Նկարում՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սրահում հանդիպում համայնքային պատասխանատուների հետ. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն և Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս, պրն. Ցոլակ Մոմջյանը
ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ Իսրայելում մասնակցում է մեծաթիվ սփյուռք ունեցող 4 պետությունների համար ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի կառավարությունների կազմակերպած սեմինարների աշխատանքներին: Իսրայել կատարած այցի շրջանակներում Հ.Հակոբյանն ունեցել է բազմաթիվ պաշտոնական հանդիպումներ, իսկ մայիսի 4-ին երեկոյան Երուսաղեմի «Ժառանգավորաց վարժարանի» սրահում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը հանդիպման ընթացքում ներկայացրել է նախարարության կողմից կատարված եւ կատարվելիք աշխատանքները եւ պատասխանել է համայնքային պատասխանատուների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին երկքաղաքացիության եւ հայրենադարձության խնդիրներին:
Նկարում՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի սրահում ՀՀ հիմնի
կատարման ժամանակ
Նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ Իսրայելն իր պետությունը ստեղծել է հիմնականում հայրենադարձողների շնորհիվ, եւ քանի որ ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը կապված են հայրենադարձության խթանմանը, ուստի, ըստ նախարարի, շատ կարեւոր է մանրակրկիտ ուսումնասիրել նրանց կողմից մշակված եւ համակարգված ծրագրերը, որոնց շնորհիվ հաջողվել է այդքան շատ մարդկանց վերադարձնել հայրենիք:
Նկարում՝ Հ.Մ.Ը.Մ - ի Երուսաղեմի ատենապետ Սերոբ Սահակյանը
հարցադրման ժամանակ
Նախարար Հակոբյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Իսրայելի ներգաղթյալների ինտեգրման նախարար Սոֆա Լանդվերի, սփյուռքի նախարար Յուլի Իդելշթեյնի, «Սոխնուտ» հրեական գործակալության ղեկավարի հետ: Քննարկվել են հայ-իսրայելական հարաբերությունները, հայկական համայնքի դերն այդ երկրի կյանքում, ինչպես նաեւ այլ հարցեր:
Նյութի պատրաստման համար օգտագործվել են ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքի տեղեկությունները:
|