Լուսանկարում՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
Մարտի 5-ին այցով Երուսաղեմ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախագահական նստավայրում ընդունեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Իսրայելի նախագահը, կարևորելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը, վստահություն հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և հրեա ժողովուրդները շաղկապված են հազարամյակների բարեկամության ավանդույթներով, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական հարաբերությունների հետագա ամրապնդման համար։
Նախագահ Ռիվլինը և նախարար Նալբանդյանը կարևորեցին քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաև այլ բանագավառներում։
Հանդիպմանը կողմերը համաձայնեցին, որ հայ և հրեա ժողովուրդները համատեղ պատասխանատվություն ունեն մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը կրում էր «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագիրը:
Երուսաղեմի հեղինակավոր համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։
Համերգից առաջ Իսրայելի Հանրային ռադիոյով ուղիղ հեռարձակվող իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն ասաց.
«Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Երուսաղեմում` մշտապես առանձնահատուկ զգացում ունենալով սուրբ քաղաքում գտնվելու կապակցությամբ: Այսօրվա խորհուրդն ունի իր առանձնահատկությունը: Այսօր Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է իր համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր արել են հնարավորինը` այս նախաձեռնության հաջողության համար։
Քիչ ազգեր ունեն նույնքան ընդհանրություններ, որքան հայերը և հրեաները: Մի քանի դար պետականության բացակայության և զրկանքներից հետո, անցնելով ցեղասպանության արհավիրքների միջով, սփռված ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ 20-րդ դարում վերականգնեցինք պետականությունը:
Ես կցանկանայի կրկին մեջբերել Հայոց ցեղասպանության հրեա ականատեսներից մեկի խոսքերը. «Ես սարսուռով մտածում եմ` ով է լինելու հաջորդը: Երբ ես քայլում եմ Երուսաղեմ տանող օրհնված և սուրբ հողով, ես հարցնում եմ ինքս ինձ` արդյոք հիմա 1915 թվականն է, թե մենք գտնվում ենք Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակներում: Արդյոք ես, հրեա լինելով, մոռացել եմ, որ հրեա եմ: Նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ես իրավունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգության համար, և արդյոք Երեմիա մարգարեն արյան արցունքներ չի թափել նաև հայերի համար»:
Շատերն են համարում, որ հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին աշխարհամարտի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցանքները ստանային միանշանակ միջազգային դատապարտում, և պատասխանատուները արժանի պատիժ կրեին: 1939 թվականի Ադոլֆ Հիտլերի խոսքերը` «Ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին», հստակ հիշեցում են, որ իրագործված ցեղասպանությունների անպատիժ մնալը և ժխտումը նրանց կրկնության համար պարարտ հող են ստեղծում:
Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը ապագայում դրանց կրկնությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Հիշելու իրավունքը, հիշողության միջոցով անցյալի ողբերգությունները ճանաչելը կարևոր են նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Այս առումով Հայաստանի և Իսրայելի ժողովուրդները քաջատեղյակ են և կիսում են անցյալում կրած միմյանց ցավը: Հոլոքոստի վերաբերյալ իրազեկվածության առումով հայերն առաջիններից մեկն են աշխարհում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն` Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ դպրոցական ծրագրերը Հոլոքոստի վերաբերյալ ուղղակի անդրադարձ են պարունակում: Նրանք, ովքեր այցելել են Յադ Վաշեմ, հավանաբար կարդացել են հայերի անունները, ովքեր հրեաների են փրկել Հոլոքոստի ընթացքում և ստացել են «Առաքինիների» վեհ տիտղոսը: Շոայի հիշատակի հիմնադրամի վերջին հարցումը ցույց տվեց, որ Իսրայելում հրեաների 88%-ը ընդունում է Հայոց ցեղասպանությունը:
Սիրելի՛ բարեկամներ,
Այսօր առավոտյան պատիվ ունեցա հանդիպելու Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Մեր քննարկման հիմնական թեմաներից էր հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Այս առումով կցանկանայի շնորհակալություն հայտնել Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, ականավոր պրոֆեսորներ Իսրայել Չարնիին, Յաիր Աուրոնին և շատ այլ հրեա գիտնականների, որոնց աշխատանքները` նվիրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանություններին, բարձր են գնահատվում ողջ աշխարհում:
Մեր ժողովուրդների միջև կա ևս մի կարևոր ընդհանրություն. չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին` մենք վերածնվեցինք: Դժվար կլինի նրանց համար, ովքեր կփորձեն հաշվել տաղանդավոր արվեստագետներին, երաժիշտներին, գիտնականներին, հաջողակ գործարարներին, ովքեր էական ներդրում են ունեցել իրենց ոլորտների զարգացման մեջ 20-րդ և 21-րդ դարերում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առանցքային ուղերձներից մեկն, ըստ էության, վերածնունդն է:
Այն փաստը, որ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբն իր համերգային ծրագրերի մեջ ներառում է 20-րդ և 21-րդ դարերի հայ և հրեա կոմպոզիտորների գործերը, այդ վերածննդի պարզ վկայությունն է»:
Այս տեղեկատվությունը վերցված է ՀՀ Արտգործնախարարության պաշտոնական կայքից:
http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/03/05/min_pres_isr/
http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/03/05/min_jer_armgen/
Լրացում խմբագրության կողմից՝
Համերգի ավարտից հետո պարոն Նալբանդյանը ճեպազրույցներ էր ունեցել հայկական կազմակերպություն-ների ղեկավարների հետ ու կարևորել նման միջոցառումների անցկացումն Իսրայելում: Նրան ուղեկցում էր նաև Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանն(նստավայրը Կահիրե) ու Մայր Հայրենիքից այլ պաշտոնատար անձիք:
Լուսանկարում՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու «Նաիրի» միության անդամները
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Իսրայելի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ պարոն Նալբանդյանը վերջինիս հրավիրել է Հայաստան մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին:
|