Շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Իսրայելի Պետություն:Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը Իսրայելում է այս երկրի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ Նոկեդի հրավերով: Այցի առաջին օրը՝ մայիսի 16 - ին ստորագրվել է <<Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին>> համաձայնագիրը:Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարն, ի պատիվ Հայաստանի իր գործընկերոջ, կազմակերպել է ընդունելություն: Երեկ Սերգո Կարապետյանին ուղեկցել են նաև գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարության գիտահետազոտական ինստիտուտներ: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Իսրայելի անասնապահական, ձկնաբուծական, ջերմոցային տնտեսություններում, այցելել պտղաբուծական ու խաղողագործական ձեռնարկություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարարին ծանոթացրել են նաև մաշավների և կիբուցների գործունեությանը: Վաղը՝ Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Թել Ավիվում կայանալիք <<Ագրիտեք>> 18-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին: Միջոցառման շրջանակներում կկայանա նախարարական կլոր սեղան, որին կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը: Մայիսի 18 - ին նախատեսված է Սերգո Կարապետյանի հադիպումը Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
|