Հայ ժողովուրդն ակնկալում է Իսրայելի ծանրակշիռ արձագանքն ու ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայերը, լինելով ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, խորին հարգանք են տածում հրեա ժողովրդի՝ ողջակիզման ենթարկված զավակների հիշատակի նկատմամբ:
«Հայաստանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, վստահ ենք, որ կկարողանանք վերականգնել ոչ միայն պատմական արդարությունը, այլեւ հնարավորինս բացառել այդօրինակ հանցագործությունների կրկնությունը», - ասել է Գալուստ Սահակյանը: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդն ակնկալում է Իսրայելի ծանրակշիռ արձագանքն ու ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:
Թալի Պլոսկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու պետություններն ունեն պատմական ընդհանրություններ: Նա շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Թալի Պլոսկովը եւս կարեւորել է համարել միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում:
Զրուցակիցները կարեւորել են համատեղ տնտեսական համաժողովների անցկացումն ու հանդիպումների ակտիվացումը:
Աղբյուրը՝ https://news.am/arm/news/347774.html
|