FrontPage Magazine. Հայաստանը Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ չի տվել իրեն վախեցնել
[ ]
31.07.2012, 03:40
NEWS.am –ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Սթիվեն Բրաունի` «FrontPage Magazine»-ում հրապարակված հոդվածը. Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի` Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու վերջին ջանքերը կրկին պատին բախվեցին:Իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործիչների կոչերը կրկին լսելի չէին Անկարայում: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը պնդում է, որ մինչ քննարկումը երեք չլուծված հարց պետք է կարգավորվի:Առաջին պայմանը վերաբերում է «Մավի Մարմարայի» միջադեպի համար Իսրայելի կողմից ներողություն խնդրելուն, վերջինս սակայն մշտապես հայտարարել է, թե չի պատրաստվում ներողություն խնդրել Գազայի օրինական շրջափակման պահպանությունն ապահովելու համար: Թուրքիայի պահանջներից մեկն էլ այն է, որ Իսրայելը չեղյալ համարի Գազայի հատվածի օրինական շրջափակումը, ինչը իրականում ցույց է տալիս նրա երեսպաշտությունը: Իսրայելի շրջափակումից խոսող Թուրքիան 1993 թ-ից շրջափակման մեջ է պահում Հայաստանը` փակելով սահմանը եւ հրաժարվելով բացել այն, ինչը լրջորեն խոչընդոտում է քրիստոնեական փոքրիկ երկրի տնտեսության զարգացմանը:Սահմանի փակման պատճառը Ադրբեջանի եւ մեծ մասամբ հայերով բնակեցված, Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար անկլավի` Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմն էր: ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին Լեռնային Ղարաբաղի հայերը ցանկություն էին հայտնել միանալ Հայաստանին` այդպիսով շտկելով պատմական սխալը, քանի որ նախկին խորհրդային բռնապետը 95 տոկոս հայերով բնակեցված տարածքը 1921 թ-ին որոշել էր հանձնել Ադրբեջանին` յոթ տասնամյակ անց պատերազմի պայմաններ ստեղծելով: 1994թ-ին Լեռնային Ղաաբաղի հայերին հաջողվեց ոչ միայն ազատագրել գրեթե ողջ տարածքը ադրբեջանական վերահսկողությունից, այլեւ վերցնել ադրբեջանական մի քանի շրջաններ: Եւ, ինչպես Իսրայելը, ղարաբաղյան ամուր կառավարությունը հրաժարվում է վերադարձնել այդ տարածքները, քանի դեռ չի երաշխավորվի իր անվտանգությունը, քանի որ այդ շրջաններն օտագործվում են իրենց տարածքի վրա հարձակվելու համար:Ինչպես 1967թ-ից հետո արաբական պետությունները Իսրայելի հետ, Թուրքիան էլ Ադրբեջանի պարտությունից հետո պահանջում է վերադարձնել ադրբեջանական հողերը եւ հայտարարում է, որ քանի որ դա չի արվել, կշարունակի Հայաստանի շրջափակումը:Ի պատիվ Հայաստանի` վերջինս Ադրբեջանին եւ Թուրքիային թույլ չի տվել վախեցնել իրեն: Կրկին ինչպես Իսրայելը, հայերն ապրում են դժվար հարեւանության պայմաններում: Ի վերջո, հայերը գիտեն, թե ինչի են ունակ թուրքերը, քանի որ 1915թ-ին նրանց միլիոնավոր հայրենակիցներ սպանվել են թուրքերի ձեռքով` անցած դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Միացյալ Նահանգները փորձում էին լուծումներ որոնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման համար: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը առաջարկել էր, որ Թուրքիան բացի դեպի Հայաստան երկաթգիծը` չբացելով ամբողջ սահմանը: Սակայն մինչեւ հիմա Թուրքիան հրաժարվում է` պահանջելով, որ Հայաստանը նախ վերադարձնի «գրավված» տարածքները:Անկարայի այդ պնդումները, որ «ադրբեջանական հողերը» վերադարձվեն, Գազայի հատվածի էմբարգոն հանվի, համապատասխանում են այն երեսպաշտական մտածողությանը, որով, թվում է, ղեկավարվում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հատկապես Հայաստանի եւ Իսրայելի հարցում: