Հարգելի ընթերցող՝ Աստծո կամքով ու մի խումբ հայ նվիրյալների աջակցությամբ, Մերձավոր Արևելքում 19-րդ դարում առաջինը տպարան հիմնած հայ ժողովրդի ավանդույթները շարունակելով, այսուհետ Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում լույս կտեսնի «Իսրայելահայեր» ամսաթերթը: Մերձավոր Արևելքի, Պաղեստինի ու Իսրայելի հին ու նոր պատմությունների ոլորաններում շատ շրջադարձային ու ճակատագրական պահեր ու փորձություններ է տեսել հայ ժողովուրդն, որին դիմագրավել է ամենայն տոկունությամբ ու հերոսությամբ:
Ներկայիս աշխարհաքաղաքական ու տնտեսական հիմնախնդիրների համատեքստում և Մերձավոր Արևելյան բախումների ու մարտահրավերների պարագայում չափազանց կարևորվում է հայի ինքնության պահպանումը: Այս ամենին գումարվում է նաև գլոբալիզացիայի հիմնահարցն ու զանազան համակարգչային տեխնիկայի և «պլանշետների» ներթափանցումը մեր առօրյա , որը շատ դեպքերում հայ երեխաներին կտրում է մեկը մյուսի հետ անմիջապես շփվելու, միասին խաղալու հնարավորությունից՝ տեղափոխելով այն վիրտուալ աշխարհ: Բոլոր ժամանակներում էլ փոքրիկ համայնքների ինքնության ու ազգային նկարագրի պահպանման գործում զգալի դեր է խաղացել համայնքային թերթի առկայությունն և նույնիսկ հիմա՝ լինի դա տպագրություն թե համացանցում բացված թերեթ, որպես լրատվության հիմնական աղբյուրներից մեկն, այն չի կորցրել իր նշանակությունը:
Մեր վաղեմի երազանքն էր Իսրայելում հիմնել առաջին արևելահայերեն թերթն, որը հնարավրություն կստեղծի նաև նախկին «հայաստանցիների» համար տեղեկություններ քաղել համայնքային անցուդարձից, ինչպես նաև արևմտահայ հասարակությանը հնարավորություն կտա արևելահայերեն թերթ կարդալ, չնայած որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանից ստացված հաղորդագրություններն կներկայացվեն բնօրինակով: Անդրադառնալով թերթի բովանդակությանը պետք է տեղեկացնենք, որ «Իսրայելահայեր»-ը չի հետապնդելու որևէ քաղաքական նպատակներ, չի լինելու այս կամ այն կուսակցության կամ հասարակական կազմակերպության պաշտոնաթերթն, այլ հավատարիմ մնալով ժողովրդավարական ու խոսքի ազատության սկզբունքներին, ներկայացնելու է Իսրայելահայ համայնքի մեկ ամսյա նորություններն ու հնարավորություն է ստեղծելու յուրաքանչյուրին ազատ ներկայացնել իր կարծիքը:
Բացի համայնքին վերաբերող քաղաքական իրադարձություններից ու վերլուծություններից, թերթը կունենա նաև տարբեր ուշագրավ բաժիններ. Ինչպես օրինակ՝ Իսրայելում հայ սպորտսմենների մասին պատմող նյութերից ու ինքնակենսագրականից, Հայ բանաստեղծի անկյուն, հոդվածներ հայ դպրոցականների մասին, հայտարարություններ, շնորհավորանքներ, գովազդ և այն ամենն, ինչ առնչվում է փոքրիկ այս համայնքի հետ:
|