Ապրիլ 2011, N 4
ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ.
1993Թ.ՕՍԼՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸԱրտակ Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վերջին ամիսներին արաբական աշխարհում կայծակնային արագությամբ ընթացող իրադարձությունները կարծես «ստվերել» են մերձավորարևելյան ամենահին ու դժվարլուծելի խնդիրը` պաղեստինյանը: Պաղեստինի արաբ ժողովրդի ինքնավարության ձեռքբերման և նորանկախ Պաղեստին պետության ստեղծման երկարատև գործընթացն այսօր էլ մնում է համաշխարհային դիվանագիտության օրակարգում` որպես մերձավորարևելյան թնջուկի գլխավոր հանգույց:
Պաղեստինյան հարցը, որն իրավաբանական տեսանկյունից առաջացավ 1947թ. նոյեմբերի 29-ին` ՄԱԿ Անվտանգության խորհրդի 181-րդ բանաձևի ընդունման հետևանքով1 և հետագա տարիներին ավելի ընդարձակվեց և ճյուղավորվեց2, 1988թ. թևակոխեց նոր փուլ։ Նշենք, որ այդ փուլը տրամաբանական շարունակությունը և հետևանքն էր նախորդ զարգացումների և այն բազմամյա պայքարի, որ մղում էր Պաղեստինի Ազատագրության կազմակերպությունը (ՊԱԿ) հանուն Պաղեստինի արաբ ժողովրդի օրինական իրավունքների ապահովման և անկախ ու ինքնուրույն գոյատևման։
1947թ. նոյեմբերին հրավիրված արաբական երկրների համատեղ համագումարը ՊԱԿ-ը ճանաչեց որպես Պաղեստինի արաբական ժողովրդի միակ և օրինական ներկայացուցիչ։ 1978թ. նոյեմբերին այն որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ ճանաչեց նաև ԽՍՀՄ-ը։ Իսրայելյան բանակի Լիբանան ներխուժումը 1982թ. և ՊԱԿ շտաբ-ռազմակայանի ռմբակածումը 1985թ. Թունիսում չլիկվիդացրին ՊԱԿ-ը։ Սակայն Հորդանան գետի արևմտյան ափը (շուրջ 5.500 քառ. կմ տարածք), համաձայն 1949թ. ապրիլի 3-ին Իսրայելի և Հորդանանի միջև կնքված համաձայնագրի, անցել էր Հորդանանին3, իսկ 1967թ. արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Իսրայելը գրավել էր վերոհիշյալ տարածքը Հորդանանից։ Այնպես որ, արաբական երկրների համագումարը, ՊԱԿ-ը որպես Պաղեստինի արաբ ժողովրդի միակ ներկայացուցիչ ճանաչելով, իրավաբանական տեսանկյունից պաշտոնապես չէր ճանաչել վերջինիս վարչական իրավունքներն արևմտյան ափի հանդեպ։ Արևմտյան ափի պաղեստինցիները համարվում էին Հորդանանի թագավոր Հուսեյն բեն Թալալի հպատակներ4։ ՊԱԿ մերժումը` ճանաչել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, ստիպել էր Հորդանանի Հուսեյն թագավորին խստացնել կապերը ՊԱԿ-ի հետ։
1980-ական թթ. վերջերին հարաբերություններն Իսրայելի և Պաղեստինի միջև թևակոխեցին նոր փուլ՝ կապված բռնագրավված տարածքներում անզեն ապստամբությունների հետ, ինչը պատմության մեջ մտել է ինթիֆադա անունով։ Դրանք ուղեկցվում էին ցույցերով, բախումներով, իսրայելցի զինվորների և քաղաքացիների վրա քարեր նետելով։ Ի պատասխան` իսրայելական կառավարությունը դաժան հաշվեհարդար սկսեց, ինչն արժանացավ ՄԱԿ և նույնիսկ ԱՄՆ քննադատությանը։ ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության մեջ նշմարվում էին որոշ փոփոխություներ։ 1988թ. փետրվար-ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Շուլցը կոչ արեց Իսրայելի վարչապետ Շամիրին բանակցություններ սկսել արևմտյան ափի և Ղազայի շուրջ և գնալ երկկողմ բանակցությունների արաբական երկրների հետ։
Ինքնավարության հաստատման ճանապարհին առաջին քայլը, մեր կարծիքով, 1988թ. հուլիսի 30-ին Հորդանանի թագավոր Հուսեյնի ընդունած որոշումն էր, որով թագավորը կտրեց վարչական կապերն արևմտյան ափի հետ, իսկ նոյեմբերի 15-ին Հորդանանը հրաժարվեց արևմտյան ափի հանդեպ իր հավակնություններից՝ հօգուտ պաղեստինյան արաբ ժողովրդի5։ Այս քայլի պատասխանը եղավ այն, որ 1988թ. դեկտեմբերին ՊԱԿ Ազգային խորհուրդն ընդունեց ՄԱԿ 181-րդ բանաձևը, ճանաչեց Իսրայելի գոյության իրավունքը։ ՊԱԿ-ն ընդունեց նաև 242 և 338-րդ բանաձևերը, ներառյալ ահաբեկչությունը դադարեցնելու կետերը։ Այս քայլից հետո ԱՄՆ-ը պաշտոնական երկխոսություն սկսեց ՊԱԿ-ի հետ (13 տարվա ընթացքում առաջին պաշտոնական հարաբերություններն էին)։ Երկխոսությունը տևեց երկու տարի։
1988թ. նոյեմբերի 15-ին ՊԱԿ Ազգային խորհուրդը, Ալժիրում, ընդունեց Պաղեստինի անկախության հռչակագիրը, որում, մասնավորապես, ասվում էր. «Պաղեստինը՝ երեք մոնոէթնիկ հավատների երկիրը, պաղեստինյան արաբ ժողովրդի ծննդավայրն է, որտեղ նրանք աճել և զարգացել են։ Այնպես որ, պաղեստինյան արաբ ժողովուրդն ապահովել է իր համար հավիտենական միություն իր երկրի և նրա պատմության հետ։ Անսասան ամբողջ պատմության ընթացքում` պաղեստինցի արաբ ժողովուրդը կռել է իր ազգային ինքնատիպությունը, բարձրացել աներևակայելի մակարդակի՝ պաշտպանվելով նվաճողներից, հասել այն անգերազանցելի բարձունքին, ուր հասնում և միանում են քաղաքակրթությունները։ Ներկա ժամանակներում, երբ հռչակված են նոր նորմեր և արժեքներ, պաղեստինցի արաբ ժողովրդին թույլ չի տրվում որոշել իր ճակատագիրը մյուս ժողովուրդների նման։ Պաղեստինցի արաբ ժողովուրդը դեռ չէր ապաքինել վերքերը, երբ ենթարկվեց նոր օկուպացիայի, որի հիմքն այն միտքն էր, որ «Պաղեստինը երկիր է առանց ժողովրդի»։ Այս հասկացությունը որոշ ուժերի կողմից ստիպողաբար ընդունվեց 1919թ. Ազգերի լիգայի կողմից (հոդված 22) և 1923թ. Լոզանի կոնֆերանսում։ Հեղափոխական պայքարի միջոցով Պաղեստինի պատմությունը հասել է վճռական պահի։ Այժմ ազգային, պատմական և օրինական իրավունքների առաքելությամբ, հանուն բազմաթիվ սերունդների զոհերի, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն իրենց հողի և ազատության, համաձայն արաբական երկրների կոնֆերանսի բանաձևի և 1947թ. ընդունված ՄԱԿ բանաձևի, ինչպես նաև Պաղեստինի արաբ ժողովրդի ինքնակառավարման և քաղաքական անկախության փորձի հիման վրա Պաղեստինի Ազգային խորհուրդն Աստծո և պաղեստինյան արաբ ժողովրդի անունից հայտարարում է Պաղեստինի պետության կայացման և հաստատման մասին մեր պաղեստինյան տարածքներում՝ Երուսաղեմ (Al-Quds Ash-Sharif) մայրաքաղաքով»6։
Հռչակագրում միաժամանակ նշվում էր, որ պաղեստինյան պետությունն աշխարհի տարբեր վայրերում սփռված պաղեստինցիների պետությունն է և արաբական ազգի անբաժան մասը։ Հռչակագիրը հավատարմություն էր հայտնում ՄԱԿ սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման սկզբունքներին։ Չնայած Պաղեստինի Ազգային խորհրդի իրավասությունների ներքո անկախ պետություն հռչակելու պահին ոչ մի քառ. կմ հողատարածք չկար, այնուամենայնիվ, եղան պետություններ, որոնք ճանաչեցին «նոր պետությունը»: Դրանք այն պետություններն էին, որոնք չէին ճանաչել Իսրայելը, այլ կերպ ասած` հիմնականում արաբական երկրներ էին: Եվրոպական երկրները, ճիշտ է, չճանաչեցին Պաղեստինյան պետությունը, բայց սկսեցին կապեր հաստատել ՊԱԿ-ի հետ7: 1988թ. հոկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Ուոյդեգրեյվը հանդիպեց Արաֆաթի խորհրդական Բասամ Աբու Շարիֆի հետ, որն աշխուժացրեց ՊԱԿ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: Ավելին, Եվրախորհուրդը, քննելով իրադրությունը Մերձավոր Արևելքում, 1989թ. հունիսի 27-ին ընդունեց Մադրիդի հռչակագիրը8, որում, մասնավորապես, ասվում էր. «Եվրախորհրդի մերձավորարևելյան քաղաքականությունը որոշվում է 1980թ. հունիսի 13-ի Վենետիկի հռչակագրով: Այն առաջնորդվում է տարածաշրջանի բոլոր պետություների անվտանգության իրավունքի ապահովման սկզբունքով, ներառյալ Իսրայելի, որին կոչ է արվում ապրել ապահովության մեջ՝ ճանաչելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը: Եվրախորհուրդը կոչ է անում ՄԱԿ հովանու ներքո միջազգային խաղաղության կոնֆերանս հրավիրել, ուղղակի բանակցություններ սկսել շահագրգիռ կողմերի միջև: ԵԽ-ը այն կարծիքին է, որ ՊԱԿ-ը ևս, որպես լիիրավ անդամ, պետք է մասնակցի այդ գործընթացին»9:
Այս գործընթացներին զուգահեռ, նկատվում էր արաբական երկրների և կազմակերպությունների համախմբման միտում: 1989թ. օգոստոսի 3-ին պաղեստինյան ազդեցիկ կազմակերպություններից մեկը՝ «Ֆաթհը», իր 5-րդ համագումարում հաստատեց ՊԱԿ նոր մարտավարությունը՝ ընդունված 1988թ. Ալժիրում, Ազգային խորհրդի կողմից: Վերոհիշյալը ստիպեց Իսրայելի վարչապետ Շամիրին 1989թ. մայիսին հայտարարել 5 կետ պարունակող ծրագրի մասին, որը ներառում էր բանակցություններ ժամանակավոր ինքնավարության շուրջ, ներառյալ ընտրությունների կազմակերպումն արևմտյան ափում և Ղազայում: Ծրագիրը նախատեսում էր ավելի ուշ բանակցություններ սկսել հակամարտության լուծման շուրջ: Մի փոքր ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Բեյքերն իր հերթին ներկայացնում է Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ 5 կետանոց ծրագիր: Սակայն այն մերժվում է Շամիրի կողմից, 1990թ. հունիսին աջաթևյան կոալիցիոն կառավարության կազմավորումից հետո10: Բեյքերի ծրագրի մի կետը, սակայն, կատարվում է՝ Սիրիան վերականգնում է հարաբերությունները Եգիպտոսի հետ (դրանք դադարեցվել էին Քեմփ Դևիդից հետո):
Ինքնավարության ձեռքբերման և խաղաղության հաստատման գործընթացը տեղատվություն ապրեցին իրաքա-քուվեյթյան ճգնաժամի ընթացքում: 1990թ. օգոստոսի 2-ին Իրաքն օկուպացնում է Քուվեյթը: Արաֆաթի` Հուսեյնին ցուցաբերած աջակցությունը ստիպում է, որ Ծոցի արաբական երկրները դադարեցնեն օգնությունը ՊԱԿ-ին: 100 հազար պաղեստինցիներ ստիպված հեռացան այդ երկրներից: Մինչ այդ` հունիսին, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշ-ավագը դադարեցրել էր 2 տարի տևած երկխոսությունը ՊԱԿ-ի հետ, քանզի վերջինս հրաժարվել էր ազդել Պաղեստինի Ազատագրության ճակատի վրա` դադարեցնելու համար ծովային ռազմական գործողություններն Իսրայելի դեմ11: Հարաբերություններն ավելի լարվեցին, երբ հունիսի 5-ին 7 պաղեստինցի բանվոր սպանվեց Թել Ավիվի մոտ` իսրայելցի մի զինյալի կողմից: ԱՄՆ կառավարությունը մերժեց Արաֆաթի այցը ԱՄՆ՝ քննարկելու իրադրությունը, որից հետո ՄԱԿ Գլխավոր ասամբլեան պաղեստինյան հարցի հետ կապված արտակարգ նստաշրջան հրավիրեց Ջենովայում: Արաֆաթը կոչ արեց ապահովել պաղեստինյան ժողովրդի միջազգային պաշտպանությունը ՄԱԿ ներկայացուցիչների և Լիբանանի հարավում խաղաղապահ ուժերի տեղակայման շրջանում, ապահովել նրանց կյանքն ու գույքը, ինչպես նաև սրբավայրերը: ԱՄՆ-ը վետո դրեց ՄԱԿ ԱԽ առաջարկության վրա, որով նախատեսվում էր դեպքերը բացահայտող հանձնաժողով ուղարկել այդ շրջան12: ՊԱԿ-ի ղեկավարները հացադուլ հայտարարեցին ԱՄՆ այդ որոշման դեմ: Իր հերթին` Բաղդադում հրավիրված արաբական երկրների համաժողովն աջակցություն հայտնեց պաղեստինյան ժողովրդին և խստորեն դատապարտեց խորհրդային հրեաների բնակեցումը բռնագրավված տարածքներում: Հունիսի վերջին Եվրախորհուրդն ընդունեց Դուբլինի հռչակագիրը Մերձավոր Արևելքի վերաբերյալ, որով դատապարտվում էին մարդու իրավունքների խախտումները և բռնություններն Իսրայելի կողմից, ինչպես նաև խորհրդային հրեաների բնակեցումը բռնագրավված տարածքներում: Հռչակագիրը պարունակում էր նաև տնտեսական օգնության ծրագիր բռնագրավված տարածքներին13:
Ծոցի պատերազմից հետո արաբա-իսրայելական հակամարտության լուծման շուրջ բանակցությունները վերսկսվեցին: ԽՍՀՄ փլուզումը և Ծոցի պատերազմը վճռական նշանակություն ունեցան Մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Փորձելով այդ փոփոխությունների մեջ առավելություն ապահովել իր երկրի համար` ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը պատերազմի ավարտից հետո 8 անգամ ուղևորվեց տարածաշրջան: Այն, որ Մադրիդի կոնֆերանսին հրավիրվեցին Իսրայելը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և պաղեստինցիները, արդյունք էր այս դիվանագիտության14: 1991թ. հոկտեմբերի 8-ին Բեյքերը Երուսաղեմում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բուշը և Գորբաչովն այցելել են Իսրայել, արաբական երկրներ և Պաղեստին՝ հրավիրելու Մերձավորարևելյան խաղաղության կոնֆերանս, որը սկսվելու է հոկտեմբերի 30-ին Մադրիդում: Բեյքերը հայտարարեց, որ կոնֆերանսը ձգտելու է հասնել կողմերի ուղղակի բանակցությունների, որն էլ իր հերթին հնարավորություն կտա հասնել խաղաղության: 1991թ. հոկտեմբերի 30-ին բացելով կոնֆերանսը` Բուշն ասաց. «Մեր խնդիրն է հասնել իրական խաղաղության, ապահովության, կողմերի միջև դիվանագիտական, տնտեսական, մշակութային, առևտրական հարաբերությունների: Ժամանակն է, որ տեղի ժողովուրդները և կառավարությունները հոգ տանեն Մերձավոր Արևելքի ապագայի վերաբերյալ»15:
Մադրիդի գործընթացն ուներ հետևյալ կառուցվածքը.
1. Կոնֆերանսն իրավունք չուներ պարտավորեցնել կամ լուծումներ հարկադրել:
2. Լինելու էին երկկողմանի բանակցություններ արաբական երկրների և Իսրայելի միջև։
3. Բանակցությունները պաղեստինցիների հետ 5-ամյա ժամանակավոր ինքնավարության շուրջ պետք է հետևեն մշտական կարգավորման շուրջ բանակցություններին:
4. Բազմակողմանի բանակցություններ տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ՝ փախստականներ, ջրային հարցեր, տնտեսական զարգացման հարցեր:
5. Կոնֆերանսը չի կարող վետո դնել կողմերի միջև կնքված որևէ համաձայնագրի վրա:
6. Կոնֆերանսը կարող է վերագումարվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում:
7. Բանակցություններն ընթանալու են 2 թևերում՝ Իսրայելի և Պաղեստինի միջև, Իսրայելի և արաբական երկրների միջև՝ հիմնված ՄԱԿ 242 և 338-րդ բանաձևերի վրա:
Ուղղակի երկկողմանի բանակցությունները սկսվեցին կոնֆերանսի բացումից 4 օր հետո՝ նոյեմբերի 3-ին: Կոնֆերանսը տեղի էր ունենում նախարարների մակարդակով: Նախագահում էին Բուշը և Գորբաչովը, Եվրամիությունը ներկայացված էր նախագահությունում: Պաղեստինյան կողմը, որի ղեկավարն էր Աբդուլ Շեյֆ Հայդերը, մասնակցում էր կոնֆերանսին հորդանանյան պատվիրակության կազմում: Հրավիրված պետություններ էին Իսրայելը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը և Եգիպտոսը: Կոնֆերանսին դիտորդի կարգավիճակով մասնակցում էին ՄԱԿ-ը և Ծոցի Համագործակցության խորհուրդը: Կոնֆերանսը հրավիրողները նախատեսում էին շոշափել ժամանակավոր ինքնավարության հարցերը: ԱՄՆ-ը նախատեսում էր ինքնավարության փուլը սահմանել 5 տարի, որի 3-րդ տարում պետք է սկսվեին բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ: Մադրիդի կոնֆերանսի հիմնական որոշումն այն էր, որ վճռվեց ուղղակի երկկողմանի փուլային բանակցություններ սկսել Իսրայելի և պաղեստինցիների միջև, որոնք անցկացվելու էին աշխարհի տարբեր երկրներում16:
1991թ. նոյեմբերի 1-ին պետքարտուղար Բեյքերը կոնֆերանսի փակման խոսքում ասաց. «Խաղաղության գործընթացում նկատվում է լուրջ առաջընթաց, երկկողմանի բանակցություններ սկսելու որոշմամբ կատարվել է ճեղքում»17: Բեյքերը և ԽՍՀՄ արտգործնախարար Պանկինը կոչ արեցին երկկողմանի բանակցությունները սկսել անմիջապես:
Երկկողմանի բանակցությունների առաջին փուլը բացվեց հենց Մադրիդում, երկու օր անց` նոյեմբերի 3-ին: Իսրայելի ներկայացուցիչներն առանձին-առանձին հանդիպումներ ունեցան Հորդանանի, Սիրիայի և Լիբանանի ներկայացուցիչների հետ: Սակայն բանակցությունները հետաձգվեցին՝ չհամաձայնեցվելով, թե երբ և որտեղ պետք է վերսկսվեն: Բանակցությունները վերսկսելու համար ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կողմերին առաջարկեցին դեկտեմբերի 4-ին հանդիպել Վաշինգտոնում: Հորդանանը, Սիրիան, Լիբանանը համաձայնեցին, իսկ Իսրայելը հայտարարեց, որ պատրաստ չի լինի բանակցություններին մինչև դեկտեմբերի 9-ը: ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը հանդես եկան նոր առաջարկությամբ` բազմակողմանի բանակցություններ հրավիրել Մոսկվայում 1992թ. հունվարի 28-29-ը: Դեկտեմբերի 11-ին բանակցություններն Իսրայելի և Սիրիայի ու Լիբանանի միջև վերսկսվեցին, իսկ հորդանանա-պաղեստինյան պատվիրակության հետ դրանք հետաձգվեցին ընթացակարգային տարբերությունների պատճառով: 1992թ. հունվարի 6-7-ը Իսրայելը և հորդանանա-պաղեստինյան պատվիրակությունը հարթեցին ընթացակարգային տարբերությունները, ինչը հնարավորություն տվեց սկսել բանակցությունների 3-րդ փուլը: Սա ԱՄՆ քաղաքական շրջանակները որակեցին որպես «մեկ քայլ առաջ»:
1992թ. հունվարի 28-29-ին Մոսկվայում սկսվեցին բանակցությունները տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկման առարկա դարձան պաղեստինցի փախստականների, զինվորական վերահսկողության և շրջակա միջավայրի պահպանման հարցերը: 2-րդ և 3-րդ փուլերի բանակցությունները շարունակվեցին Լիսաբոնում և Լոնդոնում:
Արաբա-իսրայելական բանակցությունների 4-րդ փուլն ընթացավ 1992թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, Վաշինգտոնում: Այս փուլում արաբական երկրներն առաջարկեցին ընտրություններ կազմակերպել արևմտյան ափում և Ղազայում: Իսրայելը մերժեց առաջարկը, և բանակցությունները նորից մտան փակուղի: Միայն ԱՄՆ-ի՝ Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի դեմ կազմակերպված դիվանագիտական դեմարշերից հետո բանակցությունները վերսկսվեցին: Ձեռք բերվեց համաձայնություն այն բանի շուրջ, որ բանակցող աշխատանքային խմբերի հետագա հանդիպումները տեղի են ունենալու Բելգիայում (տնտեսական զարգացման հարցերի շուրջ), Ճապոնիայում (շրջակա միջավայրի պահպանման հարցերի շուրջ), Վաշինգտոնում (տարածաշրջանային անվտանգության և ռազմական վերահսկողության հարցերի շուրջ), Կանադայում (փախստականների շուրջ) և Թուրքիայում կամ Ավստրիայում (ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ)18: Բանակցությունների 6-րդ փուլում, որը տեղի ունեցավ 1992թ. օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 14-ը, Սիրիան և Իսրայելը հասան նշմարելի առաջընթացի: Առաջին անգամ Իսրայելը խոսեց Գոլանի բարձունքներից զորքերի մասնակի դուրսբերման հնարավորության մասին: Իսրայելական կողմի դիրքորոշման մեղմացումն ինչ-որ չափով կապված էր նաև այն հանգամանքի հետ, որ 1992թ. հունիսյան ընտրությունների ժամանակ Լիկուդ կուսակցությունը կորցրեց պառլամենտական մեծամասնությունը, և Աշխատանքի կուսակցության ղեկավար Ռաբինը, որը հայտնի էր համեմատաբար մեղմ դիրքորոշմամբ, կազմավորեց նոր կառավարություն:
Բանակցությունների 7-րդ փուլում, 1992թ. հոկտեմբերին Իսրայելը կրկին պատրաստակամություն հայտնեց Գոլանից դուրս գալու վերաբերյալ, բայց միաժամանակ հասկացրեց, որ չի պատրաստվում հանձնել ռազմավարական կարևոր հենակետերը: Իր հերթին պաղեստինյան պատվիրակությունը համանման դուրսբերման կոչ արեց արևմտյան ափից, Ղազայից և Երուսաղեմից:
Բանակցությունների ընթացքում նկատվում էր, որ պաղեստինյան պատվիրակությունը ձգտում է ազատվել Հորդանանի հովանավորությունից և հանդես գալ որպես ինքնուրույն կողմ: 1992թ. դեկտեմբերին, բանակցությունների 8-րդ փուլում, պաղեստինցիները սակավամարդ պատվիրակություն ուղարկեցին` այդ կերպ ցույց տալով, որ Իսրայելի առաջարկություններն ինքնավարության շուրջ անբավարար են: Բանակցություններն ընդհատվեցին այն բանից հետո, երբ 6 իսրայելցի զինվոր սպանվեց պաղեստինցի ծայրահեղականի կողմից: Դրան հետևեց 415 պաղեստինցիների աքսորումը Հարավային Լիբանան: Այնուամենայնիվ, Իսրայելի ղեկավարությունը հայտարարեց, որ աքսորվածներին կթույլատրվի տուն վերադառնալ մեկ տարվա ընթացքում: Տարաձայնությունը հարթելու համար ԱՄՆ-ը բանակցությունների 10-րդ փուլում, 1993թ. մայիսի 15 – հունիսի 1-ը, առաջարկեց փաստաթուղթ՝ օգնելու բացահայտել իսրայելա-պաղեստինյան տարաձայնությունները: Կողմերն այն մերժեցին, որը պատճառ դարձավ, որպեսզի պաղեստինյան պատվիրակությունն առանձնանա հորդանանյան պատվիրակությունից և հանդես գա առանձին: Այս առանձնացումը ձեռնտու էր նաև Իսրայելին։ Վերջինս համաձայնեց, որ առանձնացված պաղեստինյան պատվիրակության ղեկավար դառնա արևելյան Երուսաղեմում ՊԱԿ ակտիվիստ Ֆայսալ Հուսեյնը: ԱՄՆ-ը գտնում էր, որ բաժանելով հորդանանա-պաղեստինյան պատվիրակությունը` հնարավոր կլինի ավելի շուտ հասնել համաձայնության: Իր հերթին ՊԱԿ-ը, փոխադարձ զիջման գնալով, օգոստոսի 26-ին հայտարարեց, որ գաղտնի բանակցություններ կսկսի Իսրայելի հետ մասնակի ինքնավարության շուրջ: Իսրայելի արտգործնախարար Պերեսն իր կառավարությանը հայտարարեց, թե կհասնի համաձայնագրի կնքման ՊԱԿ-ի հետ` Ղազայում և Երիքովում ինքնավարություն հաստատելու շուրջ: Օգոստոսի 31-ին բացելով բանակցությունների 11-րդ փուլը՝ Իսրայելը հայտարարեց, որ Օսլոյում ՊԱԿ-ի հետ ընթանալու են գաղտնի բանակցություններ Ղազայում և Երիքովում ինքնավարություն հաստատելու շուրջ: Իրադարձությունները զարմանալի ընթացք ստացան: Ռաբինը և Արաֆաթը մեկնեցին Օսլո: Այստեղ սեպտեմբերի 9-ին Իսրայելը և ՊԱԿ-ը հայտարարեցին փոխադարձաբար միմյանց ճանաչելու մասին: Հաջորդ օրը Նորվեգիայի արտգործնախարար Յոհան Յորգեն Հոլսթի միջոցով Արաֆաթը համապատասխան նամակ ուղարկեց Ռաբինին, որից հետո Ռաբինը ստորագրեց ՊԱԿ ճանաչման փաստաթուղթը19: Հոլսթի միջոցով պատրաստվեց գաղտնի համաձայնագրի տեքստը: Քլինթոնը Օսլոյի համաձայնությունները որակեց որպես ճակատային հանդուգն ճեղքում: Նա հայտարարեց. «Այսօր նշմարվում է հույսի շողացող պահ Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար: ԱՄՆ-ը կշարունակի երաշխավորել խաղաղության գործընթացի ուղղակի կատարումը»20: Եվրալիդերներ Ֆրանսուա Միտերանը և Ջոն Մեյջորը հավանություն տվեցին Իսրայել-ՊԱԿ փոխադարձ ճանաչմանը, բայց նշեցին, որ անելու շատ բան է մնում: Բելգիայի արտգործնախարար Վիլի Քլաեսը` Եվրամիության նախագահության ներկայացուցիչը, հայտարարեց, որ անմիջապես կխորհրդակցի Եվրամիության հետ՝ ակտիվացնելու Եվրամիության կոնտրիբուցիաները մերձավորարևելյան խաղաղության գործընթացի համար:
1993թ. սեպտեմբերի 13-ին Մերձավոր Արևելքի պատմության մեջ նոր էջ բացվեց: Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսը և ՊԱԿ գործկոմի անդամ Աբու Աբասը Վաշինգտոնում պաշտոնապես վավերացրին Օսլոյում ձեռք բերված համաձայնությունները: Համաձայնագիրը ստորագրվեց ԱՄՆ ներկա նախագահ Բ.Քլինթոնի, նախկին նախագահներ Ջ. Բուշավագի, Ջ.Քարթերի և 3.000 հյուրերի ներկայությամբ: Ռաբինը և Արաֆաթը միմյանց ձեռք սեղմեցին: Համաձայնագիրը կնքվեց նույն սեղանի շուրջ, որտեղ 15 տարի առաջ ստորագրվել էր Քեմփ Դևիդի համաձայնագիրը21: Այն կրում էր «Հռչակագիր ժամանակավոր ինքնավարության սկզբունքների մասին» անունը: Նախաբանում ասվում էր. «Իսրայելի կառավարությունը և ՊԱԿ-ը համաձայն են, որ ժամանակն է վերջ դնել հակամարտության և առճակատման տասնամյակներին, ճանաչել միմյանց քաղաքական իրավունքները և ջանալ ապրել խաղաղ համագոյակցության մեջ՝ հասնելու համար վերջնական և համապարփակ խաղաղության պայմանագրի և պատմական հաշտության` համաձայնեցված քաղաքական գործընթացի միջոցով»: Համաձայնագիրը բաղկացած էր մի քանի հոդվածից, որոնցից առավել կարևորները ներկայացնում ենք ստորև։
Հոդված 1. Բանակցությունների նպատակը. իսրայելա-պաղեստինյան բանակցությունների նպատակն է, ի թիվս այլ հարցերի, ազդարարել անցումային փուլի համար, որը չպետք է տևի 5 տարուց ավելի, ժամանակավոր պաղեստինյան ինքնակառավարվող իշխանության ստեղծման մասին` ի դեմս ընտրովի Ազգային խորհրդի, առաջնորդվելով ՄԱԿ ԱԽ 242 և 338-րդ բանաձևերով: Սա փաստորեն նշանակում է, որ ժամանակավոր կարգավորումը պետք է դառնա խաղաղության ամբողջ գործընթացի անբաժան մասը, և բանակցությունները վերջնական կարգավիճակի շուրջ պետք է առաջնորդվեն 242 և 338-րդ բանաձևերի իրագործմամբ:
Հոդված 3. Ընտրություններ. որպեսզի պաղեստինյան ժողովուրդն արևմտյան ափում կառավարվի դեմոկրատական սկզբունքների համաձայն, քաղաքական ազատ ընտրությունները պետք է առաջնորդի խորհուրդը` միջազգային վերահսկողության ներքո, իսկ պաղեստինյան ոստիկանությունը պետք է երաշխավորի հասարակական կարգուկանոնը։ Ընտրությունները պետք է նախաձեռնվեն ոչ ուշ, քան սույն հռչակագրի ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո։ Ընտրությունները հանդիսանալու են նախապատրաստական աստիճանական քայլ` պաղեստինյան ժողովրդի օրինական պահանջներն ու իրավունքներն իրագործելու ճանապարհին։ Այն պաղեստինցիները, որոնք ապրում են Երուսաղեմում, իրավունք ունեն մասնակցել ընտրություններին։ Դրանց վերաբերյալ համաձայնությունները պետք է պարունակեն տեղեկություններ դրանց անցկացման կարգի, նախընտրական քարոզչության, օտարերկրյա դիտորդների մասին։
Հոդված 4. Իրավասություններ. ընտրված խորհրդի իրավասությունները տարածվելու են արևմտյան ափի և Ղազայի վրա՝ բացառությամբ այն տարածքների, որոնց վերջնական կարգավիճակը որոշվելու է բանակցությունների ժամանակ։ Սա նշանակում է, որ խորհրդի իրավասությունները չեն տարածվում Երուսաղեմի, ռազմական շրջանների, հրեա բնակիչների և նորակառույցների վրա։ Երկու կողմերը հաստատում են, որ արևմտյան ափը և Ղազան տարածքային մեկ միավորում են, որոնց ինտեգրումը պետք է պահպանվի ժամանակավոր փուլի ընթացքում։
Հոդված 5. Անցումային փուլը և բանակցությունները վերջնական կարգավիճակի շուրջ. 5-ամյա անցումային փուլը սկսվելու է Ղազայի հատվածից և Երիքովի շրջանից իսրայելական զորքերի դուրսբերումով։ Բանակցությունները վերջնական կարգավիճակի շուրջ պետք է սկսվեն հենց որ հնարավոր լինի, բայց ոչ ուշ, քան անցումային փուլի 3-րդ տարում։ Բանակցությունները պետք է լուծեն հետևյալ հարցերը՝ Երուսաղեմի կարգավիճակը, պաղեստինցի փախստականների ապագան, ապահովության հարցերը, սահմանները, հարաբերությունները հարևան երկրների հետ և նմանաբնույթ այլ հարցեր, որոնք ներկայացնում են երկկողմանի հետաքրքրություն։ Վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները չպետք է վնասեն այն համաձայնագրերին, որոնք կկնքվեն ժամանակավոր փուլում։
Հոդված 6. Իշխանության և պատասխանատվության փոխանցման նախապատրաստություններ. սկզբունքների հռչակագրի ուժի մեջ մտնելու և Ղազայի ու Երիքովի շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերումից անմիջապես հետո Ղազայի և Երիքովի միջև տնտեսական կապ և զարգացում ապահովելու համար պաղեստինյան խորհրդին կտրվի իշխանություն հետևյալ ոլորտներում` 1. կրթություն և մշակույթ, 2. առողջապահություն և սոցիալական ապահովություն, 3. ուղղակի հարկահավաքում և տուրիզմ։ Միաժամանակ, պաղեստինյան կողմը պետք է սկսի պաղեստինյան ոստիկանական ուժերի ստեղծման գործընթացը։ Խորհրդի ձևավորումից և գործունեությունն սկսելուց հետո կողմերը կարող են բանակցել լրացուցիչ իրավասությունների և պատասխանատվությունների փոխանցման շուրջ։ Պաղեստինյան կողմը Իսրայելին պետք է տեղեկացնի բոլոր այն պաղեստինցիների անունները, որոնք, համաձայն սկզբունքների հռչակագրի, պետք է ստանձնեն իշխանությունը։ Վերոհիշյալ բնագավառներից յուրաքանչյուրը շարունակելու է ստանալ գոյություն ունեցող բյուջետային հատկացումները` համաձայն փոխադարձ պայմանավորվածության։ Սկզբունքների հռչակագրի իրագործման հիմքի վրա իսրայելական և պաղեստինյան պատվիրակներն անհապաղ սկսելու են բանակցություններ իշխանության փոխանցման մանրամասն ծրագրի շուրջ։
Հոդված 7. Ժամանակավոր համաձայնագիր. իսրայելական և պաղեստինյան պատվիրակությունները պետք է շարունակեն բանակցությունները և կնքեն համաձայնագրեր ժամանակավոր փուլում։ Ժամանակավոր համաձայնագրերը, ի թիվս այլ բաների, պետք է արտահայտեն պաղեստինյան խորհրդի կառուցվածքը, անդամների թվաքանակը, Իսրայելի կողմից որոշ իրավասությունների փոխանցման կարգը։ Այն պետք է ցույց տա խորհրդի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության գործունեության կարգը։ Որպեսզի խորհրդին հնարավորություն տրվի նպաստել տնտեսական աճին, խորհրդի պաշտոնական բացման ժամանակ կհայտարարվի որոշ վարչությունների, այդ թվում` էներգետիկայի վարչության, Ղազայի նավահանգստի, Պաղեստինի զարգացման բանկի, արտահանման վարչության, շրջապատող միջավայրի պաշտպանության, հողային վարչության գործունեության մասին։ Խորհրդի բացումից հետո իսրայելական ռազմական վարչությունը պետք է հեռանա, բայց դա չի նշանակում, թե այն դադարեցնելու է իրականացնել իշխանության այն գործառույթները, որոնք չեն փոխանցվել խորհրդին։
Հոդված 8. Հասարակական կարգուկանոն և ապահովություն. արևմտյան ափում և Ղազայում հասարակական կարգուկանոն և ներքին անվտանգություն երաշխավորելու համար խորհուրդը պետք է ստեղծի ուժեղ ոստիկանություն, իսկ Իսրայելը շարունակելու է պատասխանատվություն կրել արտաքին անվտանգության համար։ Իսրայելը շարունակելու է պատասխանատվություն կրել նաև իսրայելցիների անվտանգության և ներքին կարգուկանոնի ապահովության համար։
Հոդված 9. Օրենքներ և ռազմական հրամաններ. խորհուրդն իրավունք ունի օրենքներ սահմանել ժամանակավոր պայմանագրերի համաձայն։ Կողմերն իրավունք ունեն վերանայել այն օրենքները և հրամանները, որոնք գոյություն ունեն ներկայումս։
Հոդված 10. Իսրայելա-պաղեստինյան կապերի միացյալ կոմիտե. որպեսզի սկզբունքների հռչակագրի և ժամանակավոր փուլում կնքված համաձայնագրերի իրականացումը հարթ անցնի, մինչև սկզբունքների հռչակագրի իրագործման ժամկետի լրանալը պետք է ստեղծվի իսրայելա-պաղեստինյան կապերի միացյալ կոմիտե՝ համակարգելու համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Յուրաքանչյուր կողմ ունենալու է հավասար անդամներ միացյալ կոմիտեում։ Սկզբունքների հռչակագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ստեղծվի նաև տնտեսական համագործակցության կոմիտե։
Հոդված 12. Կապ և համագործակցություն Հորդանանի և Եգիպտոսի հետ. կողմերն այցելելու են Հորդանան և Եգիպտոս` համագործակցելու վերջինների հետ։ Ստեղծվելու է նաև կոմիտե, որը որոշելու է 1967թ. արևմտյան ափից և Ղազայից տեղահանված բնակիչների վերադարձի պայմանները և չափը։
Հոդված 13. Իսրայելական զորքերի դուրսբերում. իսրայելական զորքերի դուրսբերումն արևմտյան ափի և Ղազայի նախատեսված շրջաններից պետք է տեղի ունենա սկզբունքների հռչակագրի ուժի մեջ մտնելուց հետո և ոչ ուշ, քան խորհրդի ընտրությունների նախաշեմին։ Հռչակագրի ուժի մեջ մտնելուց 2 ամիս հետո կողմերը պետք է պայմանագիր կնքեն Ղազայից և Երիքովից իսրայելական զորքերի դուրսբերման մասին։ Հետագա դուրսբերումները պետք է կատարվեն աստիճանաբար և պաղեստինյան ոստիկանության կողմից այդ տարածքների պատասխանատվության ստանձնման և ներքին կարգուկանոնի ապահովման հետ մեկտեղ։ Իսրայելն իրագործելու է կարգավորված և արագացված դուրսբերում Ղազայից և Երիքովից, որը սկսվելու է անմիջապես Ղազա-Երիքովի համաձայնագրի ստորագրումից հետո և պետք է իրագործվի դրա ստորագրումից ոչ ուշ, քան 4 ամիս հետո։ Կնքվելիք համաձայնագիրը ներառելու է նաև Իսրայելի ռազմական և քաղաքացիական վարչության կողմից իշխանության փոխանցման պայմանները, պաղեստինյան իշխանության կառուցվածքը, իրավունքները և պարտավորությունները, պաղեստինյան ոստիկանության կառուցվածքը և գործառույթները, կոմիտեների և ենթակոմիտեների ստեղծումը, ապահովության հարցերը։ Համաձայնագրով նախատեսվելու է, որ պաղեստինյան հիմնական գրասենյակները տեղակայվելու են Ղազայում, բացառությամբ մանր հարցերով զբաղվողների, որոնք կարող են տեղակայվել նաև Երիքովում։ Կնքվելիք համաձայնագիրը պետք է պահպանի Ղազայի և Երիքովի՝ արևմտյան ափի և Ղազայի անբաժան մասը լինելու պարագան և Իսրայելի` արտաքին անվտանգության հարցերով զբաղվելու իրավունքները:
Հոդված 15. Բանավեճերի քննարկումները. այն վեճերը, որոնք կառաջանան սկզբունքների հռչակագրի և հետագա համաձայնագրերի շրջանակներից դուրս, պետք է լուծվեն միացյալ կոմիտեի կողմից։ Այն վեճերը, որոնք չեն կարող լուծվել բանակցությունների միջոցով, պետք է լուծվեն հաշտեցման այնպիսի մեխանիզմով, որն ընդունելի կլինի 2 կողմերի համար։ Եթե այս դեպքում էլ հարցերը լուծում չգտնեն, կողմերը կարող են ստեղծել արբիտրաժային կոմիտե։
Հոդված 16. Համագործակցություն տարածաշրջանային ծրագրերի շուրջ. կողմերը համագործակցելու են տարածաշրջանային զարգացման ծրագրերի շուրջ, որոնք ունենալու են 2 ենթաբաժին՝ ա) տնտեսական զարգացման ծրագրեր արևմտյան ափի և Ղազայի համար և բ) տարածաշրջանային զարգացման ծրագրեր։ Սրանք ներառելու են`
ա) սոցիալական զարգացման, մանր և միջին բիզնեսի զարգացման, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ծրագրեր,
բ) Մերձավորարևելյան զարգացման ֆոնդի և մերձավորարևելյան զարգացման բանկի ստեղծում,
գ) իսրայելա-հորդանանա-պաղեստինյան կոմիտեի ստեղծում, որը կորդինացնելու է Մեռյալ ծովի շրջանի շահագործումը, ինչպես նաև Միջերկրական ծով (Ղազա)-Մեռյալ ծով ջրանցքի կառուցման հարցերը,
դ) տարածաշրջանային ջրային, գյուղատնտեսական, էներգառեսուրսների օգտագործման, տուրիզմի, կապի և հաղորդակցության զարգացման ծրագրեր։
Օսլոյի համաձայնագիրը, որն ուժի մեջ էր մտնելու կնքումից մեկ ամիս անց, լուրջ քայլ հանդիսացավ արաբա-իսրայելական հակամարտության հետագա կարգավորման գործում։ Ճիշտ է, դրա իրավական դաշտը սահմանափակվում էր միայն Ղազայով և Երիքովի շրջանով, բայց այն լուրջ քայլ էր 45-ամյա հակամարտության կարգավորման գործում։ Մեր կարծիքով` Օսլոյի համաձայնագիրը հնարավորություն տվեց`
1. 1994թ. ապրիլի 29-ին Փարիզում ՊԱԿ-ի և Իսրայելի միջև կնքել տնտեսական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիր, որի առանցքը հանդիսացավ Մերձավոր Արևելքում չափազանց մեծ կարևորություն ունեցող ջրային ռեսուրսների (արևմտյան ափ և Ղազա) օգտագործման հարցը։ Էներգետիկայի բնագավառում համագործակցությունն ապահովելու էր գազի և նավթի արդյունահանումը Ղազայում և Նեգևում և դրանց երկուստեք շահագործումը։ Համաձայնագիրը նախատեսում էր նաև ազատ առևտրային գոտիների ստեղծում22։
2. 1994թ. մայիսի 4-ին Կահիրեում կնքվեց համաձայնագիր ՊԱԿ-ի և Իսրայելի միջև, որը նախատեսում էր իսրայելական զորքերի դուրսբերում Ղազայի և Երիքովի շրջաններից։ Իսկ մինչև 1999թ. մայիսի 4-ը որոշվելու էր Պաղեստինի վերջնական կարգավիճակի և անկախության հարցը23։
3. Օսլոյի համաձայնագիրը հնարավորություն տվեց նաև 1994թ. հուլիսին Իսրայելի և Հորդանանի միջև կնքել խաղաղության համաձայնագիր և վերջ տալ երկու երկրների միջև պատերազմական վիճակին։ Երկար տարիների բացակայությունից հետո Արաֆաթը վերադարձավ Պաղեստին, ինչը, անշուշտ, հնարավորություն տվեց նրան անմիջականորեն ղեկավարել պաղեստինցիների պայքարը հանուն ինքնավարության ամրապնդման24։
4. 1994թ. օգոստոսի 24-ին Էրեցում Իսրայելի և ՊԱԿ-ի միջև կնքվեց իշխանության փոխանցման վերաբերյալ համաձայնագիրը, որը հնարավորություն տվեց ՊԱԿ-ին` ստանձնելու իրական իշխանություն։
5. Եվ վերջապես, 1995թ. սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնում կնքվեց Օսլոյի 2-րդ համաձայնագիրը, ըստ որի` իսրայելական զորքերը դուրս բերվեցին արևմտյան ափի 6 քաղաքներից և 400 գյուղերից։ Պաղեստինյան Ազգային խորհրդի ընտրությունները նշանակվեցին 1996թ. հունվարին և նշված ժամկետում էլ տեղի ունեցան25։
Ինչպես տեսնում ենք, այս ամենը կատարվում էր 1993թ. Օսլոյի համաձայնագրի հիման վրա։ Ցայսօր չի իրականացված համաձայնագրի միայն մեկ կետը, այն է՝ 1999թ. մայիսի 4-ին պաղեստինյան անկախ պետություն հռչակելու հարցը։
Չնայած միջազգային հանրության ներդրած ջանքերին, պաղեստինյան անկախ պետության հռչակման գործընթացը ձգձգվում է: Հարցն այն է, որ հակամարտության երկու կողմերի բարի կամքի դրսևորումն առավել մեծ դեր խաղաց կարգավորման գործընթացում, քան միջազգային հանրության ջանքերը: Լիակատար խաղաղության և պաղեստինյան թնջուկի քանդման գործում որպես արգելակող գործոն են հանդես գալիս նաև կողմերի ներքաղաքական ինչ-ինչ խնդիրները: Յասիր Արաֆաթի մահվանից հետո պաղեստինյան շարժման պառակտումը և Ղազայի հատվածում արմատական խմբավորումների իշխանության գալը թուլացրեցին ազգային ինքնավարության քաղաքական ղեկավարության դիրքերը, որը ներկա պայմաններում չափազանց ձեռնտու է իսրայելական ծայրահեղականներին: Միջազգային հանրությունից և հակամարտող կողմերից դեռևս շատ ջանքեր կպահանջվեն հարցի վերջնական կարգավորմանը հասնելու համար:
1Г.С. Никитина, Государство Израиль, М., 1968, с. 53-54.
2F.Sayegh, The Arab-Israeli conflict, pp. 40-63, հղումը` ըստ Նիկիտինայի, էջ. 196.
3Сионизм в системе империализма, М., 1988, ст. 111.
4Р. Обинников, Зигзаги внешней политики США, М., 1986, ст. 93.
5Л.Н. Котлоб, Иордания в новейшее время, М., 1962, ст.81-99.
6А. Васильев, Россия на Ближнем и Среднем Востоке, М., 1993, ст. 93.
7Doc. Middle East Peace Pricess Chronology.
8Historical Documents. State of Palestine. Declaration of independence.
9Doc. Middle East Peace Pricess Chronology.
10Historical ocuments. The Medrid Declaration.
11Նույն տեղում։
12Doc. Timeline of Palestine History.
13Nancy Murray. The Impact of Gulf War on the Israeli-palestinian conflict. MEJN, Peace Work, Boston, XII. 1995.
14Doc. Timeline of Palestine History.
15Doc. Middle East Peace Pricess Chronology.
16Doc. Letter of invitation to Madrid peace conference.
17Doc. Remarks by Mr. George Bush, President of The United States.
18Doc. Middle East Peace Pricess Chronology.
19Նույն տեղում։
20Նույն տեղում։
21Historical Documents. Declaration of Principles on interim Self-Government Authority.
22Doc. Middle East Peace Pricess Chronology
23Historical Documents. Declaration of Principles on interim Self-Government Authority.
24Historical documents. Protocol on economic Relations.
|