03.04.2016
Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակության այցը՝ շեշտելով պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների անձնական ներդրումը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կնեսեթի փոխխոսնակ Պլոսկովը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական հարաբերություններ են ձևավորվել, և պատգամավորական խումբը նպատակադրված է հավելյալ քայլեր ձեռնարկել դրանց առավել ամրապնդման ուղղությամբ։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստան - Իսրայել երկկողմ օրակարգի հարցեր, գոհունակությամբ արձանագրեցին խորհրդարանական ձևաչափում հաստատված ակտիվ փոխգործակցությունը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանը և միջազգային հանրությունը միակարծիք են՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Աղբյուրը՝ http://www.mfa.am/hy/press-releases/item/2016/04/03/min_israel_knesset/
|