Հունիսի իննին և տասներեքին Իսրայելի Հայֆա քաղաքի «Բեյդ յադ լե բանիմ» և «Ռամբամ» դահլիճներում ելույթ ունեցող «Զամիր» լարային քառյակի ծրագիրը կազմված էր ռուս (Ռախմանինով, Գլազունով) և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Արժե նշել, որ «Զամիր»-ի գեղ. ղեկավար Վլադիմիր Շմուլենսոնը համերգի երկրորդ բաժինը հայտարարեցՙ «նվիրված հայ երաժշտությանը»: Կատարվեցին Կոմիտաս-Ասլամազյանի «Հաբրբան», «Ալ այլուխս» և «Էջմիածնի պար» գոհարները, ինչպես նաեւ Նուբար Ասլանյանի թիվ 2, ծնողների հիշատակին նվիրված քառյակը: Ի դեպ կոմիտասյան այս գոհարները կատարել է նաեւ իսրայելյան մեկ ուրիշ, «Կիներետ» քառյակը, անցած տարվա հուլիսի քսանյոթին Ստոկհոլմի «Շիստա» եկեղեցում Նուբար Ասլանյանի թիվ 3, Էդվարդ Միրզոյանին և աղետալի երկրաշարժին նվիրված «Հայաստան 1988-1993» քառյակի հետ: Ե՛վ «Զամիրը», և՛ «Կիներետը» մեկ անգամ չէ,որ իրենց ծրագրում ընդգրկում են Ն. Ասլանյանի ստեղծագործությունները թե՛ Իսրայելում և թե՛ դրսում (Բուլղարիա, Գերմանիա): Իսկ այս տարվա փետրվարի վերջում «Կիներետը» կատարեց Ն. Ասլանյանի, իր ուսուցիչներ Գրիգոր Եղիազարյանի և Գրիգոր Հախինյանի հիշատակին նվիրված թիվ 4 քառյակը: Ավելացնեմ նաեւ, որ մարտի 29-ին Հարավային Կորեայում կայացած Ասիական եւ Խաղաղ օվկիանոսյան գոտու երկրների երաժշտական փառատոնում Լեհաստանի ռադիոյի երգչախումբը բնօրինակովՙ հայերեն, կատարեց Ն. Ասլանյանի «Բերքի Տոն» Կանտատը:
Պետախ-Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միություն
18.06.09թ.
|