Մի խումբ հայեր բողոքի ակցիա անցկացրին Թել Ավիվում Բելառուսի դեսպանատան դիմաց, պահանջելով ազատ արձակել բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով ձերբակալվել է Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանի պահանջով` Լեռնային Ղարաբաղ այցելելու մեղադրանքով։
Ինչպես orer.eu-ին հաղորդեցին բողոքի ակցիայի կազմակերպիչները, դեսպանատնից դուրս եկած հյուպատոսը զարմանք է հայտնել իրենց դեմ անցկացվող բողոքի կապակցությամբ ու հարցնել դրա պատճառը։ Անտեղյակ ձևացող պաշտոնյան արագ փակվել է դեսպանատանը` խուսափելով մոտեցող լրագրողներից։
Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Լապշինի նկատմամբ Բելառուսի դատարանն արդեն արտահանձնման որոշում է կայացրել։ Լապշինի փաստաբանները բողոքարկել են այդ վճիռը։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ ու իրավապաշտպաններ հրապարակային հայտարարություններ են արել ազատ խոսքի ու տեղաշարժի սահմանափակման անընդունելիության ու բլոգերին Բաքու արտահանձնելու հնարավորության դեմ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հետ քաղաքական նույն կառույցի` ԵՏՄ անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բոլորովին վերջերս Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևից Հեյդար Ալիևի անվան պատվո ոսկյա ծանրակշիռ լանջաշղթա ստանալիս խոստացավ արդարացնել այդ պարգևի ստացումը։