Պարոն Ծառուկյան.
Այն բանից հետո,երբ Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը դիմեց ինձ,որ ես գտնեմ սիմֆոնիկ նվագախումբ եւ դահլիճ՝ կատարելու համար Արցախի անկախության քսանամյակին եւ կենդանի ու զոհված նրա հերոսների հիշատակին հեղինակածս, Իսրայելում լույս տեսած(պակաս կարեւոր չէ) «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» ստեղծագործությունը՝ միջոցներ հայթայթելու համար, 12 հուլիս 2011ին պատվիրված փոստով դիմեցի Ձեզ, հետն էլ նվիրելով Պարտիտուրի մեկ օրինակ: Ստացել եք,ստուգել եմ: Դիմեցի,քանզի մշակույթի նախարարության հետ իմ հարաբերությունները, Ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Սիփանա քաջեր» ստեղծագործությանս հանդեպ ցուցաբերած տմարդի վերաբերմունքից եւ բնական է, իմ ըմբոստությունից հետո, հիշեցնում են մեծն Թումանյանի հայտնի բանաստեղծության հերոսների հարաբերություններին, արդյունքում՝ նախարարության, կոնկրետ նախարարի համար դարձել եմ ոխերիմ բարեկամ, եւ բնական է, նրանք էլ ինձ համար՝ սիրելի թշնամի: Ավելին, եւ մշակույթի եւ թե Կոմպոզիտորների միության համար դարձել եմ անցանկալի անձ՝ persona non grata` «երկար լեզու» ունենալուս պատճառով:«Խնդիր» ունեմ(«գեշ խասյաթ»)՝«երբեմն,երբեմն» իրերը կոչում եմ իրենց անուններով: Այսօր էլ պիտի մնամ ինձ հարազատ, ներեցեք: Արդ՝ Պարոն Ծառուկյան. 2010թվի փետրվարի 1-ին Իսրայելից, (թե ինչու եմ Իսրայելում՝ դիմեք պարոնայք Լեւոն Տեր Պետրոսյանին,Ռոբերտ Քոչարյանին ,Սերժ Սարգսյանին,նաեւ ձեր օլիգարխ գործընկերներին՝ ինձ նման միլիոն հոգիներ կան «իսրայելներում»): Չշեղվեմ, Իսարայելից Մաեստրո Չեքիջյանին ուղարկեցի նոտաները 19 ամիս առաջ հույսով եւ միտումով, որ 2011-ի սեպտեմբերին կկատարվի Արցախի անկախության 20 ամյա տարեդարձին նվիրված որեւ միջոցառմանը: Հայրենասեր Մաեստրոն անգամ ցանկություն եւ պատրաստակամություն հայտնեց անշահախնդիր կատարելու այդ ստեղծագործությունը Արցախում: Դիմեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանին(հետն էլ նվիրեցի մի Պարտիտուր), վեճն անգամ չեղավ՝(ավելի լուրջ գործերով է զբաղված) փոխարենը , Արցախի Մշակույթի եւ երիտասարդական հարցերի նախարար տկն. Ն.Աղաբալյանը իր նամակով հայտնեց, որ իրենք սիմֆոնիկ նվագախումբ չունեն: Կարելի էր մտածել, որ Նուբար Ասլանյանը այդ մասին չգիտեր: Ես հուշեցի նախարարին, թե ինչպես կարելի է տեղի , իմ համակուրսեցի Գ.Մուրադյանի ղեկավարած Կամերային նվագախումբը «մեկ օրով» վերածել սիմֆոնիկի: Լռեց:Ես հասկանում եմ՝ փող էր պետք: Եւ քանի որ «դիմել էր մուժիկը ուրիշին,ասել էին ՉԻՔ, դե նայել դիմել էր Իլյիչին»: Պարոն Ծառուկյան ես ձե՛զ դիմեցի օգնության հարցով: Դա պիտի արժենար առավելագույնս 1000-1500 ամերիկյան դոլլար,բայց... Պարոն Ծառուկյան ձեզ երբեմն, երբեմն անվանում են քաղաքական գործիչ: Ես չգիտեմ, դուք այն ընդունում եք լու՞րջ, թե որպես հաճոյախոսություն, չգիտեմ,սակայն այդ առիթով կուզեի հայտնել նաեւ իմ կարծիքը, հասկանալով հանդերձ, որ այն ձեզ համար չպիտի արժենա անգամ «մի ղուրուշ»: Պարոն Ծառուկյան, քաղաքական գործիչը պիտի ունենա նաեւ քաղաքական «հոտառություն»: Ցավում եմ, բայց դուք չմբռնեցիք «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» ստեղծագործության քաղաքական հետեւանքները՝ «ի հաճույքս» Ադրբեջանի, չհասկացաք ճիշտ այնպես, ինչպես մշակ.նախարար , մասնագիտությամբ կենսաբան(կեցցե նրան նշանակողը) Հասմիկ Պողոսյանը չհասկացավ իմ «Սիփանա քաջեր»-ի կատարման նշանակությունը «ի հաճույքս» թուրքերի: Պարոն քաղաքական գործիչ, «երբեմն» արվեստի մի գործ(ես համոզված եմ, որ գործս հաջողված է) ավելին արժե եւ կարող է անել ավելին, քան նույն թեմայով որոշ քաղաքագետների դատարկ ճառերը՝ դիցուկ, ի նկատի ունեմ Ցեղասպանության եւ Արցախի հարցում: Սրան գումարած իհարկե ձեզ համար «բան մը» չէր 1500 դոլլարը (չնայած կես անգամ ավելի է, իմ եւ տիկնոջս ստացած ծերության նպաստից), համոզված եմ, որ Դուբայներում ոչ այդպիսի դոլլարներ եք ծախսում(ես հասկանում եմ՝ ձեր փողերն են, ձեր իրավունքը),բայց...բայց ի՞նչը ստիպեց ձեզ մերժելու հայրենասիրական զգացմունքից դրդված իմ խնդրանքը: Անգամ չբարեհաճեցիք պատասխանել: Հասկանում եմ՝ «թանաքը վերջացել էր», սա Առնո Բաբաջանյանի խոսք մտքերից է... Արդ որպես տղամարդը՝ տղամարդուն(ոչ չունեւորը՝ ունեւորին)դիմում եմ,ասացեք խնդրեմ՝ ով փսփսած ձեր ականջին չֆինանսավորել հայրենանվեր ստեղծագործության կատարումը, որից հետո, համոզված եմ, Ադրբեջանում պիտի վայնասուն բարձրանար,( նրանք արձագանքել էին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված «Պոեմ-Էլեգիա»յիս առիթով) ճիշտ այնպես, ինչպես պիտի վայնասուն բարձրանար Թուրքիայում, եթե նույն քաղաքական հոտառությունից գլուխ հաներ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյա նն ու դիրիժոր Էդվարդ Թոփչյանը(«Սիփանա քաջեր»ի կատարումը նշանակված էր 15.06.07.ին, Թոփչյանը «ֆուկ» արեց, Հ.Պողոսյանը չպատասխանեց իմ մերկացնող բողոք նամակին) եւ ոչ միայն իրենք՝ կարող եմ մեծ ցուցակ ներկայացնել այն հայաստանյան քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչների (կործանիչների), որոնց դիմել եմ «Սիփանա քաջեր» ի բռնաբարման հարցով: Ցավոք, քաղաքական հոտառության մեջ նրանց «քթի ծակերը» նեղ դուրս եկան...
Այսպես էլ կառավարում են Հայաստանը... Եւ այսպես,պարոն Ծառուկյան՝ «Առաջադիմություն կպոռանք,ետ, ետ կվազենք»,«Լույս կպոռանք,դեպի խավարը կձգտենք»: Չէ,այս հանճարեղ խոսքերի հեղինակը ես չեմ, Հակոբ Պարոնյանն է, գրել է մեր, ձեր, պարոն Ծառուկյան, ձեր օրերի համար: Իսկ այ այս տողերը իմն են՝ Թուրքից Ցեղասպանության ճանաչում կպահանջեք, Ադրբեջանից էլ Արցախի անկախություն,սակայն ինքներդ կմերժեք ձեր հակահայ գործունեությամբ: Դուք միայն ասում եք...
Այս նամակը ուղարկում եմ Սփյուռքի եւ հայաստանյան հիսունից ավել թերթ կայքերին եւ հասարակական կազմակերպություններին, հույսով, որ գոնե «մեկ երկու» թերթերի համարձակ խմբագիրներ կգտնվեն, կտպագրեն, իսկ եթե ոչ՝ կեցցե ՖԲ-ը: Հենց տպագրեն, խոստանում եմ ուղարկել ձեզ, քանզի, ի տարբերություն որոշ կաշկանդված խմբագիրների, եւ եւս այլոց, ես ձեզանից վախ չունեմ, եւ ոչ թե դրա համար, որ հեռու եմ,այլ, որ ես, ՃԻՇՏ եմ:
Նուբար Ասլանյան,Հայաստանի(«կես դրույքով»)եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ: Հայֆա,Իսրայել : 13.02.12:
Հ.Գ. Մի խնդրանք՝ ձեզ, իմ նվիրածս Պարտիտուրը համոզված եմ, պետք չէ: Փոխանցեք խնդրում եմ Հանրային Գրադարան(եթե չեք նետել աղբարկղը):Նրանք սիրով կնդունեն: (Երուսաղեմի Գուլբենկիան գրադարանում է պահված իմ տասնհինգ հայրենասիրական բովանդակությամբ Պարտիտուրներ: Շատ գոհ են ու երախտապարտ,ի սկ Ավստրիայի Ազգային գրադարանում՝ «գրանցում է ստացել» «Սիփանա քաջեր»-ի պարտիտուրը՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ձեռագրի հետ): Կարծում եմ սերունդները, որոնք կայցելեն Հանրային Գրադարան, կտեսնեն ու կկարդան, որ Նուբար Ասլանյանը օլիգարխ,գործարար,բարերար,քաղաքական եւ հասարակական գործիչ Գագիկ Ծառուկյանին նվիրել է իր, «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ», այն էլ Իսրայելից նվիրված Պարտիտուրը եւ կմնաք պատմության մեջ, որի համար ձեզ կանխավ շնորհավորում եմ...
Նայեցեք այստեղ, հետաքրքիր է՝
|