Դանիա - Արամ MP3-ը «Եվրատեսիլ - 2014»-ի կիսաեզրափակիչի փորձի ժամանակ, Կոպենհագեն,
5-ը մայիսի, 2014թ.
Արամ MP3-ը կրկնեց Սիրուշոյի 2008 թվականի արդյունքը։
Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված «Եվրատեսիլ - 2014»-ում գրավեց չորրորդ տեղը՝ կրկնելով երկրի առայժմ ամենամեծ հաջողությունը երգի այս մրցույթում։
Շաբաթ ուշ երեկոյան մրցույթի եզրափակիչին հաջորդած քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը առավելագույն՝ 12 միավոր ստացավ երեք երկրներում՝ Ֆրանսիայում, Ավստրիայում և Վրաստանում, ևս չորս երկրներում՝ Բելգիայում, Ռուսաստանում, Հունաստանում և Իսրայելում, առաջինն էր հեռուստադիտողների sms-քվեարկությունների արդյունքներով, որոնք, սակայն, ժյուրիները նվազեցրել էին, ընդ որում՝ Բելգիայում Հայաստանին ընդհանրապես միավոր չտրվեց։
«Եվրատեսիլ - 2014»-ին Արամ MP3-ը մասնակցում էր իր իսկ Not Alone երգով, որի բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։
Երգի մրցույթում հաղթեց Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստը՝ Rise Like a Phoenix երգով։
Հայաստանը չորրորդ տեղն էր գրավել նաև «Եվրատեսիլ - 2008»-ում, երբ երկիրը ներկայացնում էր Սիրուշոն՝ «Քելե, քելե» երգով։
Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից։
http://www.azatutyun.am/content/article/25380344.html
Լրացում կայքի խմբագության կողմից՝
Իսրայելահայերի բոլոր ջանքերն ապարդյուն չանցան, և ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Իսրայելը 6 միավոր տվեց Արամին:
Անցյալ տարի «Նաիրի» Միությունը պաշտոնական նամակ էր ուղարկել Եվրոպական Հեռարձակողների Միության ղեկավարությանը՝ խնդրանքով քվեարկություններն զերծ պահել քաղաքական խաղերից ու միջոցներ ձեռնարկել՝ քվեների անաչառ հաշվարկի համար:
|