Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի շենքը:
28.04.2010
Չորեքշաբթի օրը ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ արտահայտվեց Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։ Նմանօրինակ օրինագծեր ընդունվել են նաեւ 2008 եւ 2009 թվականներին, հարցը տեղափոխվել է Կնեսետի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողով եւ, փաստորեն, շարունակություն չի գտել։
Կայացած քննարկմանը ելույթ ունեցավ վարչապետ Բենյամին Նաթանյահուի ներկայացուցիչը, ով առաջարկեց օրինագծի հետագա քննարկումը տեղափոխել Կնեսետի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի օրակարգ։
Կառավարության առաջարկին կողմ արտահայտվեց նաեւ Իսրայելի Կնեսետի խոսնակ, «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչ Ռուվեն Ռիվլինը, ով, ի դեպ, արդեն երկրորդ տարին է կողմ քվեարկում Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգ մտցնելու մասին օրինագծին։
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Հայիմ Օրոնի հետ (աջից երկրորդը)` Կնեսետի շենքի դիմաց, Երուսաղեմ, 28-ը ապրիլի, 2010թ.
Մինչդեռ, օրինագծի հեղինակ, «Մերեց» ձախակողմյան կուսակցության նախագահ Հայիմ Օրոնը, ինչպես նաեւ Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ օրինագիծը պետք է քննարկել կրթության եւ գիտության հանձնաժողովում։ Սա առաջին հերթին պայմանավորված է այն մտավախությամբ, որ արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում մեծ է թուրքական եւ ադրբեջանական լոբբիի ազդեցությունը եւ հարցը կարող է կրկին մոռացության մատնվել։
Չորեքշաբթի կայացած քննարկմանը Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի օրակարգ ընդգրկելուն դեմ արտահայտվեցին հատկապես «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության պատգամավորները։ Այս կուսակցությունը միավորում է ռուսախոս հրեաներին, այդ թվում` Կովկասից ներգաղթածներին, եւ Ադրբեջանից ներգաղթած հրեաները կուսակցությունում պատգամավորներ ունեն:
Նյութը վերցված է «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքից
|