի կառավարության աջակցության հանրահավաքներին, մյուսներն էլ համագործակցում են սիրիական հետախուզության հետ` հաղորդելով մյուս հայերի գործունեության մասին:
Նրա խոսքով, Սիրիայի հայ համայնքի անդամները կարող են հալածանքների ենթարկվել, եթե աջակցություն ցույց տան ընդդիմությանը. այլախոհները կորակվեն «դավաճան» եւ կդառնան «վհուկների որսի» զոհ: Այդ պատճառով, նա ամենաիմաստուն ընտրությունը համարում է չեզոքությունը:
Այդուամենայնիվ, որոշ սիրիահայեր միացել են ընդդիմությանը: 27-ամյա ակտիվիստ Ջիմի Շահինյանն ընդդիմության հետ կապ ունենալու համար բանտարկվել էր: Նա ազատ արձակվեց դեկտեմբերի 19-ին:
Ընդդիմությանն աջակցողների թվի մասին հստակ պատկերացում կազմել հնարավոր չէ, քանի որ սիրիացիների մեծ մասը չափազանց վախենում է դիրքորոշում հայտնել:
Հալեպի հայերից մեկը նշեց, որ սիրիացիների գուցե 20 տոկոսը բաց արտահայտվում է համակարգի դեմ, նույն բաժինն ունեն ռեժիմի կողմնակիցները, մյուսները վախենում են կարծիք հայտնել:
Սիրիահայերի մեծ մասը զգուշանում է արտաքին միջամտությունից: Բազմաթիվ սիրիահայերի համար անհանգստության պատճառ է Թուրքիայի աջակցությունն ընդդիմությանը:
Շատերը մտավախություն ունեն, որ Ասադի կառավարության տապալումից հետո իշխանությունը կվերցնի էլ ավելի ավտորիտար ռեժիմ: «Շատերը զգուշացնում են, որ արաբական գարնանը կարող է հաջորդել իսլամական ձմեռը»,- ասաց Արիսյանը:
Սանջյանի խոսքով, «Մուսուլման եղբայրները» Սիրիայի միակ կազմակերպված ընդդիմությունն է: «Եթե ռեժիմը տապալվի եւ Սիրիան ամբողջական մնա, ապա ամենահավանական ուժը, որ կստանա վերահսկողություն` Եգիպտոսի օրինակով կլինի «Մուսուլման եղբայրները»: Ընդդիմության մյուս առաջնորդները Ֆրանսիայում եւ Ստամբուլում նստած շատ են ասում արեւմտյան լրատվամիջոցներին հաճելի բաներ, սակայն չեմ կարծում, թե նրանք այստեղ իրական իշխանություն ունեն եւ կարող են հասնել զգալի հաջողությունների հետասադյան ընտրություններում: Մենք դրա օրինակը տեսել ենք Եգիպտոսում»:
Սիրիայում ապրում են 60-70 հազար հայեր` ընդհանուր բնակչության 0,5 տոկոսից էլ քիչ: Նրանց կեսից ավելին ապրում է Հալեպում: Սաջյանի խոսքով, համայնքը քաղաքական տեսանկյունից ակտիվ չէ, քանի որ այդ հնարավորությունը չի տրվում հայ համայնքին:
Հայերը չեն շտապում լքել երկիրը: «Գաղտնիք չէ, որ բազմաթիվ սիրիահայեր Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացրել: Բայց դա չի նշանակում, որ նրանք պատրաստ են կամ ցանկանում են անմիջապես տեղափոխվել Հայաստան: Չնայած լարված իրավիճակին, Սիրիայի հայերը պետության եւ երկրի հետ են», - եզրափակեց Արիսյանը:

http://news.am/arm/news/93752.html

 


Просмотров: 489 | Добавил: nairi | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

 

Вы вошли как
3.22.68.49
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

                                 


Поиск
 

Статистика

Друзья сайта


  • Реклама
      
       
     

    Copyright by N a i r i 2024