Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ՀՈԳԵՎՈՐ ՀՈՐՍՙ ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ 90-ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
[ ] 12.05.2011, 11:34
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԿոնսերվատորիայում ուսման տարիներս էին,1970-ի ապրիլի 15: «Լենինիզմից հասկացողները» կարծում եմ անմիջապես կռահեցին, որ ուղիղ մեկ շաբաթ հետո ամբողջ Սովետ Միությունը պիտի տոներ Մեծ (ում համար մեծ, ում համար զերո) առաջնորդի 100-ամյակը: Ներկա սերնդի համար ասեմ, որ ամբողջ երկրով մեկ, մեծ, շա՜տ մեծ միջոցառումներ էին կազմակերպվում, եւ հանկարծ, էլ ինչ հանկարծՙ Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, մարքսիզմի սեմինար դասընթացի ժամանակ մի ուսանող աթոռով հարվածում է դասախոսի գլխինՙ կրկնում եմՙ հարյուրամյակից մեկ շաբաթ առաջ: Այս հոդվածը կարդացողը, եւ նամանավանդ տեսնելով հոդվածագրի անուն ազգանունը, իսկույն պիտի հասկանա, որ հարվածողը... ես էի: Ախր, կյանքս շատ էր կերել, օրը մեկ ասում էր «դատարկագլուխ», էլ չեմ ասումՙ զրկել էր թոշակից: Միայն ի՞նձ. կուրսի կեսից ավելին թոշակ չէր ստանում մի պարզ պատճառովՙ մարքսիզմի մեջ մեր գիտելիքների «օգտակար գործողության գործակիցը» չէր համապատասխանում դասախոս ........... պահանջներին: Իսկ ինձ թոշակը շատ էր անհրաժեշտՙ ամուսնացած էի, ունեի որդի (ես կուրսի ամենատարիքովն էիՙ ուշ եմ սկսել զբաղվել երաժշտությամբ): Միանգամից ասեմՙ արարքս չեմ արդարացնում, բայց ով ներկա էր դեպքին, կհաստատի դրդապատճառը:
 
Մարքսիզմի ամբիոնի վարիչ Համբարձումյանի զանգից հետո Կոնսերվատորիա հայտնված միլիցիայի ուղեկցությամբ հայտնվեցի Սպանդարյանի շրջանի միլիցիայի բաժանմունքում: Ու հետո... տարան: Տարան այնտեղ, ուր «բնակվում են հանցագործները: Հետո իմանում եմ, որ ամբողջ ուսանողությունը դուրս է գալիս ցույցի ցուցապաստառներով, որոնց վրա, ինչպես հիշում էր իմ Գրիգոր Հախինյանը, գրված է եղել «Ազատություն Նուբարին, ........ (դասախոս) դուրս Կոնսերվատորիայից»: Հետին թվով խոնարհաբար շնորհակալ եմ կոնսերվատորիայի ամբողջ ուսանողությունից եւ դասախոսական կազմից, իրենց ժողովներով եւ ստորագրություն նամակներով ինձ նեցուկ լինելու համար: Բացի պարտկոմից: Նրա զբաղեցրած «պոստը» իրեն թույլ չէր տվել իշխանություններին հասցեագրված կոլեկտիվ նամակի տակ դնելու յուր ստորագրությունը: Չնայած ստորագրողների թվում քիչ չէին կուստոմսի «սեփականատերերը»: Աստծո ողորմածությամբ «այդպիսի» տոմս կրող, բայց ներքուստ եւ արտաքնապես մի վիթխարի անձնավորություն, կոնսերվատորիայի այն ժամանակյա ռեկտոր Ղազարոս Սարյանի հետ գնում է Կենտկոմ, քննչական բաժնի պետի մոտ եւ սովետական ժամանակների համար անում անհնարինըՙ փոխում են իմ վրա դրված հոդվածըՙ հինգ տարուց իջեցնելով մեկ տարի (հետոՙ ավելի նվազ): Իսկ հետագայում «հարցերը լուծում» Գերագույն դատարանում (նրանց հետ էր նաեւ իմ պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանը): Դատի օրը, դահլիճում նստած էր այդ մարդը, որը նախօրյակին ասաց ինձ. «Մայրիկին ասա, չանհանգստանա, հակառակ դեպքում ինքս անձամբ քո հարցը կդնեմ Ներման խորհուրդ»: Կարիքը չեղավ: Եվ քանի որ արդեն կարճ ժամանակ «գրանցվել» էի բերդում, հայտնվեցի ազատության մեջ: Եվ այդ օրվանից այդ ՄԵԾ մարդը մտավ իմ հոգու մեջ որպես իմ հոգեւոր հայր...: Համոզված եմ հասկանում եք (նամանավանդ արդեն կա տեքստիս վերնագիրը), որ խոսքը վերաբերում է Հայաստանի (եւ ոչ միայն) համար լեգենդար, կենդանի պատմական անձնավորություն Էդվարդ Միքայելի Միրզոյանի մասին: Եվ այդ մեծ հարգանքն ու նվիրվածությունը դեպ Էդվարդ Միքայելին ինձ այնքան էր կաշկանդել, որ չնայած կնսերվատորիան ավարտելուս 9 տարիներին, չէի համարձակվում դիմում ներկայացնել Կոմպոզիտորների միություն ընդունվելու համար, մինչեւ որ իմ Գրիգոր Հախինյանը հայրաբար (ախ շատ մոտ էի հետը) կշտամբեց եւ հրամայեցՙ գնա՛ դիմումդ գրի: Փառք Աստծոՙ ընդունվեցի պատվով: Իսկ Էդ. Միրզոյանը բոլորին (միության վարչությանն ու ընդունող հանձնաժողովին) ասաց. «Այ այսպես պետք է ընդունվել միություն (ոմանք ընդունելության դիմումներ էին գրում կոնսերվատորիան անմիջապես ավարտելուց հետո)... ...Ամառները, իմ ղեկավարած փողային նվագախմբով աշխատում էի գեղատեսիլ Հանքավանի պիոներական ճամբարներում: Ու մի օր էլ զանգ Երեւանից: Միության քարտուղարուհին ասաց. «Էդվարդ Միխայլովիչը սպասում է քեզ»: Հասա Երեւան, մտա մոտը, ասաց. - Նուբա՛ր, ինչու հարցաթերթիկիդ մեջ չես նշել քո դատվածության (հարկադիր) մասին: Այո, տիկնոջս հետ պիտի մեկնեինք Հունգարիա, հարցաթերթիկը լրացնելուց առաջ (հատկապես դատվածությանը վերաբերող կետը) եղա դատախազությունում խորհրդակցելու: Ասացին, անցել է արդեն տասնյոթ տարի եւ մեխանիկորեն քո վրայից հոդվածը հանված է: Այս բոլորը հաղորդեցի Էդ.Միրզոյանին: Հավատաց, վերցրեց կարմիր (կառավարական) հեռախոսն ու զանգահարեց ՕՎԻՐ-ի պետ Շեկոյանին, եւ իրեն հատուկ հումորով սկսեց պատմել նրան, թե ինչպես է Նուբարը աթոռով հարվածել մարքսիզմի դասախոսի գլխին: Պատմում էր իմ ներկայությամբ եւ լիաթոք ծիծաղում... (դեռ Սովետ. իշխանությունը «կենդանի էր»...): Իսկ հետո, իր, պատգամավորական նոթատետրի էջի վրա «ինչ որ բան» գրեց, եւ ասաց. «Ռոզայի (քարտուղարուհու) հետ գնացեք, Ռոզան գրությունը կփոխանցի Շեկոյանին»: Ես վերցրեցի այդ գրությունն ու հուզմուքից կմկմալով ասացի. «Էդվարդ Միխայլովիչ, ես այս գրության պատիվը գետնովը չեմ տա»: Ասաց. «գնա Նուբար, ես գիտեմ ում եմ տալիս...»: (Հիշո՞ւմ եք «Մանկավարժական պոեմ» ֆիլմում ինչպես Մակարենկոն մեծ գումար վստահեց գող ավազակին...): Երկու տարի անց Հարավսլավիաից, ստեղծագործությանս կատարման կապակցությամբ հրավերք էր եկել: Տարվա վերջն էր:Միրզոյանը արտասահմանում էր: Տեղակալ Լեւոն Չաուշյանն ասաց, որ հաշվապահական հաշիվներն արդեն փակված են, սպասենք մինչեւ Միրզոյանը գա տեսնենք ինչ կանի: Եկավ: Գնացի մոտը: Միանգամից ասաց. «Նուբար, դու մի անհանգստացի, դու կմեկնես»: Ասացի, որ չեմ անհանգստանում: «Չէ, աչքերիցդ եմ տեսնում» ասաց, ու վերցրեց հեռախոսը, այս անգամՙ Մոսկվա: Ես ներկա եղա իմ ստեղծագործության կատարմանը: Որովհետեւ հզոր էր... Թող չստացվի տպավորություն, թե Էդ. Միրզոյանը «միայն ինձնով էր» զբաղված: Եթե իմ նման, իրենց հիշողությունները պատմեն նրանք, որոնց նեղ ու դժվար օրերին հասել է իմ հոգեւոր հայրը, ապա թերթը պիտի ստիպված մի քանի շաբաթ տպագրի միայն շնորհակալ անձանց հիշողությունները, քանզի Էդվարդ Միրզոյանը միայն մեծ (չեմ քաշվում ասելու) կոմպոզիտոր չէ, որովհետեւ նրա յուրաքանչյուր ստեղծագործություն գլուխգործոց է (չթվեմ, հայտնի են...), քանզի կոմպոզիցիաից բացի, նա իր ամբողջ կյանքում մարդկանց օգնության հասնելու բարեգործութունից զատ զբաղված է եղել քաղաքական, հասարակական գործունեությամբՙ ի փառս Հայրենյաց եւ թերեւս դա է պատճառը, որ արվեստի նոր գլուխգործոցներ ստեղծելու համար ժամանակը բավարար չէր...: Եվ շատ ու շատ քաղաքական, եւ ինչու չէ, մշակույթի գործիչներ (կործանիչներՙ եւ երեկ եւ այսօր) կփափագեին ունենալ դիվանագետի, իրողությունները գնահատելու, մարդկանց մտքերը կարդալու, «հայերեն ասած»ՙ «թացը չորից ջոկելու» բնատուր այն շնորհքն ու տաղանդը, որով Տերը օժտել է իմ Էդվարդ Միրզոյանին: Այլ հարց, թե ով ինչպես է պատասխանել եւ վերաբերվել այս ՄԵԾ անձնավորությանը, նամանավանդ այն օրերին, երբ արդեն «ջուրը պղտորվեց» եւ յուրաքանչյուրը ցանկացավ բռնել «իր բաժին» ձուկը թեկուզ եւ իր... ուսանողների շրջանում, որոնց ծնել եւ սնել է ՄԵԾ կոմպոզիտոր մանկավարժը: Ասացիՙ դիվանագետ, «թացը չորից ջոկող», քանզի ներկա եմ եղել 1991թվին, Մոսկվայում, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության, ինչպես հետո պարզվեցՙ վերջին համագումարում, Էդվարդ Միրզոյանի նախագահության օրը (իսկ նրան միշտ է վստահվել համագումարի նախագահությունը նախագահ Տ. Խրեննիկովից անմիջապես հետո, չնայած կային եւս տասնհինգ քարտուղար համանախագահներ) բեմ բարձրացավ Աբխազիայի պատվիրակությունը եւ պահանջեց համագումարից, որպեսզի վերջինս որոշում ընդունի եւ հայտարարություն անի Վրաստանի ագրեսիայի մասին ընդդեմ Աբխազիայի: Կասկածից վեր էր, որ սա որոշակի, ավելի ճիշտՙ հայտնի ուժերի կողմից հատուկ, լավ մշակված պրովոկացիա էր ընդդեմ... Հայաստանի, քանզի, եթե ընդունվեր այդ հայտարարությունը, իսկ երեկոյան անպայման «Վրեմյան» կհաղորդեր այդ մասին, եւ կնշանակեր, որ ընդունվել է հայ (այն էլ ծնված վրացական Գորիում) նախագահի ժամանակ: Միայն տեսնեիք, թե այս կամ այն կողմերից ինչ «պատվիրված» ճնշումներ եղան նախագահող Միրզոյանի վրա: Իսկ մեր «հա՞լը», որ հանկարծ նախագահը չթուլանա: Դիմացավ: Զորացավ: Հաղթեց: Իսկ «ինչ նստեց» այդ պատասխանատվության տառապանքները նրա վրա: Մի ամբողջ կյանք: Որոշումը չընդունվեց, տեղափոխվեց հաջորդ օրվա վրա, այն էլ որպեսզի համագումարի պատվիրակները ստանան Աբխազիայի պատվիրակության նախագիծն ու ծանոթանան: Ընդմիջմանը զբոսասրահում ընկա վիզը եւ հիացմունքով բղավեցի. «Էդվարդ Միխայլովիչ, էս ի՞նչ արեցիք, ո՞նց դիմացաք»: Ու ասաց. «Երեխա ե՞նք, ինչ է, Վրաստանում կես միլիոն հայեր են ապրում»: Եվ կանխեց հայ-վրացական «պատերազմը»... Ո՞վ իմացավ, ո՞վ գնահատեց: Չէ, ինչու՞, «գնահատեցին», նպաստեցին նրա տապալմանը: Հայաստանի կոմպոզիտորների միության, ուժերի ծաղկուն շրջանում գտնվող նախագահը փոխվեց:
Դավը «տնից» էր: Նա հեռացավ միությունից եւ ասաց. «Այլեւս իմ ոտքն այստեղ չի լինի»:
«Ես ձեզ եմ դիմում աշխարհի մարդի՛կ, Ուոլ Սթրիթում ինձ չեն հասկանա»ՙ ես ձեզ եմ դիմում ՀԱՅԵ՛Ր, ե՞րբ պիտի ՄԱՐԴՈՒՆ գնահատե՛ք կենդանի ժամանակ:
Ես նկատի չունեմ այս օրերի համերգները, այն էլ, ըստ որոշ լուրերի, երեկվա «բեղ ու մորուք արվեստագետներ» մեծ գումարներ են պահանջում մասնակցելու ՄԵԾ ՄԱՐԴՈՒ իննսունամյա տարեդարձի հոբելյանական համերգներին: Եվ ուզում եմ հավատացնել, որ այդ բոլորը նրան բնավ պետք չէ: Ձե՛զ է պետք: Մե՛զ է պետք: Սերունդների՛ն...
Շնորհավոր Ձեր իննսունամյակը, եւ օրհնվի Ձեր ծնունդը, Մեծ ՄԱՐԴ:
Ձեզ միշտ երախտապարտՙ ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայֆա, Իսրայել: 05.05.11.
Հ. Գ.- Ամիսը երկու անգամ խոսում եմ հետը հեռախոսով, որ ձայնը լսեմ, որ իմանամ «հալն ու քեֆը»...
 
 
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 490 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.119.118.151
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024