Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի
Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի
Ցուրին:
Գոհունակություն
հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակից`
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Իսրայելում վերջերս տեղի
ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ վստահություն
հայտնել, որ հարուստ ավանդույթներ ունեցող հայ-իսրայելական բարեկամական
հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն ոգով: Հանրապետության
Նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներում եւ բնագավառներում, այդ
թվում` միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում
համագործակցության հետագա խորացումը, ընդգծելով դրա համար անհրաժեշտ բոլոր
նախապայմանների առկայությունը:
Հավատարմագրերի
հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում
դիվանագետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Իսրայելի դեսպանը
Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ
գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի
հետագա զարգացման համար:
Հանդիպման
ընթացքում Հայաստանի ղեկավարն ու Իսրայելի դեսպանը մտքեր են փոխանակել
մերձավորարեւելյան կարգավորման, ղարաբաղյան հակամարտության բանակցային
գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ: Դեսպան Շեմի Ցուրին
ողջունել է հայ-թուրքական ընթացող երկխոսությունը եւ հարաբերությունների
կարգավորման հույս հայտնել:
Անընդունելի
համարելով հակամարտությունների ուժային լուծումները, զրուցակիցները
ընդգծել են, որ առկա խնդիրների խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորումն
այլընտրանք չունի, իսկ խաղաղությունն ու կայունությունը այն արժեքներն են,
որոնք կարող են բարիքներ պարգեւել բոլոր ժողովուրդներին:
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց Իսրայելի դեսպանին
Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ դեսպան Շեմի Ցուրին:
ՀՀ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորելով պարոն Ցուրին դեսպանի պաշտոնը
ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնեց, որ նրա դիվանագիտական
հարուստ փորձը լավ հիմք կհանդիսանա հայ-իսրայելական հարաբերությունները
ակտիվացնելու ու զարգացնելու համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել
համագործակցության խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր
ոլորտներում: Նա շնորհավորեց դեսպանին փետրվարի 10-ին Իսրայելում տեղի
ունեցած Կնեսետի ընտրությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ
առաջիկայում կսերտանան միջխորհրդարանական հարաբերությունները` նշելով, որ
Ազգային ժողովում գործում է Իսրայելի խորհրդարանի հետ պատգամավորական
բարեկամության խումբ, որի ակտիվ աշխատանքը նույնպես կարող է նպաստել
հարաբերությունների զարգացմանը: Պարոն Աբրահամյանի համոզմամբ
խորհրդարանների միջեւ գործակցության ակտիվացումը, փոխայցերը եւ համատեղ
ծրագրերի մշակումն ու իրականացումը երկու երկրների հարաբերություններին
նոր որակ ու մակարդակ կհաղորդեն:
Հայաստանում Իսրայելի դեսպան Շեմի
Ցուրը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր
ջանքերը կգործադրի իսրայելահայկական հարաբերությունները հնարավորինս
զարգացնելու համար` թե քաղաքական, թե տնտեսական, թե գիտամշակութային
կապերի խորացման առումով: Նա իրազեկեց, որ փետրվարյան խորհրդարանական
ընտրություններից հետո «Կադիմա» եւ «Լիկուդ» կուսակցությունները հավաքել
են առավելագույն ձայներ, իսկ ընդհանուր առմամբ Կնեսետում ներկայացված
կլինեն տասը կուսակցություններ. առաջիկա շաբաթների ընթացքում կձեւավորվի
նաեւ կառավարությունը: Պարոն Ցուրը եւս կարեւորեց միջխորհրդարանական
կապերի խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով բոլոր մակարդակներով
փոխայցերի կարեւորությունը եւ այս համատեքստում նշեց, որ Իսրայելի նոր
խորհրդարանում նույնպես կստեղծվի իսրայելահայկական բարեկամության
պատգամավորական խումբ:
Կարեւորվեց Երուսաղեմում դարեր շարունակ
գործող Հայոց պատրիարքարանի ներկայությունը եւ հայ համայնքի
գործունեությունը: Կողմերը անդրադարձան տարածարջանում տիրող իրավիճակին`
շեշտելով խնդիրները խաղաղ ճամապարհով լուծելու կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
|