Նկարում՝ Հայֆայի Սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, փողային գործիքների ուսուցիչ, «Ջազ Բենդ» ջազային խմբի մենակատար Արմեն Ասլանյանը Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում
Երեկ աշխուժություն էր տիրում Հայֆայի «Մերկազ Յուվալ»(Յուվալ Կենտրոն) երաժշտական հաստատությունում: Պատճառը Կենտրոնի աշակերտների տարեւերջյան ավարտական քննություններն էին:Դահլիճը լեփ լեցուն էր պատանի երաժիշտներով եւ նրանց աջակցելու եկած ծնողներով,նամանավանդ՝ պապիկ, տատիկներ:Իր ղեկավարած դասարանը ներկայացնում էր Երեւանի Կոմիտասի անվան Պետ.Կոնսերվատորիայի պրոֆեսոր,անվանի փողհար Յուրի Բալյանի շրջանավարտ,հայֆայաբնակ Արմեն Ասլանյանը:Եւ բոլորովին էլ պատահական չէր,որ այդ քննական երեկոյի համերգում հնչեց միմիայն հայ երաժշտություն, մասնավորապես Մեծն Ալեքսանդր Հարությունյանի Կոնցերտը Փողի եւ նվագախմբի համար(դաշնամուրային փոխադրմամբ) եւ հայֆայաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ,Փողի եւ լարայինների համար հեղինակած Կոնցերտինը (դաշնամուրային փոխադրումով), Ալբոմ Փողի եւ դաշնամուրի համար, նաեւ,չորս փողի համար հեղինակած Էլեգիան՝ նվիրված վաղամեռիկ փողհար Արթուր Բալյանի հիշատակին:Յուրաքանչյուր կատարված ստեղծագործությունից հետո հնչում էին բուռն ու ոգեւորված ծափահարությունները եւ բնական էր,որ երաժիշտ կատարողների հարազատները իսկույն առանձնանում էին,քանզի դահլիճը ծափահարում էր նաեւ նրանց:Համերգն ավարտվեց «ընտանեական» մեծ հավաքույթով՝ քաղցրավենիքի սեղանի շուրջ,որը ընթացավ կարծիքների ջերմ փոխանակմամբ՝ գովասանքի խոսքերի հղումով թե կատարողների,նրանց դասարանի ղեկավարի, եւ թե կատարված,իրենց համար անծանոթ,բայց հաճելի եւ ընդունելի,հայ երաժշտության հասցեին:Իսկ վերջում Արմեն Ասլանյանը պատանի երաժիշտներին հանձնեց իրենց իսկ կատարած,Իսրայելի Երաժշտական Կենտրոնում լույս տեսած ստեղծագործությունների մեկական օրինակ՝ հեղինակի նվիրում մակագրությամբ(հիվանդության պատճառով կոմպոզիտորը ներկա չէր):Արժե նշել,որ հայ,փողային կատարողական դպրոցից ստացած իր գիտելիքները Արմեն Ասլանյանը ներդրել եւ շարունակում է իրագործել նաեւ Հայֆայի Ջազ եւ Սիմֆոնիկ նվագախմբերում,իսկ Նուբար Ասլանյանի,Իսրայելում լույս տեսած հիսունից ավել ստեղծագործություններից շատերը կատարվում են երկրով(Իսրայել) մեկ,նաեւ կատարվել են Հայաստանում,Բուլղարիայում,Գերմանիայում,Շվեդիայում եւ մասնավորապես Հարավ Կորեայում,ուր Լեհաստանի ռադիոյի երգչախումբը հայերեն բնօրինակով կատարեց կոմպոզիտորի «ԲԵՐՔԻ ՏՈՆ» Կանտատը,ասիական եւ Խաղաղ օվկիանոսյան գոտու տասներկու երկրների երաժշտական փառատոնում, ինչով եւ հպարտ է մեր հայ համայնքը:
Դավիթ Նալբանդյան:24.07.12.Հայֆա,Իսրայել:
|