«Тьма, пришедшая со Средиземного моря, накрыла ненавидимый прокуратором город… Пропал Ершалаим – великий город, как будто не существовал на свете. Все пожрала тьма, напугавшая все живое в Ершалаиме и его окрестностях. Страшную тучу принесло со стороны моря к концу дня, четырнадцатого дня весеннего месяца нисана…»
М.А.Булгаков «Мастер и Маргарита».
1996թ. Իսրայելը տոնեց իր նորահռչակ մայրաքաղաքի երեք հազարամյակը, որը կարևոր պատմական իրադարձություն էր բոլոր հրեաների համար: Միևնույն ժամանակ, արաբական որոշ շրջանակներ տհաճությամբ ընդունեցին այդ իրողությունը, ինչպես որ ժամանակին դժգոհությամբ ընդունել էին Արևելյան Երուսաղեմի բռնազավթումը և Իսրայելի կողմից այն մայրաքաղաք հռչակելու փաստը: Հարցը կայանում է նրանում, որ արաբա-իսրայելական` դեռևս վերջնականորեն չկարգավորված հակամարտության ֆոնի վրա առանձնապես խիստ սրությամբ է դրված Երուսաղեմի կարգավիճակի հարցը: Չնայած կնքված բազմաթիվ համաձայնագրերին և պայմանագրերին (1993թ. կնքվեց Օսլո 1, 1995թ.` Օսլո 2, 1997թ.` Հեբրոնի, 1998թ.` Ուայ-Փլանթեյշնի պայմանագրերը, որոնցով պաղեստինցի արաբները ստացան որոշակի տարածքներ և ինքնավարություն Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի հատվածում)` Երուսաղեմի շուրջ հակամարտող կողմերը դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի: Իսկ դա խոսում է այն հանգամանքի օգտին, թե որքան կարևոր ու առանցքային տեղ է գրավում Երուսաղեմը արաբ և հրեա ժողովուրդների կյանքում և շուրջ 60 տարի տևող արաբա-իսրայելական հակամարտության մեջ, ընդ որում` կողմերից ոչ մեկը չի ուզում հրաժարվել քաղաքից: Երեք հազար տարի է անցել այն պահից, երբ Հուդայական անապատի ծայրամասում գտնվող Երուսաղեմ քաղաքը նվաճվեց հրեաների թագավոր Դավթի կողմից, որն այդ քաղաքը դարձրեց ոչ միայն իր թագավորության մայրաքաղաքը, այլև հոգևոր-մշակութային կենտրոնը: Այդ իրադարձությունը շրջադարձային հանդիսացավ քաղաքի պատմության համար, քաղաք, որը մինչ այդ ոչնչով առավել չէր ավելի հին ու ավելի հայտնի պաղեստինյան Մեգիդոն, Երիքով և Աշքելոն քաղաքներից: Դավթի որոշումը` Երուսաղեմ տեղափոխել հրեաների գլխավոր սուրբ մասունք հանդիսացող տապանը, որը հետագայում Սողոմոնի կառավարման տարիներին տեղադրվեց «սրբության սրբոց» հանդիսացող տաճարում, խիստ բարձրացրեց Երուսաղեմի նշանակությունը ոչ միայն հրեաների, այլ նաև ավելի ուշ` քրիստոնյաների և մուսուլմանների գիտակցության մեջ: Հենց այս քաղաքում, համաձայն երեք կրոնների գաղափարախոսության, տեղի են ունեցել համաշխարհային պատմության կարևորագույն իրադարձությունները: Դրա հետ մեկտեղ Երուսաղեմի հանդեպ տարբեր մշակույթներ կրող ժողովուրդների հետաքրքրությունները ճակատագրական կերպով են անդրադարձել քաղաքի պատմության վրա: Երուսաղեմը նվաճվել է ավելի քան 80 անգամ, հաճախ է ավերվել և վերականգնվել` երբեմն փոխելով իր արտաքին տեսքը: Երուսաղեմի պատմության դրամատիկ զարգացման լավագույն արտացոլում է հանդիսանում տարբեր ժամանակներում քաղաքին տրված տարբեր անվանումները (Եգիպտացիներն այն անվանել են Ռուշալիմում, հրեաները` Իրշալոմ (Խաղաղության քաղաք), հույները` Երոսոլիմա, հռոմեական կայսր Ադրիանոսը` Էլի Կապիտոլինա, արաբները` Մադինատ Բայտ ալ-Մակդիս (Տաճարի քաղաք) կամ Էլ-Կուդս (Սուրբ): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` 1917թ. դեկտեմբերի 11-ին, Պաղեստինյան ճակատում գտնվող անգլիական զորքերի հրամանատար գեներալ Ալեմբին մտավ Երուսաղեմ: Քաղաքի իշխանությունն անցավ անգլիական ռազմական ադմինիստրացիային: Քաղաքը կառավարելու առաջին իսկ օրերից անգլիացիները մի շարք քայլեր ձեռնարկեցին պատերազմից քայքայված Երուսաղեմում իրավիճակը կարգավորելու նպատակով: 1920թ. անգլիական կառավարությունը վերացրեց ռազմական կառավարումը քաղաքում և հաստատեց քաղաքացիական վարչակազմ` գերագույն կոմիսարի գլխավորությամբ: 1923թ. Ազգերի լիգան պաշտոնապես հաստատեց բրիտանական մանդատը Պաղեստինի վրա` ընդգծելով հրեական ազգային օջախի ստեղծման անհրաժեշտությունը: Անգլիացիները Երուսաղեմում ստեղծեցին քաղաքացիական և դատական հաստատությունների կանոնակարգված ցանց: 1924թ. առաջին անգամ ընտրվեց քաղաքային խորհուրդ, որի կազմի մեջ մտան չորսական ներկայացուցիչներ երեք կրոնական համայնքներից` հրեական, քրիստոնեական և մուսուլմանական: Քաղաքապետ նշանակվեց մուսուլմաններից, իսկ նրա տեղակալներ դարձան մեկ հրեա և արաբ քրիստոնյա: Իսկ քաղաքացիական աշխատակազմի ղեկավար նշանակվեց Երուսաղեմի նախկին ռազմական նահանգապետ` գնդապետ Ռոնալդ Սթորսը, որն ավելի շատ արաբամետ կողմնորոշում ուներ: Երուսաղեմի` Պաղեստինի մանդատային տարածքի վարչական կենտրոն դառնալը հանգեցրեց տեղի բնակչության շահերն արտահայտող երկու հիմնական խմբավորումների (արաբական և հրեական) միջև լարվածության ուժեղացմանը: Ներհամայնքային կրոնական հարցերի լուծման նպատակով անգլիացիները թույլատրեցին հրեաներին ստեղծել Գերագույն կրոնական խորհուրդ (Ռաբինատ), իսկ մուսուլմանները ստեղծեցին Գերագույն մուսուլմանական խորհուրդը: Որպես գործադիր օրգան Երուսաղեմում հրեաների ինքնակառավարման համար 1921թ. ստեղծվել էր Ազգային կոմիտեն (Վաադ Լեումմի), իսկ ավելի ուշ այստեղ հաստատվեցին սիոնիստական շարժման գլխավոր կազմակերպությունները` Հրեական գործակալության գործադիր կոմիտեն, Հրեական ազգային ֆոնդը: Միաժամանակ ուժեղանում էր Երուսաղեմի արաբական երկու հայտնի տոհմերի (Հուսեյինների և Նաշաշիների) ազդեցությունը Պաղեստինի արաբական բնակչության վրա: Այդ հանգամանքը հաշվի առնելով` 1921թ. գերագույն կոմիսարը Երուսաղեմի իսլամ կրոնապետի պաշտոնին նշանակեց Ամին ալ-Հուսեյնին, որը հաջորդ տարի ընտրվեց Գերագույն մուսուլմանական խորհրդի նախագահ: Այսպիսով, Երուսաղեմը դառնում է պաղեստինյան արաբների ազգային շարժման կենտրոն, և 1936թ. այստեղ ստեղծվում է Արաբական գերագույն կոմիտեն: Երուսաղեմի բնակչությունն արագորեն աճում էր, ավելանում էին նոր թաղամասեր, որոնք մեծամասամբ պահպանում էին կրոնա-համայնքային սկզբունքով կատարված աշխարհագրական բաժանումը (բրիտանական մանդատի շրջանում Երուսաղեմում կառուցվեցին 36 նոր թաղամասեր): Հրեական թաղամասերի նմանօրինակ ինտենսիվ աճը Երուսաղեմում չէր կարող չհարուցել արաբների դժգոհությունը, որն, ի վերջո, հանգեցրեց արաբների և հրեաների միջև զինված բախումների: 1928թ. սեպտեմբերին վեճ առաջացավ Երուսաղեմի Արևմտյան պատի («Լացի պատ») հետ կապված: Հրեաներն արգելափակոց տեղադրեցին աղոթք անող կանանց և տղամարդկանց միջև, որը հարուցեց Մուսուլմանական գերագույն խորհրդի խիստ դժգոհությունը: Լարվածությունն արագորեն վերաճեց զինված բախման` 1929թ. օգոստոսին հանգեցնելով բազմաթիվ զոհերի ինչպես արաբական, այնպես էլ հրեական բնակչության շրջանում: 1936թ. իրադրությունը Երուսաղեմում նորից լարվեց` կապված Գերմանիայից Պաղեստին հրեական մեծ ներգաղթի հետ: Մուսուլմանական գերագույն կոմիտեն, Ամին ալ-Հուսեյնի գլխավորությամբ, հայտարարեց հարկեր չվճարելու և համընդհանուր գործադուլ սկսելու մասին, ընդ որում այնքան ժամանակ, քանի դեռ չի կասեցվել հրեաների ներգաղթը: Պաղեստին ժամանած բրիտանական կառավարական հանձնաժողովը, Պիլի գլխավորությամբ, առաջարկեց Պաղեստինը բաժանել արաբական և հրեական պետությունների, իսկ Երուսաղեմում, Բեթղեհեմում և Նազարեթում հաստատել միջազգային վերահսկողություն կամ մանդատ: Հանձնաժողովն առաջարկեց Բալֆուրի հռչակագրի դրույթները չտարածել Երուսաղեմի վրա, և որ քաղաքի բնակիչներն իրենք ընտրեն իրենց քաղաքացիական պատկանելությունը: Սակայն 1938թ. նոյեմբերին բրիտանական կառավարությունն այս ծրագրի իրականացումը համարեց պրակտիկորեն անիրականանալի: Ամբողջ 1937-38թթ. ընթացքում Երուսաղեմում զինված բախումները շարունակվեցին: Անգլիական իշխանությունները, զինված բախումներին վերջ տալու նպատակով, ստիպված Արաբական գերագույն կոմիտեին հայտարարեցին օրենքից դուրս, պաշտոնազրկեցին այդ կազմակերպության նախագահ ալ-Հուսեյնին, ինչպես նաև Երուսաղեմի քաղաքագլուխ Խալիդիին` նրա փոխարեն քաղաքագլուխ նշանակելով հրեա Դանիել Օստերին: Սակայն 1939թ. սկսած Անգլիան փոխեց իր վերաբերմունքը արաբների հանդեպ: Բրիտանական կառավարությունը 1939թ. մայիսի 17-ին հրապարակեց հաշվետվություն Պաղեստինի վերաբերյալ (Սպիտակ գիրքը): Սպիտակ գիրքը, ըստ էության, չեղյալ էր հայտարարում բրիտանական կառավարության խոստումը հրեաներին` նպաստել Պաղեստինում հրեական ազգային օջախի ստեղծմանը: Միաժամանակ Սպիտակ Գիրքը նախատեսում էր դեպի Պաղեստին հրեական ներգաղթի սահմանափակում, հրեաների կողմից հողերի գնման սահմանափակում, և նույնիսկ անկախ Պաղեստինյան պետության ստեղծում տասը տարի անց: Հրեաները դիմեցին զանգվածային գործադուլների և սադրիչ գործողությունների (այդ ժամանակ Պաղեստինում գործում էին Հագանա, Էցել, Լեհի, Իրգուն Ցվեյ Լեումի հրեական զինված կազմակերպությունները): Սկսված երկրորդ համաշխարհային պատերազմը միառժամանակ թուլացրեց լարվածությունը Երուսաղեմում: Սակայն 1944թ. վերջին պարզ դարձավ, որ Անգլիան չի հրաժարվելու այն քաղաքական կուրսից, որ նախատեսված էր 1939թ. Սպիտակ գրքում: Երուսաղեմի կարգավիճակի հարցը մնում էր անհայտ: Այսպիսի պայմաններում հրեական զինված կազմակերպությունները սկսեցին ռազմական սադրիչ գործողություններ ձեռնարկել բրիտանական իշխանությունների դեմ (1946թ. հուլիսի 22-ին Էցելի գրոհայինները պայթեցրին «Դավիթ թագավոր» հյուրանոցը` սպանելով 82 մարդ): Բրիտանական իշխանությունները քաղաքի որոշ մասերում մտցրին արտակարգ դրություն: Այսպիսի պայմաններում բրիտանական իշխանությունները Երուսաղեմի, ինչպես նաև ողջ Պաղեստինի հարցը ստիպված էին տեղափոխել ՄԱԿ:
***
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի արտակարգ նստաշրջանում (1947թ. ապրիլի 28-ից մայիսի 15-ը), ստեղծվեց հատուկ հանձնաժողով Կանադայի, Չեխոսլովակիայի, Գվատեմալայի, Նիդեռլանդների, Պերուի, Շվեդիայի, Ուրուգվայի, Հարավսլավիայի, Հնդկաստանի, Իրանի, Ավստրալիայի ներկայացուցիչներից, որը պետք է ներկայացներ ծրագրեր պաղեստինյան հարցի, այդ թվում նաև Երուսաղեմի կարգավիճակի, լուծման վերաբերյալ: Հատուկ հանձնաժողովն ուղևորվեց Պաղեստին: Այս ընթացքում Պաղեստինյան հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովն առաջ քաշեց երկու ծրագիր: Առաջինը, որը կոչվում էր «Մեծամասնության ծրագիր» և առաջարկվել էր Կանադայի, Պերուի, Գվատեմալայի, Նիդեռլանդների, Չեխոսլովակիայի և Ուրուգվայի ներկայացուցիչների կողմից, նախատեսում էր Պաղեստինը տնտեսական միասնության պահպանման հիմքի վրա բաժանել արաբական և հրեական ինքնուրույն պետությունների` Երուսաղեմը թողնելով միջազգային հսկողության տակ: Երկրորդ ծրագիրը, որ առաջարկվել էր Հնդկաստանի, Իրանի և Հարավսլավիայի կողմից և կոչվում էր «Փոքրամասնության ծրագիր», նախատեսում էր ստեղծել միասնական պաղեստինյան պետություն` կազմված երկու ինքնավար մասերից` Երուսաղեմ մայրաքաղաքով: Այս նախագիծը պաշտպանում էին ԽՍՀՄ-ը և որոշ արաբական երկրներ: Այս առաջարկությունների ուսումնասիրության համար ստեղծվեց երկու ենթակոմիտե: Իր հերթին Անգլիան պարտավորվում էր ընդունել և ի կատար ածել ՄԱԿ-ի այն որոշումը, որը միաժամանակ կընդունեին և´ արաբները, և´ հրեաները: Քանի որ արաբները, վերջ ի վերջո, մերժեցին երկու ծրագրերն էլ, իսկ հրեաներն ընդունեցին առաջինը, Անգլիան, ըստ էության, պահպանում էր գործողությունների ազատություն: Վերջինիս ներկայացուցիչը հայտարարեց, որ Անգլիան իր զորքերը Պաղեստինից դուրս կբերի ամենաուշը մինչև 1948թ. օգոստոսի 1-ը: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2-րդ նստաշրջանում` 1947թ. սեպտեմբերի 16 - նոյեմբերի 29-ը, բախումն այս երկու ծրագրերի միջև ավելի ակնառու դարձավ: Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան իր առաջին (N181 (II) բանաձևը հրապարակում է 1947թ. նոյեմբերի 29-ին: Համաձայն այդ բանաձևի` Երուսաղեմը պետք է ստանար հատուկ միջազգային կարգավիճակ, այսպես կոչված Corpus separatum, լիներ միասնական և գտնվեր ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Անգլիական կառավարությունը հայտարարեց, որ դուրս է բերելու իր զինված ուժերը Պաղեստինից: Երուսաղեմում, որը շարունակում էր իրավաբանորեն մնալ Մեծ Բրիտանիայի իրավասության տակ, սկսվեցին զինված բախումներ: 1948-49թթ. արաբա-իսրայելական պատերազմը հարցականի տակ դրեց ՄԱԿ-ի կողմից Երուսաղեմին տրված կարգավիճակը: Հին քաղաքի հրեական թաղամասերը հայտնվեցին մեկուսացված վիճակում, իսկ Նոր քաղաքը բաժանվեց գոտիների, որոնք վերահսկվում էին կա´մ արաբների, կա´մ հրեաների կողմից: 1948թ. մայիսի 14-ին քաղաքը թողեցին վերջին բրիտանական զորքերը: Նույն օրը Արաբական լեգեոնը` կազմված սիրիական, լիբանանյան, իրաքյան, եգիպտական և հորդանանյան զինված ուժերից, շրջափակեց Երուսաղեմը արևելքից, հյուսիսից և հյուսիս-արևմուտքից: Այսպիսի պայմաններում, ՄԱԿ-ի միջնորդությամբ, 1948թ. հունիսի 11-ին կնքվեց զինադադար, ըստ որի` Արևելյան Երուսաղեմը հայտնվեց Հորդանանի, իսկ Արևմտյան Երուսաղեմը` Իսրայելի վերահսկողության տակ: ՄԱԿ-ում շարունակվում էին Երուսաղեմի կարգավիճակի շուրջ քննարկումները, և ՄԱԿ-ի միջնորդ Ֆոլկ Բեռնադոտը, անարդյունավետ համարելով Երուսաղեմի կարգավիճակը որպես Corpus separatum, առաջարկեց Երուսաղեմն ամբողջովին հանձնել Հորդանանին: Այդ առաջարկությունը խիստ բացասական արձագանք ունեցավ ՄԱԿ-ում, որը հակված էր պահպանել քաղաքի միջազգային կարգավիճակը: 1948թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց 194-րդ բանաձևը` կրկին հաստատելով Երուսաղեմի միջազգային կարգավիճակը: 1949թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան երրորդ անգամ ընդունեց բանաձև Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Քաղաքին դարձյալ տրվում էր միջազգային կարգավիճակ: Այդ նախագծին կողմ քվեարկեց 38, դեմ` 14, ձեռնպահ` 7 երկրներ: Այդ ընթացքում քաղաքի կարգավիճակի հարցի շուրջ քննարկումները և իրադարձությունների հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ և´ Իսրայելը, և´ Հորդանանը հրաժարվեցին ՄԱԿ-ի վերոհիշյալ բանաձևերի իրականացումից: Դեռ 1948թ. օգոստոսի 2-ին հրեական զորքերի հրամանատար Դավիթ Բեն Գուրյոնը հրապարակել էր N12 հռչակագիրը, ըստ որի` արևմտյան Երուսաղեմը հայտարարվում էր օկուպացված տարածք, որի վրա տարածվում էր Իսրայելի իրավասությունը: Իսկ 1948թ. դեկտեմբերի 13-ին Հորդանանի խորհրդարանը օրենք էր ընդունել Արևելյան Երուսաղեմի անեքսիայի մասին: ՄԱԿ-ի դեկտեմբերի 9-ին ընդունած բանաձևից երկու օր անց` դեկտեմբերի 11-ին, Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն Գուրյոնը հայտարարեց, որ Երուսաղեմը հանդիսանում է Իսրայելի անբաժան մասը և հավեժական մայրաքաղաքը և որ ՄԱԿ-ի ոչ մի բանաձև չի կարող փոխել այդ պատմական փաստը: Իսրայելի կառավարությունը որոշում ընդունեց Կնեսետը (խորհրդարանը) Արևմտյան Երուսաղեմ տեղափոխելու մասին: Իսրայելից հետո` 1950թ. ապրիլին, Հորդանանը Արևելյան Երուսաղեմը հռչակեց Հաշեմիթյան թագավորության երկրորդ մայրաքաղաք: 1950-1967թթ. ընթացքում Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ՄԱԿ-ը որևէ արմատական որոշում կամ բանաձև չընդունեց: Մինչդեռ քաղաքի տարածքն ընդարձակվում էր, իսկ բնակչության թիվը` աճում (Արևելյան Երուսաղեմի հյուսիսային մասում առաջացավ նոր արաբական շրջան, իսկ Արևմտյան Երուսաղեմի հարավ-արևմուտքում առաջացան 10 նոր հրեական թաղամասեր): Երուսաղեմի կարգավիճակի հարցը նորից քննարկման առարկա դարձավ 1967թ. արաբա-իսրայելական պատերազմից հետո (հինգ օրվա ընթացքում Իսրայելը գրավեց Գազան, Սինայի թերակղզին, Գոլանները, Հորդանան գետի արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը): Այժմ ամբողջ Երուսաղեմը գտնվում էր Իսրայելի վերահսկողության տակ: Corpus separatum կարգավիճակի փոխարեն ԱՄՆ-ը ՄԱԿ-ում Երուսաղեմի կարգավիճակի հարցը քննարկելիս առաջարկեց որպես հիմք ընդունել այն, որ քաղաքը պետք է լինի միասնական և նրա հետագա կարգավիճակը պետք է որոշվի հակամարտող կողմերի առաջարկություններից ելնելով: Միաժամանակ ՄԱԿ-ն առաջարկեց կողմերին խուսափել միակողմանի քայլերից` քաղաքի կարգավիճակը որոշելիս: Սակայն Իսրայելն արդեն 1967թ. հունիսի 28-ին փոխեց Երուսաղեմի սահմանները` ի հաշիվ արվարձանային հրեական բնակավայրերի: Քաղաքի տարածքը երկու անգամ մեծացավ, իսկ բնակչության մեջ մոտ երեք անգամ գերակշռեցին հրեաները: Քաղաքը փաստացիորեն դարձավ միասնական: 1980թ. հուլիսի 30-ին Իսրայելը պաշտոնապես անեքսիայի ենթարկեց ամբողջ Երուսաղեմը` քաղաքը հայտարարելով Իսրայելի միակ և անբաժանելի մայրաքաղաքը: *** Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հետագա քննարկումներն արդեն կատարվում էին արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման ընդհանուր ֆոնի վրա: Ընդ որում` Երուսաղեմի կարգավիճակը քննարկելիս ավելի շատ խոսվում էր Արևելյան Երուսաղեմի և ոչ թե ամբողջ Երուսաղեմի մասին: 1993թ. կնքված Օսլո 1, 1995թ. Օսլո 2, և 1998թ. Ուայ-Փլանթեյշնի համաձայնագրերում Երուսաղեմի հարցը դիտվում էր սոսկ որպես խնդիր, որը պետք է քննարկվի արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման վերջնական փուլում: Ընդ որում` նման մոտեցումը չէր արգելում Իսրայելին շարունակել հրեական նոր թաղամասերի կառուցումը Արևելյան Երուսաղեմում: Իսկ այդ հանգամանքը լարվածության լուրջ աղբյուր է, քանզի լուրջ փոփոխության է ենթարկվում դեմոգրաֆիական իրավիճակը` հօգուտ հրեաների: Իսրայելա-պաղեստինյան հետագա բանակցությունները և միջնորդությունները ցույց տվեցին, որ, իրոք, հակամարտող կողմերի համար ամենադժվարը Երուսաղեմի կարգավիճակի հարցն է: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը 2000թ. հուլիսի 11-14-ը Քեմփ Դևիդում հանդես եկավ Իսրայելի և ՊԱԿ-ի միջև վերջնական պայմանագիր կնքելու շուրջ առաջարկություններով: Քեմփ Դևիդում Երուսաղեմի կարգավիճակի շուրջ քննարկումներ սկսելու ժամանակ կողմերը տարաձայնություններ ունեցան այն խնդրի շուրջ` համարվո՞ւմ են արդյոք Երուսաղեմին շրջապատող արվարձանները և շրջանը արևմտյան ափի մասը, թե՞ ոչ: Այդ տարածքը կազմում է արևմտյան ափի 7%-ը, և պաղեստինցիները, բնականաբար, պնդեցին, որ այդ տարածքները համարվեն արևմտյան ափի անբաժան մասը: Քլինթոնն առաջարկեց Պաղեստինյան Ինքնավարությանը հանձնել սկզբում արևմտյան ափի 73%-ը (առանց վերոհիշյալ 7 տոկոսի), իսկ հետագա 10-25 տարվա ընթացքում մինչև 94%-ը (առանց Արևելյան Երուսաղեմի): Բանակցող կողմերը կտրուկ մերժեցին Քլինթոնի առաջարկությունները, և բանակցություններն ավարտվեցին անարդյունք: Բիլ Քլինթոնը, որը ցանկանում էր մինչև իր նախագահության ժամկետի ավարտը հասնել իսրայելա-պաղեստինյան համաձայնագրի կնքմանը, 2000թ. դեկտեմբերի 24-ին հանդես եկավ նոր առաջարկությամբ` Արևելյան Երուսաղեմը բաժանել մուսուլմանական, հայկական կամ քրիստոնեական և հրեական մասերի: Պատահական չէր, որ Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով փորձում էր աջակցություն գտնել հայկական կողմից և բանակցություններում ամրապնդել իր դիրքերը (Քոչարյան-Արաֆաթ հանդիպումը Նյու Յորքում և այլ քայլեր պաղեստինցիների կողմից): Պաղեստինցիները ստանալու էին արաբական թաղամասերը, ներառյալ Հարամ-աս-Շարիֆը, Արևելյան Երուսաղեմի 25%-ը, և Արևելյան Երուսաղեմի արաբական արվարձանները: Իսրայելը պահելու էր հայկական և հրեական թաղամասերը և Արևելյան Երուսաղեմի հրեական արվարձանները, ներառյալ Արևմտյան պատը: (Այստեղ բաց էր մնում հաղորդակցության հարցը): Ինչպես սպասվում էր, մերժվեցին նաև այս առաջարկությունները: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Երուսաղեմի կարգավիճակի հարցը ՄԱԿ-ի կողմից գրեթե դադարում է քննարկման առարկա լինելուց: Վերջին տասնամյակներում ՄԱԿ-ը Երուսաղեմի կարգավիճակի հարցը քննարկելիս` սահմանափակվում է սոսկ բանաձևերի ընդունումով, որոնք պարզապես կոչ են անում Իսրայելին դադարեցնել Արևելյան Երուսաղեմում հրեական նոր թաղամասերի շինարարությունը և չեն անդրադառնում քաղաքի կարգավիճակի կամ պատկանելության հարցին: Մեր կարծիքով, Երուսաղեմի կարգավիճակի հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել հետևյալ երեք հայտնի իրողությունները` 1. Երուսաղեմի փաստացի դրությունը. այն է. քաղաքի` ամբողջովին Իսրայելի վերահսկողության տակ գտնվելը: 2. Արաբների պահանջները: Պաղեստինցիները ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել Արևելյան Երուսաղեմից, որը համարում են ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք: 3. ՄԱԿ-ի բանաձևերը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ, որոնք իրավաբանորեն հաստատում են քաղաքի միջազգային կարգավիճակը: Ինչպես տեսնում ենք, վերոհիշյալ երեք դրույթները գրեթե ամբողջովին հակասում են միմյանց: Այդ առումով, մեր կարծիքով, Երուսաղեմի կարգավիճակի որոշման հարցում լավագույն տարբերակ կարող է լինել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի նախագիծը: Կարծում ենք` Երուսաղեմի կարգավիճակի վերջնական որոշումը կնպաստի նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջնական կարգավորմանը: Երուսաղեմի կարգավիճակը, որպես մայրաքաղաք և միևնույն ժամանակ երեք կրոնների հոգևոր կենտրոն, բազմազգ բնակչությունը, անցյալ դարերի պատմական և ճարտարապետական կոթողների առկայությունը, իրենց հետքն են թողել քաղաքի ժամանակակից տեսքի վրա: Հինավուրց սրբավայրերը և հնագիտական արգելոցներն այստեղ «հարևանություն» են անում ժամանակակից ամենահամարձակ ճարտարապետական կառույցների հետ: Բազմադարյա հասարակական ինստիտուտները, որոնք գործում են սովորույթի և ավանդույթի հիման վրա, գոյատևում են ժամանակակից զարգացած պետության քաղաքական ինստիտուտների հետ, իսկ հոգևոր դպրոցների կողքին գործում են ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներ: Դեռևս միջնադարից գոյություն ունեցող արևելյան շուկաները հաջողությամբ մրցակցում են առևտրի խոշորագույն կենտրոնների հետ, իսկ հին արհեստանոցները շարունակում են թողարկել իրենց ապրանքները` չնայած գոյություն ունեցող զարգացած և ժամանակակից արդյունաբերությանը: Ըստ այսմ` Երուսաղեմի զարգացումը ոչ միայն չի բերում այդ բազմազան ձևերի միասնականության, այլև ընդհակառակը, քաղաքի կյանքին տալիս է ավելի բազմազանություն և դինամիզմ: Ներկայումս քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմում են հրեաները: Միավորված Երուսաղեմը դարձավ աշխարհով մեկ սփռված հրեա գաղթականների վերադարձի կենտրոն: Հայրենադարձների ամենամեծ էթնիկական խմբերը հանդիսանում են Մարոկոյի, Իրաքի, ԱՊՀ երկրների, Իրանի, Լեհաստանի, Ռումինիայի, Ամերիկայի հրեաների ժառանգները: Քաղաքի բնակչության մեջ զգալի տոկոս են կազմում (մոտ 30 տոկոս) ուլտրաօրթոդոքս հրեաները: Ձգտելով խանգարել ժամանակակից մշակույթի և քաղաքակրթության ներթափանցումը հրեաների կենցաղ` ուլտրաօրթոդոքսները փորձում են նվազագույնի հասցնել արտաքին աշխարհի հետ շփումը, իսկ կրթության և կրոնի հարցերում նրանք գործնականորեն ոչ մի կախում չունեն պետական կառույցներից: Ուլտրաօրթոդոքս հրեաները բնակվում են քաղաքի Մեա-Շեարիմ և Բեթ-Իսրայել թաղամասերում: Սակայն դեմոգրաֆիական աճը ստիպեց ուլտրաօրթոդոքսներին իրենց համար նոր թաղամասեր կառուցել քաղաքի արվարձաններում` Ռամատ-Պոլին, Կիրյատ-Ցանզ, Կիրյատ-Բելց, Հար-Հոֆ և այլն: Քաղաքի ուլտրաօրթոդոքս և աշխարհիկ բնակչության մեջ գոյություն ունի որոշակի լարվածություն, որը երբեմն հանգեցնում է բախումների: Հատկապես ցավոտ հարց է շաբաթ և տոնական օրերին տրանսպորտային երթևեկությունը, երբ հասարակական տրանսպորտը չի աշխատում և ուլտրաօրթոդոքսների թաղամասերի փողոցները փակվում են, սակայն այդ թաղամասերի մոտակայքով անցնող քաղաքի մի շարք հիմնական պողոտաներ շարունակում են գործել: Հենց այնտեղ էլ տեղի են ունենում բախումները: Լարվածություն է առաջացնում նաև աշխարհիկ կյանքի մի շարք հարցեր, օրինակ` ջրավազանների, բարերի, դիսկոտեկների կառուցումը: Թվաքանակով Երուսաղեմի բնակչության մեջ երկրորդ տեղը զբաղեցնում են արաբները` մոտ 27 տոկոս: Չնայած այն հանգամանքին, որ իրենք համարվում են Իսրայելի լիիրավ քաղաքացիներ` արաբները չեն հաշտվում քաղաքի միավորման հետ, ուստի և արաբական բնակչությունը, որը կենտրոնացված է հիմնականում քաղաքի արևելյան մասում, ձգտում է պահպանել իր անկախությունը պետական կառույցներից ինչպես հոգևոր, այնպես էլ քաղաքական իմաստով: Այդ նպատակի համար Երուսաղեմի միավորումից անմիջապես հետո ստեղծվեց Մուսուլմանական գերագույն խորհուրդը, որը պետք է փոխարիներ հորդանանյան կառավարությանը: Այդ մարմինը երբեք չի ճանաչվել Իսրայելի կողմից, սակայն մինչ օրս այն ղեկավարում է մուսուլմանական կրոնական դատարանների համակարգը և կախում չունի Իսրայելի կրոնի նախարարությունից: Իր գործունեության մեջ Մուսուլմանական գերագույն խորհուրդը առաջնորդվում է Հորդանանի օրենսդրությամբ և ֆինանսական աջակցություն է ստանում Հորդանանի իշխանություններից:
***
Երուսաղեմի կարգավիճակի հարցը կենսական նշանակություն ունի նաև հայերի համար, քանզի Սուրբ քաղաքը հազարավոր թելերով կապված է մեր ժողովրդի հոգևոր-մշակութային պատմության հետ: Հայկական համայնքը Երուսաղեմում գոյություն է ունեցել վաղնջական շրջանից և ուղղակի հիշատակություններ կան, որ այստեղ հայերը բնակվել են դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից: Բազմաթիվ հայ ուխտավորներ, 4-րդ դ. վերջերից սկսած, գնում էին Երուսաղեմ: Հայաստանի նախարարական տները և եպիսկոպոսական աթոռներն իրենց թեմի ուխտավորներին օթևանով ապահովելու համար Երուսաղեմում կառուցում էին բազմաթիվ վանքեր, որոնց թիվը 6-րդ դ. հասնում էր 70-ի: Հետաքրքրական է, որ այդ հայկական վանքերից շատերը կոչվում էին այն նախարարական տների անունով, ում կողմից կառուցվել և պահպանվում էին, ինչպես օրինակ` Մամիկոնեից վանք, Սյունյաց վանք, Կամսարականաց վանք, Արշակունյաց վանք և այլն: Հայկական այդ վանքերը իրենց առաջնորդներով և վանականներով մինչև 6-րդ դ. կեսը գտնվում էին Երուսաղեմի պատրիարքի իշխանու¬թյան տակ, ինչպես ընդունված էր այն ժամանակ Ընդհանրական եկեղեցու նվիրապետական կարգով: Ըստ Եզ. քահանա Պետրոսյանի` 626թ., որը վկայակոչում է Զեքի ալ-Դին արաբական պատմիչին, Երուսաղեմի հայոց պատրիարք Աբրահամը գնացել է Մուհամեդի մոտ և մի հավատարմագիր է ձեռք բերել Երուսաղեմի Հայոց եկեղեցու անձեռնմխելիության մասին: Հրովարտակում ասված է. «Ես` Մուհամեդ, որդի Աբդուլահի, մարգարե և առաքյալ Աստծո, Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմ ու Դամասկոս ու Արաբիո մյուս սահմանները գտնվող հայոց եպիսկոպոսներին ու վարդապետներին և իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն, Երուսաղեմում բնակվող եթովպացիներին, ղպտիներին ու ասորիներին, շնորհեցի իրենց բոլոր վանքերը, եկեղեցիները, դպրոցները, կալվածքները ու արտերը: Ես` Աստծո առաքյալ, վկայությամբ Աստծո, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր ու կին մարդկանց խղճի վկայությամբ խոստացա և տվի Երուսաղեմ գտնվող եկեղեցիները` Սբ. Հարության տաճարը և Սբ. Հակոբ կոչված մեծ եկեղեցին, որ Սբ. քաղաքի հարավակողմի դիմաց է և Սիոնի վանքի մոտ, տվի նաև Ձիթենիի վանքը և Քրիստոսի բանտի վանքը, Բեթղեհեմի եկեղեցին և Սբ. Հովհաննեսի ու Սամարիայի մատուռները և Սբ. Հարություն տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան, վերնահարկով ու ներքնահարկով և Քրիստոսի գերեզմանը, ուր լույս է վառվում, ու կրոնական բոլոր ուխտատեղիները, լեռներն ու ձորերը, կալվածքներն ու ստացվածքները նրանց տվի` Աստծո և Աստծո առաքյալի ու բոլոր մուսլիմ հավատացյալների վկայությամբ»: Օմար խալիֆը 636թ. նաև մի հավատարմագիր է տալիս Երուսաղեմի հայոց պատրիարք «Եզեկիելի որդի Գրիգոր Ուրֆայեցուն»: Այս հավատարմագիրը հիշատակում է նաև Սալահ էդ-Դինը` 1187թ. Երուսաղեմի հայոց եկեղեցուն տված իր հավատարմագրի մեջ: Երուսաղեմի հայկական համայնքին տրված արաբական արտոնագրերը ունեն «Ալի-Մանշուր» ընդհանուր անունը, որը թարգմանաբար նշանակում է հրովարտակ: Մուհամեդի կողմից տրված փաստաթղթի բնագիրը չի պահպանվել, որը թերևս կարող էր կասկածի տակ դնել այդ արտոնագրի գոյություն ունենալու հարցը, եթե Երուսաղեմի պատրիարքարանում պահպանված չլիներ այդ արտոնագրի պատճենը, որտեղ կան երեսուն հոգու, այդ թվում նաև Օմարի (ապագա խալիֆի) ստորագրությունները: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ փաստաթղթի վրա չկա որևէ թվական տվյալ, ինչն ընդհանրապես բնորոշ է արաբներին վերաբերող այն փաստաթղթերին, որոնք կազմվել են Հիջրայի կամ մահմեդական թվագրությունից առաջ: Սակայն Լեոն այս արտոնագրերը համարում է կեղծ և ավելի ուշ ստեղծված, որոնք ուղղված են եղել թեթևացնելու մուսուլմանական լծի տակ գտնվող քրիստոնյա համայնքների վիճակը: Լեոն գտնում է, որ Մուհամեդը երբեք չի պատերազմել Արաբական թերակղզուց դուրս և առնչություն չունենալով հայերի հետ` նրանց չէր կարող նման փաստաթուղթ տալ: Այս կարծիքին կարելի է համաձայնել մասամբ: Թերևս կարելի է ընդունել այն տեսակետը, որ Մուհամեդը հավատարմագիր չի տվել Երուսաղեմի հայկական համայնքին, սակայն Օմար խալիֆը, որը նվաճել է Երուսաղեմը, կարող էր այդպիսի հավատարմագիր տալ Երուսաղեմի հայոց պատրիարքին: Ավելի հավանական է, որ Օմարը, չուզենալով այդ հարցում լինել առաջինը, վկայակոչել է Մուհամեդին, ինչը այդ ժամանակաշրջանին շատ բնորոշ է, թեկուզ այն պատճառով, որ սկզբնական շրջանում իսլամի հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է եղել զուտ Մուհամեդի անձով: 1187թ., երբ Սալահ էդ-Դինը մտավ Երուսաղեմ, այնտեղ կային մոտ հազար հայկական ընտանիք և հինգ հարյուր հայ եկեղեցականներ: 7-13-րդ դդ. ընթացքում մեզ են հասել Երուսաղեմի 21 եպիսկոպոսների անուններ: Համաձայն որոշ կարծիքների, Սսի աթոռի հետ Երուսաղեմի Հայկական եկեղեցու ունեցած խզումից հետո են միայն Երուսաղեմի եպիսկոպոսները պաշտոնապես դառնում պատրիարքներ: Այս տեսակետի հետ, թերևս, կարելի է չհամաձայնել, քանի որ Երուսաղեմի հայոց պատրիարքների նվիրապետական աստիճանը եղել է արքեպիսկոպոսությունը, իսկ պատրիարք կոչումն ավելի շատ կրել է վարչական բնույթ` ելնելով քրիստոնեության մեջ քաղաքի ունեցած նշանակությունից: Հօգուտ այս տեսակետի է խոսում 1179թ. Հռոմկլայի եկեղեցական ժողովի արձանագրությունը, որի տակ հայոց կաթողիկոս Գրիգորիսից, Աղվանքի Ստեփանոս կաթողիկոսից, Անիի Բասիլիոս և Անտիոքի Գրիգոր արքեպիսկոպոսներից հետո ստորագրել է նաև Երուսաղեմի հայոց Սահակ արքեպիսկոպոսը: Օսմանյան տիրապետության շրջանում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան նաև հայկական համայնքի դիրքերի ամրապնդման հարցում: Օգտագործելով իրենց կապերը թուրքական իշխանությունների հետ` հայերն ամրապնդեցին համայնքի կարգավիճակը և հենց այդ ժամանակից վերջնականապես ձևավորվում է Երուսաղեմի Հայկական թաղամասը: Հետաքրքիր տեղեկություններ կան խաչակիրների շրջանում Երուսաղեմում իշխած հայազգի թագուհիների մասին: Ծագումով հայ մի քանի թագուհիներ է ունեցել Սուրբ քաղաքը և նրանցից մեկը` Մելիսանտը, դասվել է մեծ թագուհիների շարքը: Մելիսանտը եղել է Մալաթիայի հայ իշխան Գաբրիելի թոռը` մոր կողմից: Հայրը` Երուսաղեմի թագավոր Բալդուին II-ը (1118-1131թթ), մշտապես զբաղված լինելով պատերազմներով, շատ է բացակայել և դուստրերի դաստիարակությամբ զբաղվել է մայրը` Մորֆիյան: 1129թ. Մելիսանտը դառնում է Երուսաղեմի ապագա թագավոր, ֆրանսիացի իշխան Ֆուլքեր Անժուացու կինը: Պատմաբան Գիյոմ Տյուրենացու վկայությամբ, թագավորը ղեկավարում էր երկիրը` համաձայն կնոջ հորդորների, խորհուրդների և ցանկությունների և նույնիսկ ամենապարզ ընդունելությունը չէր կայացնում առանց կնոջ ներկայության: Սկսած 1143թ.` Անժուացու մահից հետո, մինչև 1155թ. Մելիսանտը միայնակ ղեկավարել է Երուսաղեմի թագավորությունը: Երուսաղեմի լատինական արքունիքում եղել են նաև բազմաթիվ հայ իշխաններ և նրանցից մի քանիսը նույնիսկ դարձել են Երուսաղեմի թագավորներ: Իսկ խաչակիրների բանակներում ծառայել են զգալի թվով հայ զորականներ: Հետաքրքիր տեղեկություններ կան նաև այս շրջանի Երուսաղեմի հայկական թաղամասերի մասին, որոնցից մեկը կոչվել է «Ruga Armenorum», գոյատևել է մինչև 1222թ.: Ներկայումս հայկական թաղամասը զբաղեցնում է Հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը, որն ունի մոտ 150.000մ2 տարածք` երկու հազարից ավել բնակչությամբ, որի մեծ մասը ցայսօր չունի Իսրայելի քաղաքացիություն: Կապված քաղաքի կարգավիճակի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման հետ, այսօր հայկական համայնքը հայտնվել է ոչ շահեկան վիճակում: Հայկական պատրիարքարանին դարեր շարունակ պատկանում է Փրկչի գերեզմանի պահապանի պատվավոր դերը: Բացի այդ, Սբ. Հակոբի մենաստանի միաբանությունը մեծ հեղինակություն ունի ոչ միայն Երուսաղեմում, այլև ամբողջ քրիստոնեական աշխարհում: Երուսաղեմի հայոց պատրիարքության հողերի բռնագրավումն Իսրայելում բնակվող հայազգի բնակչության նկատմամբ ճնշում գործադրելու առաջին փորձը չէ: Իսրայելի իշխանությունները հնարավորության դեպքում խոչընդոտել են պատրիարքարանի կամ հայկական թաղամասի տարածքում վերանորոգումների և նոր շինությունների կառուցմանը: Նպատակն ակնհայտ է` ստիպել հայերին վաճառել իրենց պատկանող տարածքները: Այդ քաղաքականության հետևանքով կմեծանա Հին Երուսաղեմի հրեական թաղամասը և կապահովվի այդտեղ բնակվող հրեաների անվտանգությունը: Իսրայելական իշխանությունները հմտորեն խաղում են ներքրիստոնեական (հույն օրթոդոքսների և հայերի) հակասությունների վրա և Երուսաղեմի թնջուկի լուծման ճանապարհին այս կրոնական համայնքների հակամարտությունը դարձնում են տակտիկական և ստրատեգիական խնդիրների լուծման միջոց: Արդյոք հակամարտող կողմերը (հրեաներն ու արաբները), համաշխարհային հանրությունը և Երուսաղեմի բազմազգ ու բազմակրոն հասարակությունը պատրաստ կլինի՞ գալ որոշակի փոխզիջումային տարբերակի Երուսաղեմի կարգավիճակի շուրջ, թե՞ Սուրբ քաղաքը նորից կդառնա աշխարհաքաղաքական նոր բախումների թատերաբեմ, դժվար է գուշակել: Մի բան սակայն պարզ է, որ այս թնջուկի քանդմանն անպայման իր մասնակցությունը տարբեր մակարդակներով պետք է բերի նաև հայկական կողմը: Համոզված ենք, որ հայկական կողմին որպես լիիրավ խաղացող ճանաչելու համար անհրաժեշտ է Սփյուռքի և ՀՀ դիվանագիտական կորպուսի մեթոդական ու անընդհատ աշխատանք այս ուղղությամբ, որը բխում է հայ ժողովրդի և հայոց պետության աշխարհքաղաքական շահերից: