Հրատարակության է պատրաստվում Հայաստանի ականավոր հրեաների մասին գիրքը
[ ]
15.09.2011, 23:02
Սեպտեմբեր 15, 2011 | 06:01
Հայաստանի հրեական համայնքը պատրաստվում է իր հիմնադրման 20-ամյակի տոնակատարությանը: Տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվում է Հայաստանի ականավոր հրեաների մասին գրքի հրատարակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրեական համայնքի «Մահեն Դավիդ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը:
«Սա գիրք է այն հրեաների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում' գիտություն, մշակույթ, արտադրություն»,-նշեց նա' ավելացնելով, որ Հայաստանում հայտնի անձանց թվում իսկապես շատ են հրեական համայնքի ներկայացուցիչները եւ «չէին ցանկանա, որ նրանց գործը մոռացության մատնվեր»:
Մի քանի տարի առաջ լույս է տեսել «Հայաստանի հրեաները. Միջնադար» գիրքը' մոտ մեկուկես հազար տպաքանակով: Այն հրատարակվել է Եղեգնաձորում անցկացված գիտաժողովի նյութերի հիման վրա: Այնտեղ գտել էին միջնադարյան հրեական գերեզմանոց , որը հայ ու հրեա գիտնականները համատեղ ջանքերով վերականգնել էին:
«Հայաստանի այսօրվա հրեաները նրանց ժառանգները չեն: Նրանք աշկինասիական հրեաներ են, որոնք այստեղ են հայտնվել տարբեր ճանապարհներով: Ոմանք ամուսնացել են, ոմանք նրանց ժառանգներ են: Համայնքի հիմնական մասը կանայք են»,-նկատեց Լիվշիցը:
Նրա խոսքերով' շատ նախագծերում իրենց օգնում է Հայաստանի կառավարությունը, Մշակույթի նախարարությունը: «Նրանց կողմից էլ գումար է հատկացվել գրքի հրատարակության համար, սակայն մենք հովանավորների միջոցով կավելացնենք գումարը' ավելի մեծ ծավալով հրատարակելու համար»: