Համահայկական խաղերի շրջանակներում Իրանի Շահին Շահր քաղաքի ֆուտբոլային թիմը վիճակահանությամբ օգոստոսի 14-ին պետք է հանդիպեր Իսրայելի հայազգի քաղաքացիներից կազմված Երուսաղեմի թիմի հետ: Շահին Շահրի թիմը, սակայն, այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել, եւ դրա պատճառը եղել է քաղաքական:
Իրանից ժամանած բոլոր խմբերի պատասխանատու Ալֆրեդ Հավանը, որը նաեւ Համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամ է, տեղի ունեցածը մեզ հետ զրույցում «թյուրիմացություն» կոչեց: «Դա լոկ թյուրիմացություն էր: Ընդհանրապես պարսկական խմբերը որեւէ հանդիպման Իսրայելի խաղացողների հետ չեն մասնակցում, եւ իրանահայ թիմը թյուրիմացաբար մտածել է, որ այս անգամ էլ չպետք է մասնակցեն: Բայց հետո իրենց ուշադրությունը հրավիրեցինք, որ Երուսաղեմից եկածը նախ հայկական խումբ է եւ որեւէ կապ չունի այդ մտածմունքի հետ: Երկրորդը` պարսիկ կառավարությունն ընդհանրապես մտածում է, որ Երուսաղեմը պատկանում է քրիստոնյաներին, մուսուլմաններին եւ մովսեսականներին, իսկ նրանց (Շահին Շահրի թիմի.-Ա.Զ.) արարքը ավելի շատ հաստատում է, որ Երուսաղեմը Իսրայելինն է: Եւ դա հակառակ էլ է իսլամական մտածմունքին: Այսինքն` մեր Իրանի ղեկավարության մտածմունքին»,- ասաց Ալֆրեդ Հավանը: Նա վստահեցրեց, որ եթե առաջիկայում եւս այնպես պատահի, որ իրանական որեւէ խումբ հանդիպում ունենա Երուսաղեմի թիմի հետ, իրենք անպայման պետք է մասնակցեն դրան: «Ոչ մի կասկած»,- հայտարարեց Հավանը: Վերջինիս խոսքով, ինքը նախապես չի իմացել, որ Շահին Շահրի թիմը հրաժարվելու է մասնակցել խաղին: «Եթե իմանայի, կպարտադրեի, որ խաղար: Տեղի ունեցածը բացարձակապես թիմի պատասխանատուի սխալն է եղել, որովհետեւ որոշողը ես պիտի լինեի, ես պիտի ասեի` խաղացեք կամ մի խաղացեք: Իրենք իրենց գլխու են արել, ես էլ իրենց հարցրի, ինձ բացատրություն տվեցին, որ ինչ է: Ասացի, որ եթե սրանից հետո Երուսաղեմի որեւէ թիմի հետ խաղ ունենան, անպայման խաղան»,- նշեց Ալֆրեդ Հավանը: Տեղեկացնենք, սակայն, որ համահայկական այս խաղերի ընթացքում նշված երկու թիմերը կրկին հանդիպելու առիթ այլեւս չեն ունենա: Իսկ նախկինում նման խնդիրներ երբեք չեն ծագել, քանի որ Համահայկական խաղերին Իսրայելն այս տարի մասնակցում է առաջին անգամ: Ինչ վերաբերում է Իսրայել-Իրան երկրների մարզիկների միջեւ եղած խնդիրներին` տարբեր մրցաշարերում եղել են դեպքեր, երբ Իրանի ներկայացուցիչները հրաժարվել են մրցել Իսրայելի ներկայացուցիչների հետ: Վերջին նման դեպքը արձանագրվեց օրեր առաջ կայացած ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնության ժամանակ: Իրանցի լողորդը հրաժարվեց մասնակցել մրցումներին, քանի որ նույն լողահերթում կար նաեւ Իսրայելի ներկայացուցիչ: Ինչեւէ: Գալով Համահայկական խաղերին` Երուսաղեմի պատվիրակության ղեկավար Ռուբեն Նալբանդյանը, խոսելով չկայացած հանդիպման մասին, մեզ հետ զրույցում ասաց. «Մենք այնտեղ էինք եւ պատրաստ էինք եւ դաշտ իջանք: Սպասեցինք, սպասեցինք, նրանք չեկան»: Հավելեց նաեւ, որ բացման օրը հանդիպել է իրանական թիմի ներկայացուցիչներին, խոսել նրանց հետ. «Հարցրի` ի՞նչ գույն պիտի հագնվեն վաղը, եւ ասացի, թե մենք ինչ գույն ենք հագնվելու: Նրանք հարցրեցին` Իսրայել պետությունը ձեզ փող տվե՞լ է: Ես ասացի` ոչ, մենք բոլոր փողերը հայերից` հայկական գաղութներից ենք հավաքել, նրանք են մեզ ուղարկել այստեղ, ուրիշ բան չկա»,- պատմեց Ռուբեն Նալբանդյանը: Տեղի ունեցածը նա եւս քաղաքական դրդապատճառներով պայմանավորեց, բայց նաեւ ընդգծեց. «Մենք որեւէ կապ չունենք Իսրայելի պետության հետ, մենք իբրեւ հայ ենք մասնակցում, Երուսաղեմի հայ գաղութն է մեզ ուղարկել, որեւէ պրոբլեմ չունենք այդպես խաղալու: Բայց իրենք երեւի վախենում են, չգիտեմ իրենց հաշիվները»: Նա նույնպես նշեց, որ առիթի դեպքում կրկին պատրաստ են խաղալ Իրանից ժամանած թիմի հետ, թեեւ չթաքցրեց, որ նեղացած են: «Այո, որովհետեւ մենք եկել ենք խաղալու»,- մեր հարցին պատասխանելով` ասաց Ռուբեն Նալբանդյանը: Ու թեպետ չկայացած խաղից հետո տեխնիկական հաղթանակ է գրանցվել` հօգուտ Երուսաղեմի թիմի` 3:0 հաշվով, այնուամենայնիվ, Իսրայելից ժամանած ֆուտբոլիստները կնախընտրեին այդ հաղթանակը վաստակել խաղի արդյունքում: Համահայկական խաղերի ընթացքում նկատված այս երեւույթի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Սփյուռքի նախարարությունից. «Սփյուռքի նախարարությունը չի կարող ամեն մի քաղաքական հարցին պատասխան տալ: Դրանք արդեն միջպետական հարաբերություններ են, Հայաստանի հետ հարաբերություններ չեն, համայնքի հետ կապեր չեն, Սփյուռք-Հայաստան գործակցություն չէ: Եթե այդ գործակցության սահմանից դուրս է գալիս, արդեն մենք անելիք չունենք այդտեղ»,- հայտարարեց նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը: Հ.Գ. Նշենք, որ Իրանի հարցերով փորձագետը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, մեզ հետ զրույցում երեկ անդրադարձավ Իրան-Իսրայել հակամարտությանը: Նա նկատեց, որ Իրանը, որը չի ճանաչում Իսրայել պետությունը եւ որը նույնիսկ Իսրայել բառը չի օգտագործում, այլ դրա փոխարեն` Պաղեստինի գրավյալ տարածքներ, իր քաղաքացիների անձնագրերի մեջ ամրագրում է, որ նրանք իրավունք չունեն այցելել տվյալ երկիր: Մեր զրուցակիցը թեեւ քիչ հավանական համարեց, բայց նաեւ չբացառեց, որ Իրանի հայկական թիմը Երուսաղեմի թիմի հետ ֆուտբոլ խաղալով` կարող էր Իրանում խնդիրներ ունենալ: