Թուրք-իսրայելական դաշինքի դրամատիկ վատթարացումը, որը տեղի ունեցավ նավատորմի հետ կապված ՄԱԿ-ի հաշվետվության հրատարակումից հետո, հայկական և ավելի գլոբալ տեսանկյունից ունի մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ: Այստեղ մենք գործ ունենք ոչ թե Թուրքիայի մշտական շանտաժի քաղաքականության հետ, որը վերջինս կիրառում է բոլոր նրանց դեմ, ովքեր հակադրվում են իր կամքին, այլ այս շանտաժների հանդեպ Հայաստանի և Իսրայելի վերաբերմունքի միջև եղած տարբերության և Թուրքիայի արտաքին քաղաքականության ներկա տեսակետի հետ:
Սակայն, աշխարհաքաղաքական տեսանկյունից Իսրայելը և Հայաստանը թվում է, թե որոշ ընդհանուր գծեր ունեն. նրանք փոքր երկրներ են սակավ բնական ռեսուրսներով և իրենց նվազ ազգաբնակչությամբ գտնվում են համընդհանուր թշնամանքի բարդ միջավայրում: Հետևաբար, նրանք ստիպված են կանգնել համաշխարհային լիդերների և գերտերությունների կողքին: Հայաստանը ստիպված էր մի կողմ դնել ցեղասպանության հարցը, որպեսզի նվազեցնի դժկամությունը Թուրքիայի նկատմամբ և համատեղ շահերից ելնելով, ստիպված էր դիմել բարի կամքի դրսևորման քայլի, որը հանգեցրեց այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» և ի վերջո, համաձայնագրի, որը ստորագրվեց 2009-ի հոկտեմբերին համաշխարհային տիրակալների հովանու ներքո: Սկսելով բոլորովին տարբեր պատմությամբ, Իսրայելը Թուրքիային համարում էր չափավորության, աշխարհիկության և կայունության գործոն մուսուլմանական աշխարհում: Այս երևակայությունը աջակցություն էր ստանում Թուրքիայի քաղաքականության կողմից, որը մշտապես հիշեցնում էր իրեն ձեռնտու իրադարձությունների մասին, ինչպիսին էր օրինակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի հրեաներին Թուրքիայում ընդունելը, միևնույն ժամանակ լռելով, երբ հենց նույն ժամանակ իր երկրի հրեաներն ու հայերը թալանվում և փակվում էին համակենտրոնացման ճամբարներում' տխրահռչակ Վառլիկ Վերգիսիի ռեժիմի տակ: Հետևաբար, սկսելով զուտ առևտրային համաձայնագրերից, Իսրայելը աստիճանաբար հասավ ռազմավարական և մարտավարական համաձայնագրերի, որոնք ի վերջո հանգեցրին ռազմավարական համագործակցության, հիմնականում ուղղված իրենց ենթադրյալ համընդհանուր թշնամիների' Իրանի և Սիրիայի դեմ: Ակնհայտորեն, այս համագործակցությունը աջակցություն էր ստացել ԱՄՆ-ի կողմից 90-ականներից մինչև 2000թթ.-ը:
Ինչևէ, Հայաստանի և Իսրայելի համար մեղրամսի ժամանակը մոտեցել է ավարտին: Ինչ վերաբերում է Հայաստանին, գործընթացը բավականին մեղմ էր. օգտագործելով տարբեր ալիբիներ, ինչպիսիք են ԺՀԿ-ի և այլ ազգայնական ուժերի ընդդիմությունը և Արցախի հակամարտությունը Ադրբեջանի հետ, Թուրքիայի խորհրդարանը հրաժարվեց վավերացնել Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները: Այս արձանագրությունները, ի վերջո, հանվեցին Խորհրդարանի օրակարգից' այսպիսով վերջ տալով այս հակասական դրվագին:
Միջազգային հանրությանը այս անհաջող քայլից շեղելու, բայց նաև գողացված հայկական ֆոնդերի մասին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ընդունած մի քանի որոշումների հնարավոր վտանգը վերահսկելու համար թուրքական կառավարությունը տարածեց, որ այդ ֆոնդերի աննշան մասը կվերադարձնի իր կրոնական փոքրամասնություններին. որոշում, որը քննադատաբար ընդունվեց այս փոխհատուցման ենթադրյալ ժառանգների կողմից:
Ինչ վերաբերում է Իսրայելին, «մարտավարական համագործակցության» ավարտի տեսանելի սկիզբը կարելի էր համարել հայտնի Դավոսի գագաթնաժողովը' 2009-ի հունվարին, երբ Ռեջեպ Էրդողանը հրապարակորեն վիրավորեց Շիմոն Պերեսին' նրան անվանելով երեխայասպան' կապված պաղեստինյան հակամարտության հետ: Իրավիճակն ավելի սրվեց 2010-ի մայիսին, երբ Իսրայելը արգելեց թուրքական նավի' Մավի Մարմարայի մուտքը, որն իբր ուղարկվել էր Գազայի հատված «մարդասիրական» օգնություն հասցնելու համար, բայց իրականում ղեկավարվում էր թուրք իսլամիստների և միգուցե գաղտնի ծառայությունների կողմից: Այս գործողության ժամանակ Իսրայելի ուժերը անկանխամտածված սպանեցին 9 թուրք քաղաքացիների' առաջացնելով Թուրքիայի հիստերիան: Դրանից հետո Գյուլը, Էրդողանը և Դավութօղլին անվերջ ներողություն են պահանջում Իսրայելից, որին Թել-Ավիվը չի կարող գնալ և չի գնա: Այս վերջին օրերին Մավի Մարմարայի միջադեպի հետ կապված ՄԱԿ-ի հաշվետվությունից հետո Թուրքիայի անհաշտ վերաբերմունքն ուժեղացավ, և Անկարան ի վերջո հեռացրեց Իսրայելի դեսպանին ու դադարեցրեց բոլոր քաղաքական, ռազմական կամ առևտրային հարաբերությունները հրեական պետության հետ: Որոշ հրեա ուղևորներ, ովքեր թռիչք էին կատարել Ստամբուլով նույնիսկ կարճ ժամանակով կանգնեցվել էին, և Թուրքիան նույնիսկ նշում էր հավանական ռազմական միջնորդության մասին, ասելով, որ հետագայում իրենց «մարդասիրական» նավերին Գազա կուղեկցեն մի քանի ռազմական նավեր:
Հայաստանն է ստիպված քաղաքական խաղերի դիմել, ոչ թե Իսրայելը
Իրադարձությունների այս հաջորդականության մեջ հետաքրքիր են ձևն ու բովանդակությունը: Եկեք սկսենք ձևից. իրականում, առաջին կետը, որ արժանի է ուշադրության, Հայաստանի և Իսրայելի արձագանքն է, երբ վերջիններս հանդիպում են Թուրքիայի նույն կոպտությանն ու գոռոզությանը: Հայկական չափավորության և հրեական զայրույթի միջև հակադրությունը իսկապես զարմացնող է: Արձանագրությունների ստորագրումից հետո, ըստ որի համաձայնագիրը պարտադրվել էր, Հայաստանը բավականին խելացի է վարվել' օգտագործելով և´ քաղաքական, և´ իրավաբանական փաստարկները: Մի կողմից, այն շարունակ ասում էր, որ այդ արձանագրությունները կմտցնի խորհրդարանի օրակարգի մեջ, հենց որ դրանք վավերացվեն Թուրքիայի կողմից: Մյուս կողմից հայկական կառավարությունը կառչեց Սահմանադրական դատարանից, որը հաստատեց արձանագրությունների վավերականությունը, բայց ժխտում էր այս արձանագրությունների ուժեղ ազդեցությունը Արցախյան հակամարտության և հայ-թուրքական սահմանային հարցերի վրա: Հայերի ակնհայտ բարի կամքի դրսևորումը ստիպեց միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թուրքիայի և Անկարայի վրա, բայց այդ հանրությունն էլ չեղյալ համարեց ստորագրված արձանագրությունները:
Իրադրությունը բոլորովին այլ է Իսրայելի դեպքում, որից ներողություն խնդրելու և փոխհատուցելու Թուրքիայի պահանջները վերջնագրի տեսք ստացան: Վերջերս, Ահմեդ Դավութօղլին նույնիսկ համարձակություն ունեցավ մերժել ԱՄՆ-ի միջնորդությունը այս հարցում: Հանդիպելով այս անհանդուրժողականությանը, Նետանյաուի կառավարությունը նույնիսկ չփորձեց մեղմացնել իր դիրքորոշումը կամ դիմել խելացի քաղաքական քայլերի: Այն ուղղակի հրեական լրատվական միջոցների և և իր մշտական լոբբիների միջոցով բանակցությունների քարոզարշավ սկսեց, հատկապես ուղղված այն անձանց, ովքեր ԱՄՆ-ում որոշումներ են կայացնում: Չնախատեսված մի քայլով Ավիգդոր Լիբերմանը' Իսրայելի Արտաքին գործերի նախարարության կոշտ քաղաքական քայլերի կողմնակիցը, նույնիսկ նշեց, որ իր երկիրը կարող է օգնել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչում ստանա ԱՄՆ-ի Սենատի կողմից և նույնիսկ «աջակցի Հայաստանին լուծել Թուրքիայի հետ վեճը կապված Արարատ լեռան հետ վերադարձի հետ». ենթադրյալ պահանջ, որը պաշտոնական Հայաստանը մինչև այժմ չի ձևակերպել:
Ռազմական հնարավորությունները պայմանավորում են քաղաքական վերաբերմունքը
Ակնհայտ է, որ Իսրայելի դիրքորոշումը հիմնվում է ավելի շատ փաստացի ռազմական հնարավորությունների և գիտատեխնիկական զարգացման վրա, քան ԱՄՆ քաղաքականության վրա ունեցած իր ուժեղ լծակների: Ատոմային զենքերը մի կողմ դրած, Իսրայելը տպավորիչ ռազմական արդյունաբերություն է ստեղծել, արտադրելով բարձր տեխնոլոգիա ունեցող զենքեր և սարքավորումներով մի քանի Արևմտյան գերտերությունների համար: Էլբիտ, ՏԱՏ Տեխնոլոգիաներ, ԻՎԻ կամ ԻՄԻ ընկերությունների միջոցով Իսրայելը կարող է իր զորքին տրամադրել թեթև զենքեր, բայց նաև Մերկավաս տանկեր, F-16-ի նման օդային ուժեր և նույնիսկ առաջադեմ հրթիռներ կամ անօդաչու ինքնաթիռներ: Էլեկտրոնային արդյունաբերությունների շնորհիվ այն նաև մշտապես թարմացնում է ռազմական սարքավորումները արաբական երկրներում և...Թուրքիայում: Իսրայելը ներկայումս զենքի չորրորդ միջազգային մատակարարն է և արտահանումները 2007-ին հասնում էին 5.7 մլդ դոլարի: Ակնհայտորեն, այս հնարավորությունը հիմնված է ուժեղ գիտական համայնքի վրա, որի շնորհիվ էլ երկիրը հայտնվում է համապատասխան բնագավառի բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում, Միջերկրական ծովի արևելյան մասում Իսրայելի և Թուրքիայի նավերի քիչ հավանական բախումը, հավանաբար, կործանարար կլիներ վերջինիս համար' հաշվի առնելով այն փաստը, որ որոշ թուրքական տեխնիկաներ գնվում էին Իսրայելից:
Ի հակադրություն, Հայաստանը, որը սահմանակից է Թուրքիային, հեռու է այն ակտիվներն ունենալուց, ինչ Իսրայելը: ՍՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանը սկսեց իր տնտեսության վերափոխումը, որն այդ ժամանակ հիմնված էր հիմնականում ծանր արդյունաբերության վրա: Երևանը մեծապես չարաշեց իր գիտական և տեխնոլոգիական պոտենցիալը' իր աճը հիմնելով անշարժ գույքի կառուցման և առևտրի վրա: Արդյունքում Հայաստանի ռազմական և տեխնոլոգիական հնարավորությունները մեծապես կախված են իր մեծ ռուս աջակցից, չհաշված այն ռուսական միավորումները, որոնք պաշտպանում են հայ-թուրքական սահմանը: Հայաստանի կողմից վերջերս արված հայտարարությունը, թե այն ունի S-300 հրթիռ և նույնիսկ կարող է գնել S-400 հրթիռ, վկայում են այս կախվածության մասին:
Այդ պատճառով, թեև Իսրայելն էլ իր անվտանգության տեսանկյունից կախված է օտար աջակիցներից, Հայաստանը շատ ավելի կախյալ է և, հետևաբար, պետք է քաղաքական խաղ տանի ավելի շատ, քան հրեական պետությունը: Ինչևէ, այս սահմանափակումը կարող է առավելություն ունենալ. բավականին խելացի դիրքորոշում ցուցաբերելով, Հայաստանը կարողացավ լավ լույսի տակ հայտնվել և խանգարել Թուրքիայի տարածաշրջանային նկրտումներին: Ի հակադրություն, Իսրայելն իր ամբողջ ռազմական ներուժով չարագործի դերում հանդես եկավ. արդյունքում կարող է թվալ, որ Հայաստանն ու Իսրայելը մեկ ընդհանուր թշնամի ունեն' Թուրքիան:
Թուրքիայի անկայունությունը մասամբ արտահայտում է իր ներքին պայքարը
Փաստորեն, եթե Թուրքիայի նպատակը պարզ էր, երբ ԱԶԿ-ն առաջին անգամ անցավ իշխանության գլուխ, անճշտությունները թուրքական կառավարությունում աստիճանաբար սկսեցին շփոթեցնել: Այն ժամանակից, ինչ Ահմեդ Դավութօղլին սկսեց ձևավորել իր երկրի արտաքին քաղաքականությունը, նա պնդում է, որ իրականացնում է նեո-օսմանյան տեսլականը: Ըստ էության, նորացված այս իմպերիալիզմը համարում է, որ մեկ անգամ օսմանյան կայսրության մեջ ընդգրկված ցանկացած տարածք պետք է արտոնյալ հարաբերություններ «վայելի» Թուրքիայի հետ: Հետևաբար, Թուրքիան փորձեց հանդարտեցնել բոլոր հարևան երկրների հետ ունեցած խնդիրները. Հայաստանի հետ իր հարաբերությունների ժամանակավոր բարելավումը մի տեսակ ձախողված փորձ էր, և այն փորձեց որպես «ազնիվ միջնորդ» հանդես գալ' իր հին Օսմանյան տարածաշրջանային կրթությամբ լուծելու տարածաշրջանային խնդիրները: Թուրքիան իրականում պատկերացրեց, որ կարող է միջնորդել Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Սիրիայի, Հայաստանի և Ադրբեջանի կամ նույնիսկ Լիբիայի և Արևմուտքի կարգավորման հարցերին:
Ինչևէ, իսլամիզմը նոր թուրքական ռեժիմի մեկ այլ խորը ուղղություն է, երբ համեմատում ես հին քեմալական էլիտայի հետ: Այս առումով, սկսած 2002-ից ԱԶԿ-ի ղեկավարությունը զգալիորեն արմատականացրել է իր դիրքերը: Եթե այն փորձեր հենց սկզբից առաջ քաշել ապակողմնորոշող «չափավոր իսլամիզմը», այն աստիճանաբար կդառնար ավելի ու ավելի արմատական: Այսպիսով Դավոսի դրվագը, Մավի Մարմարայի օպերացիան, Համասի հետ հարաբերությունների ամրապնդումը կամ Իսրայելի հետ հարաբերությունները քաղաքական խաղեր են Էրդողանի կողմից' փոխելու Թուրքիայի իմիջը հիմնականում մուսուլման արաբական աշխարհում և գոհացնելու իր երկրի ընտրազանգվածին: Իրականում Էրդողանը արաբական ժողովուրդների մեծ մասի կողմից ընդունվում է որպես հերոսական և խարիզմատիկ ղեկավար:
Այնուամենայնիվ, Էրդողանի և Դավութօղլու օսմանյան երազանքները հավանաբար տարբեր են. Ստամբուլի խալիֆ կամ Փադիշահ մականունը կրողը պատկերացնում է կենտրոնացված իսլամական մի կայսրություն, որը ղեկավարվում է Թուրքիայի կողմից, մինչդեռ Դավութօղլին Թուրքիայի մասին մտածում է ավելի շատ որպես մինի-գերտերության իր ֆեոդոլական ազդեցության գոտիով:
Բազմաթիվ խնդիրներ բոլոր հարևանների հետ
Այս մրցակցող պատկերացումների արդյունքը Թուրքիայի արտաքին քաղաքականության ակնհայտ անհետևողականությունն է և դրա սահմանները: 2002-ից մինչ այժմ Թուրքիան հաջորդաբար իր ուշադրությունը դարձրել էր Եվրամիության, Ռուսաստանի և վրացական հակամարտության արդյունքում նաև Եվրասիայի վրա, իսկ Դավոսից հետո' Միջին Արևելքին: Ի դեպ, երբ հարաբերությունները Արևմուտքի հետ սառչում էին Եվրամիությանն անդամագրելու հեռանկարի ձախողման պատճառով, Թուրքիան Ռուսաստանի հետ ձեռնարկեց էներգետիկ ֆլիրտի մի տեսակ, մինչև գլխի ընկնելը, որ Մոսկվան կարող էր օգտվել այդ առիթից. Անկարան արդեն կախված է Ռուսաստանից գազի մեծ մասի և նավթի զգալի մասնաբաժնի առումով:
Հետևաբար, Թուրքիան սկսեց կարգավորել հարաբերությունները մուսուլմանական աշխարհի, հատկապես Սիրիայի հետ, Համասի և Իրանի հետ, որի հետ ավելացրեց տնտեսական փոխանակումները և սկսեց համագործակցել ըննդեմ PKK/PJAK 14-ի: Իսրայելի հետ «մարտավարական համագործակցության» քայքայումը իրականում կապված էր այս նոր կողմնորոշման հետ: Ինչևէ, Քադաֆիին և Ասսադին ցուցաբերված նախնական աջակցությունը, համապատասխանաբար Լիբիայում և Սիրիայում, լուրջ ստվեր են գցում իսլամական երանգ ունեցող հեղափոխությունների հանդեպ Թուրքիայի պարտականությունների վրա: Որոշ ազդանշաններ էլ ցույց են տալիս, որ Թուրքիայի այսպես կոչված վերակազմավորումը կարող է ուղղակի կեցվածք լինել. օրինակ, վերջերս Անկարայի համաձայնությունը իր տարածքի արևելյան մասում' այսինքն Իրանի սահմանին կից, ընդունել հակահրթիռային ռադարները, մեծ դժգոհություն առաջացրեց Թեհրանում, բայց նաև Մոսկվայում: Նմանապես Էրդողանի վերջերս տեղի ունեցած ելույթը Կահիրեում բավականին երկիմաստ էր. մի կողմից նա անվերապահորեն վերահաստատում էր իր սպառնալիքները Իսրայելի և նրա իսլամական կողմնորոշման դեմ' նշելով. «երբ նայում ենք տարածաշրջանին, նկատում ենք, որ Սաուդյան Արաբիան, Իրանը, Եգիպտոսը և Թուրքիան ամենակարևոր երկրներն են: Այդ պատճառով պետք է համագործակցություն լինի այս երկրների միջև», բայց մյուս կողմից, նա խորհուրդ տվեց «աշխարհիկ սահամանդրություն Եգիպտոսի համար»' ասելով. «մի´ վախեցեք աշխարհիկությունից, քանի որ դա չի նշանակում թշնամի լինել կրոնի համար: Հուսով եմ, որ Եգիպտոսի նոր ռեժիմը աշխարհիկ կլինի: Հուսով եմ նաև, որ այս մեկնաբանություններից հետո Եգիպտոսի ժողովրդի տեսակետը աշխարհիկության հանդեպ կփոխվի»:
Նրանք, ովքեր հիանում են Էրդողանով, հավանաբար այս կեցվածքը խելացի կհամարեն, մինչդեռ մյուսները' շփոթեցնող: Ինչ էլ լինի մտադրությունը, այս դիվանագիտության արդյունքը ԱՄՆ-ի, Համասի, Իրանի, Եվրամիության և Ռուսաստանի անվստահության աճն է Թուրքիայի հանդեպ: Միայնա այն փաստը, որ Դավութօղլին փորձում է անընդհատ կրկնել, որ «ոչ մի խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հաջողակ է, ցույց է տալիս, թե որքան կասկածելի է այդ համոզմունքը:
Ինչևէ, եթե մի կողմ դնենք Անկարայի դիվանագիտության ակնհայտ հակասությունները, պետք է ընդունենք, որ Թուրքիան կարողացել է հասնել Դավութօղլու նպատակադրած «ռամավարական խորությանը»:
Թուրքիան այլևս ԱՄՆ-ի հովանու տակ չէ և իրականում անվերահսկելի է: Ինչպես խելագար հողմացույց, այս Թուրքիան կարող է հավասարապես սպառնալիք լինել Իրանի, Իսրայելի, Սիրիայի, Հայաստանի և Եվրոպայի համար, ինչպես պարզ երևաց վերջերս Կիպրոսին ուղղված սպառնալիքներից: Դրա համար այս դյուրավառ տարածաշրջանում, Արևմտյան առաջնորդների կողմից ճիշտ կլիներ խուսափել Թուրքիային որևէ միջնորդության դեր շնորհելուց, որովհետև դա կարող էր անարդյունավետ և վտանգավոր լինել, քանզի Թուրքիան այլևս հուսալի գործընկեր չի համարվում մուսուլմանական երկրների կողմից:
Ի հակադրություն, մենք պետք է աշխատենք անմիջականորեն հանդարտեցնել Միջին Արևելքը, իրական ժողովրդավարություն կիրառելով արաբական երկրներում և, ի վերջո, Պաղեստինին շնորհել պետության կարգավիճակ, ինչպիսին էլ լինի Իսրայելի վերաբերմունքը: Ի վերջո, Թուրքիայի տարածաշրջանային հզորությունը հիմնականում արդյունք է իրական ժողովրդավար արաբ ղեկավարության բացակայության և կախված է ներկայիս իրանական ռեժիմի անընդունելի էությունից: Եվ այն, թե ինչպես է Թուրքիան մարտահրավեր նետում Արևմուտքին, ցույց է տալիս, թե որքան այն ուժեղ է և ավելի խելացի, ինչը չես ասի Իրանի մասին: Ահմադինեջադի անկման դեպքում Արևմուտքը նույնիսկ կարող է իր մարտավարական խաղում շահավետ փոխել Իրանի և Թուրքիայի դերերը: Սա կարող է ֆանտաստիկ թվալ: Բայց այդպես չէ. մի քանի տարի առաջ Ռալֆ Պիտերսը' թոշակի անցած ԱՄՆ հետախուզական ծառայությունների սպան, հրապարակեց մի հոդված, որը վերնագրված էր. «Արյունոտ սահմաններ. ինչպիսի՞ն կլիներ ավելի լավ Միջին Արևելքը»: Բազմաթիվ մեկնաբանություններ ստացած այս հոդվածում նա հիպոթետիկ պատկերել էր Միջին Արևելքի սահմանները: Զարմանալի չէ, որ նա Պաղեստինին և քրդերին պետություն էր շնորհել և մասամբ հետ էր վերադարձրել Հայաստանի արևմտյան տարածքները' այդպիսով սահմանափակելով Թուրքիայի վնասակար ազդեցությունը: Ակնհայտ է, որ այսօրվանից սկսած մենք պետք է սովորություն դարձնենք մտածել Թուրքիայի մասին ոչ թե լուծումների տեսակետից, այլ խնդիրների:
Լորեն Լեյլեկյանը Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախկին տնօրենն է և Եվրոտոպիայի անկախ վերլուծաբան:
http://asbarez.com/98735/armenia-israel-and-wild-turkey/
|