Հայաստան – Իսրայելի հանրային կապերի եւ սփյուռքի նախարար Յուլի Իոել Էդելշտեյնը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Երեւան, 24-ը օգոստոսի, 2012թ․
Հեղինակ ՝ Էլինա Չիլինգարյան
Իսրայելի սփյուռքի եւ ինֆորմացիայի նախարար Յուլի Իոել Էդելշտեյնը կարծիք է հայտնել, որ հայերի ու հրեաների միջեւ շատ ընդհանուր պատմական դրվագներ կան։
Էդելշտեյնը, ով Երեւանում էր Հայաստանի հրեական համայնքի գործունեության 20-ամյակի կապակցությամբ, առավոտյան այցելել էր Մեծ Եղեռնի եւ Հրեական հոլոքոստի հուշարձաններ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե հայերի ցեղասպանության ընդունման պահանջն ի՞նչ ազդեցություն է ունենում հայ-իսրայելական հարաբերությունների վրա, էդելշտեյնը պատասխանեց․ - «Իսրայելում մի քանի անգամ խորհրդարանական մակարդակով այս հարցը քննարկվել է։ Կնեսետի հանձնաժողովներում եղել են որոշումներ։ Ճիշտ եք, երբ ասում եք, որ պետական մակարդակով չկա օրենք, որը կընդուներ Հայոց ցեղասպանությունը, բայց քանի որ հայերի ու հրեաների միջեւ շատ ընդհանուր պատմական դրվագներ կան, Իսրայելում չեք գտնի որեւէ մեկին, ով կհերքեր հայերի ցեղասպանությունը, կասեր, թե դա հորինվածք է։ Մեր ժողովուրդների միջեւ այդ հարցում, ցավոք սրտի, շատ ընդհանրություններ ու փոխըմբռնման եզրեր կան»։
Անդրադառնալով իր այցին, Իսրայելի սփյուռքի եւ ինֆորմացիայի նախարարը նշեց, որ այն կապված է ոչ միայն Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակի հետ, այլեւ միտում ունի սերտացնել Հայաստան - Իսրայել երկկողմ հարաբերությունները։
Հայ-իսրայելական հարաբերությունները գնահատելով որպես «նորմալ գործնական հարաբերություններ», նախարարը, այդուհանդերձ, հավելեց․ - «Չէի ասի, թե ողջ պոտենցիալն օգտագործված է, որովհետեւ բիզնեսի եւ մյուս ոլորտներում համագործակցության եզրեր կան, բայց ես հույս ունեմ ու վստահ եմ, որ նման հանդիպումները կնպաստեն, որպեսզի մենք լավ, նորմալ հարաբերություններից կարողանանք ստեղծել ավելի խորը հարաբերություններ եւ օգտագործել ողջ պոտենցիալը»։
|