Հարգելի խմբավարներ:
Անցած տարվա վերջին «Իսրայելի Երաժշտական Կենտրոն»ում լույս տեսավ իմ,«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը նվիրված, քառաձայն երգչախմբի եւ դաշնամուրի համար հեղինակածս «Չենք լռելու»խմբերգը:
Ինչու եմ դիմում ձեզ.
Հայաստանում թողնելով իմ հիսուն տարվա անցած կյանք գործունեությունը, բնավ անտարբեր չեմ երկրում տիրող անցուդարձին:Դրա հաստատումն է հայաստանյան տասից ավելի թերթ կայքերում լույս տեսած իմ, տարբեր թեմաների շուրջ (մշակույթ, արվեստ, հասարակություն,քաղաքականություն...) մոտ վաթսուն հոդվածները:
Իմ օրը սկսվում է հայկական թերթեր ընթերցելուց եւ հեռուստատեսային հինգ ալիքների դիտումից: Անկեղծ լինեմ, հենց «երգում» են, անջատում եմ, անջատում եմ նաեւ բոլոր սերիալները: Կուղղվի, այսպես չի մնա, ցեխը կիջնի վար, մաքուր ջուրը կբարձրանա վեր, հայ ժողովուրդը ավելիին է արժանի...: Եւ հենց հայկական ԶԼՄ-ից իմացա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մասին:Մի շարք հոդվածների հանդիպեցի, թե ով է նրանց ֆինանսավորում՝ բանը հասել էր Կաթողիկոսին: Իսկ ինձ համար միեւնույն է թե ով, ինձ հետաքրքրում էր ,թե ինչով են զբաղված այդ նախաձեռնության հեղինակները: Կապվել եմ նրանց հետ, զրուցել: Անկեղծ ասած հրապուրվեցի: Վերջին հաշվով ՀՀ Նախագահը քանիցս ասել է,որ պետք է կանխել իրավախախտումները, պայքարել նրանց դեմ: Նույն հոգսերը հուզում է նաեւ «Չենք լռելու» նախաձեռնությանը, որի գործունեությունը ոգեւորեց ինձ ձոն նվիրելու նրանց եւ համոզված եմ,որ տեքստը (իմն է)եւ երաժշտությունը համաշունչ են նրանց կատարած աշխատանքներին:
Ահավասիք չորս շարք տեքստից՝
«Չենք լռելու, բավ է արդեն,
Չարն է ելել մեր դեմ,
Ելիր հերոս, դեմ տուր պատին,
Գող,ավազակին»:
Կարծում եմ տեքստիս մեջ «կրիմինալ» չկա, եւ համոզ ված եմ, այն համաշունչ է ճնշող մեծամասնության տրամաբանության, մտածողության եւ դիրքորոշման հետ, հանուն ազատ, անկախ, մաքուր,արդար Հայաստանի...:
Ինչու այսքան «մանրացա»: Խնդրանքով դիմում եւ կոչ եմ անում բոլորիդ, հարգելի խմբավարներ,կատարել եւ տարածել այս ստեղծագործությունը եւ Աստծո սիրույն, ոչ իմ հեղինակության համար (մտեք իմ կայքը եւ կտեսնեք քանի երկրներում են կատարել իմ ստեղծագործությունները, գովազդի պատճառ չունեմ),այլ ժողովրդին շունչ եւ հոգի ներարկելու: Չէ, խոսքերս բնավ նպատակ չունեն ապստամբության, ավելացնեմ, ոչ մի կուսակցության չեմ հարում՝ կան կուսակցություններ, որ ժխտում եմ, կան, որ ժխտում եմ ավելի շատ...
Նոտաները ստանալու համար խնդրեմ դիմեք այս հասցեյով mailto:noubar@012.net.il եւ կուղարկեմ ձեզ «Պի-դի-էֆ» ձեւաչափով: Կարող եք կապվել նաեւ «Չենք լռելու» նախաձեռնության հետ, ես նրանց արդեն նվիրել եմ լույս տեսած նոտաների երկու օրինակ: Սույն նամակը ուղարկում եմ Հայաստանի եւ Սփյուռքի քառասուն թերթ կայքերին եւ խնդրում տեղադրել այն իրենց էջերում:
Սա միայն ինձ համար չէ....
Հույսով եւ հավատով, ձեզ բարի երթ ցանկացող Նուբար Ասլանյան,
Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ,
|