Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում շաբաթ երեկոյան Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:
Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն: Ստորագրման արարողությունը բացեց Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը: Արարողությանը ներկա էին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Արձանագրությունները ստորագրվեցին 3,5 ժամ ուշացումով, ինչը կապված էր արարողությունից հետո արտգործնախարարների կողմից արվելիք հայտարարություններում որոշ ձեւակերպումների հետ: Արարողությանը, սակայն, որեւէ հայտարարություն չհետեւեց: Արձանագրությունները ներկայացվելու են երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:
Հրայր Թամրազյան, Ցյուրիխից
|