Լուսանկարում՝ արաբ ահաբեկչի մեքենան մայթի վրա(Երուսաղեմ, 22.10.14թ. հեղինակ Ի. Սինդել)
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց Սուրբ քաղաքը: Արևելյան Երուսաղեմի 21-ամյա բնակիչ Աբդ առ-Ռահման Շալուդին իր անձնական օգտագործման մեքենայով մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել Երուսաղեմի տրամվայի կանգառում կանգնած մարդկանց խմբին, որի արդյունքում 7 մարդ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ մեկ՝ երեք ամսեկան երեխա, Խայա Զիսել Բրաունը ստացված ծանր վնասվածքներից մահացել էր «Հադասա Հառ Հացոֆիմ հիվանդանոցում:
Իսրայելի «Ռեշետ Բետ» ռադիոակայանի հաղորդմամբ արաբ ահաբեկիչը էլեկտրական սյունին հարվածելուց հետո դուրս էր եկել մեքենայից ու սկսել էր փախչել դեպքի վայրից: Ոստիկաններից մեկն, որն ականատես էր եղել կատարվածին, կրակ էր բացել ահաբեկչի ուղղությամբ՝ ծանր վիրավորելով նրան, որի պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց ու մի քանի ժամ անց մահացել: Ահաբեկչությունից հետո պարզ էր դարձել, որ Շալուդին կապ էր ունեցել «Համաս» խմբավորման հետ և անցյալում ձերբակալվել էր հրեա ոստիկանության կողմից՝ անկարգություններին մասնակցելու համար:
Դեպքից և առաջ և հետո անկարգություններն Երուսաղեմում շարունակվում են: Հին քաղաքի արաբական թաղամասում հազարավոր արաբներ ցույցերի են մասնակցում՝ հրեա սահմանապահ զորքերի ու ոստիկանության վրա «մոլոտովի» կոկտեյլներ, քարեր, պայթուցիկներ ու փայտեր նետելով: Այս ամբողջը տեղի է ունենում հայկական թաղամասից ոչ հեռու, քանզի արաբական ու հայկական թաղամասերը հարևանությամբ են գտնվում ու մի մասից մյուսն անարգել կարելի է անցնել:
Հայերն ավանդաբար չեզոք են ու չեն խառնվում արաբա-իսրայելյան հակամարտությանը, չնայած նախկինում եղել են փորձեր՝ հայերին էլ այս հակամարտության մեջ ներքաշելու հետ կապված: ՌԱԿ-ի գլխավոր վարչության անդամ, Երուսաղեմի մասնաճյուղի քարտուղար Սարո Նակաշյանն առավել քան վստահ է, որ այս հակամարտությունները մերը չեն ու Երուսաղեմահայերը միշտ էլ մնալու են չեզոք:
- Ճիշտ է երբեմն հայկական թաղամասում էլ լսվում են պայթուցիկների պայթյունների ձայները, բայց մեր թաղամասում իրավիճակը հանգիստ է ու կայուն, մենք չեզոք ենք,- ամփոփեց կուսակցականը: Նրա համոզմամբ պետք է առավել ուշադրություն դարձնել համայնքային հիմնախնդիրներին ու ամրացնել կապերը Մայր Հայրենիքի հետ: Արդեն հինգ անգամ որպես Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչ մասնակցել էր Հայաստան-Սփյուռք համաժողովներին ու այս տարիների ընթացքում ամուր կապեր են ստեղծվել սփյուռքի հայկական տասնյակ գաղթօջախների հետ: Համահայկական համաժողովներն նրա համոզմամբ օգնում են ավելի սերտացնել կապերն օրինակ Արևելյան Եվրոպայի երկրների նորաստեղծ հայկական համայնքների հետ, որոնք կարող են լուծել հիմնախնդիրներն՝ օգտը-վելով հարյուրամյա պատմություն ունեցող համայնքների կուտակած փորձից: Մեր պարագայում կուտակած փորձն շատ ավելին է, քանզի այս համայնքը մոտ 2000-ամյա պատմություն ունի և կարող է կիսվել իր հարուստ փորձով:
|