Հ. Գ.
...2004 թիվ, մայիսի 19: Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոենի նախաձեռնությամբ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ իմ հեղինակային համերգը: Համերգի ավարտին, երբ հրավիրվեցի բեմ, նախքան երաժիշտներին մոտենալս, խոստովանվում եմ, ինձնից անկախ գրկեցի դահլիճի առաջին շարքում նստած մեծն Էդուարդ Միրզոյանին (ես նրա ուսանողը չեմ եղել): Մենք գրկախառնվեցինք եւ իմ միջով անցավ մի հզոր էներգիա, այն, որը կարող է տալ ծնողը իր զավակին, եւ ես, տաս տարի ապրելով Իսրայելում, նորից զգացի իմ ոտքի տակ Հողի ձգումն ու հզորությունը, հարազատ մարդկանց վերաբերմունքը: Անբացատրելի է:
Դահլիճի ծափահարություն-ողջյուններից հետո ոտքի ելավ Էդվարդ Միխայելովիչը, եւ դիմելով նույնպես բեմ հրավիրված տիկին դեսպանին, փոխանցեց նրան ու դահլիճին յուր «միրզոյանական» խոհերը:
Ես հպարտության զգացմունքով եւ զգուշությամբ էի թարգմանում Մաեստրոի յուրաքանչյուր բառը դեսպանին, քանզի նրա արտահայտած մտքերում կար ոչ միայն արվեստ, այլ նաեւ տվյալ պարագայում այնքան անհրաժեշտ քաղաքականություն: Համերգի ավարտից եւ հյուրասիրությունից հետո տիկին դեսպանը ինձ եւ տիկնոջս ասացՙ «Վաղը առավոտյան ժամը տասին եկեք հյուրանոց» (նախկին «Երեւան», հիմա չգիտեմՙ «ալաֆրանկի» անուն ունի): Նստեցինք սրճարանում, հաջողված համերգի համար շնորհավորեց եւ հարցրեց. «Ո՞վ էր այն մարդը»: Ես նկարագրեցի Էդվարդ Միրզոյանին, չմոռանալով նշել, որ նրան, Կոմիտասի անվ. հայտնի քառյակի հետ Սպիտակ տանը անձամբ ընդունել է Ջոն Քենեդին: Տեսնել էր հարկավոր տիկին դեսպանի խանդավառությունը, կնշանակեր նրա նախաձեռնությունը լրիվ գնահատված էր, եւ արդարացված եւ գուցե պատահական չէր, որ ստացա նրանից պաշտոնական նամակ, որտեղ անվանվել էի «Իսրայելի մշակույթի դեսպանը Հայաստանում»: Հասկանալի էՙ սիմվոլիկ....
Հարգելի՛ «Ազգ»: Հարգելի՛ խմբագրություն.
Այսօր, հայ ժողովրդի համար այնքան տխուր այս օրերին, ինչպես նաեւ Ձեր թերթում 11.05.11 լույս տեսած (շնորհակալ եմ նաեւ «Ազդակ», «Լրագիր», «168 ժամ», «Հետք» թերթերին) Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին նվիրված հոդվածումս չեմ խոսելու Մեծ Մարդու կոմպոզիտոր կամ թե հասարակական քաղաքական գործիչ լինելու մասինՙ ՀԱՅՏՆԻ Է, նամանավանդ այս օրերի թերթերը զեղուն են ՆՐԱՆ նկարագրող տեղեկություններով: Բայց այն ինչ կասեմ հիմաՙ շատերը կնախանձեն.
Վերջերս անձնական հարցերով Երեւանում էի: Օրերս լարված էին անցնում եւ տուն էի վերադառնում հոգնած: Սրան գումարած, Լեւոն Չաուշյանն ասացՙ Միրզոյանի վիճակը լավ չէ: Տարակուսանքի մեջ էիՙ այցելե՞լ, թե՞ ոչ, որքանո՞վ է հարմար ընտանիքին... Համարձակվեցի, զանգահարեցի: Հասկացա, որ տիկին Միրզոյանը համաձայնեց բացառության կարգով:
Երբ Էդ. Միրզոյանի կյանքի անբաժան ընկերուհին ու համախոհը ինձ ուղեկցեց սենյակ, տեսա մեծությունը նստած իրեն հատկացված աթոռին, ինձ դիմավորեց ժպիտով ու ասաց. «Նուբար ջան, սիրելիս»: Արցունքոտ համբույրներով գրկեցի նրան ու կարոտախառն համբուրում էի դեմքը, ճակատը, գլուխը, ձեռքերը... Տիկին Միրզոյանը անցավ հյուրասիրության եւ մենք երեքով, թեյի շուրջ զրուցում էինք... Ա~խ պատմությունՙ տեսագրել եւ ձայնագրել էր պետք մեր հանդիպումը, հավատալու համար, թե նրաՙ գերբնական ուժով արտասանած յուրաքանչյուր վանկի, բառի, նախադասության մեջ ինչպես էր պահպանված միրզոյանական ոճը, մտքի խորությունն ու ճկունությունը: Ապշեցուցիչ էՙ 91 տարեկանում... Երբ տիկին Միրզոյանը կատակի համար հիշեցրեց, որ 90-ամյակին նվիրված համերգի ժամանակ աղջիկներին առաջը գցած գնում էր, «պրովակացյոն» հարցրեցի. Էդուարդ Միխայելովիչ, աղջիկներն ի՞նչ զգացին, ասացՙ դեռ... հույս կա ... Ոչ ավել, ոչ պակաս: Մեր հանդիպումը տեւեց ուղիղ երկու ժամ (չէի նկատել ինչպես անցավ, այլապես շուտ վեր կկենայի): Իսկ վերջում ես դարձա աշխարհի ամենաերջանիկ ու հարուստ մարդկանցից մեկըՙ Էդվարդ Միրզոյանը ինձ նվիրեց իր վերջին գործերից, a cappella երգչախմբի համար գրված Ներսես Շնորհալու տեքստով հեղինակած «Ասք երկնքին ու նրա զարդերին» խմբերգի պարտիտուրն ու շնորհաշատ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ձայնագրած խտասալիկը: Նաեւՙ «Էդվարդ Միրզոյան» ռուսերեն հրատարակված գիրքը: Տիկին Միրզոյանն ասաց. Էդիկ, ստորագրի: Վերցրեց գրիչն եւ սկսեց գրելը: Գրեց, «իմ սիրե», սկսեց մտածել, նորից կրկնեց, թե ինչ պիտի գրի, հետո հարցրեց, «իմ»ը գրել ե՞մ, ասացիՙ այո, հիմա պիտի ավելացնենք «լի»: Եվ նորից սկսեց գրել սկզբիցՙ «իմ սիրելի»... Այսպես մի քանի անգամ: Եվ պարտիտուրի էջը լցվեց նրա «ծուռ ու մուռ» տառերով գրված գրություններով: Իսկ «Էդվարդ Միրզոյան» գրքի մեջ գրեց «Համամիտ ենք, սիրովՙ Էդվարդ Միրզոյան»:
Չգիտեմ, ճիշտ եմ, թե ոչ, բայց որ ինձ թողեց մի անգնահատելի հիշատակՙ անժխտելի է: Շատերը կերազեին... Բաժանումը շատ ծանր էր: Հասկանում էի, որ վերջին անգամ եմ տեսնում: Արցունքներս հոսում էին, հիմաՙ նույնպես, եւ ես խելագարի պես սկսեցի համբուրել նրան... եւ այդպես էլ խելագար դուրս եկա նրա մոտից: Դա սեպտեմբերի 25-ն էր: Գույժը հասավ Երեւանից: Ես որբ մնացի: Ծնողներիցս հետո գնաց նաեւ Հոգեւոր հայրս, գնաց վերջին Մոհիկանը...
Էդվարդ Միրզոյանին նվիրված «Իմ հոգեւոր հորս» գրառումով թիվ 3 Լարային քառյակս կատարվել է Բուլղարիայում, Շվեդիայում եւ Իսրայելի 7 քաղաքներում: Կատարել են իսրայելյան «Կիներետ» եւ «Զամիր» համույթները: Հատուկ հաղորդում է եղել «Ազատության ձայն» ռադիոկայանիվ...
ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ,
Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա, Իսրայել
|