18:56, 1 Դեկտեմբեր, 2014
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը և Իսրայելի պետության ֆինանսների փոխնախարար Միկի Լեվին:
Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր` մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու առևտրային հոսքերի աճին: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Իսրայելից Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 28.7 միլիոն ԱՄՆ դոլար, արտահանմանը՝ 2.4 միլիոն: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ստորագրված համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության կառավարությունների միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, Երուսաղեմում: Իսկ 2014 թվականի նոյեմբերի 10-13-ը Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի նախագծի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել կոնվենցիայի բոլոր դրույթների շուրջ, ինչի արդյունքում այն նախաստորագրվել է:
http://armenpress.am/arm/news/786114/armenia-and-israel-to-strengthen-ties-in-customs-sphere.html
|