Ն ա ի ր ի

                   Н а и р и                

N a i r i

Меню сайта

Категории каталога
Новости [606]
 
Праздники Армении
Праздники Армении
 

Мини-чат
500

Погода
 
Обратная связь
To: Artiom Chernamorian
 
 



Главная » Файлы » Новости » Новости

ԻՍՐԱՅԵԼԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
[ ] 13.05.2010, 21:15
 
 
Արտակ Գրիգորյան
Մինչև բոլորովին վերջերս ԱՊՀ և մասնավորապես Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրները չեն դիտարկվել որպես Իսրայելի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններ: ԽՍՀՄ փլուզումից և նախկին միութենական հանրապետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, շուրջ 17-18 տարի անց միայն Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր համակարգում ստեղծեց պրոֆիլային ստորաբաժանումներ, որոնք սկսած 2009թ. հունվարից՝ ուղղորդված կերպով զբաղվելու են Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարվող աշխատանքներով:
 
Վերակազմավորումներ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում

Մինչ վերոհիշյալ ստորաբաժանումների ստեղծումը, ԱՊՀ երկրների հետ աշխատանքային ուղղությունը գտնվում էր ԱԳՆ Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի դեպարտամենտի իրավասության ներքո, որի աշխատանքները համակարգում էր Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը` ԱԳՆ գլխավոր տնօրենի1 տեղակալ Փինհաս Ավիվին: Վերոհիշյալ դեպարտամենտի կազմում նախկինում գործում էին երկու առանձին բաժանմունքներ` Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի: Վերջին ստորաբաժանումը՝ նախկին խորհրդային քաղաքացի Հարի Կորենի գլխավորությամբ, զբաղվում էր այսպես ասած հետխորհրդային տարածության երկրներով` բնականաբար հիմնական շեշտադրումը կատարելով նախկին ԽՍՀՄ եվրոպական մասի երկրների վրա: Սակայն իր աշխատակազմում ընդամենը չորս հաստիքի տիրապետող վերոհիշյալ կազմավորումը, բնականաբար, ի վիճակի չէր վերջին տարիներին ակտիվացող հարաբերությունների ֆոնին ամբողջությամբ ապահովել աստիճանաբար աճող աշխատանքային ողջ ծավալը ԱՊՀ և մասնավորապես՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարվող աշխատանքներում: Եթե 90-ական թթ. վերոհիշյալ ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն էր, ապա 2000-ական թթ. միջպետական փոխհարաբերություններն սկսեցին ինտենսիվորեն զարգանալ նաև Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ: Դրան մեծապես նպաստում էր իսրայելյան բիզնեսի արագ տարածումն այդ երկրներում և ընդհանուր առմամբ միջպետական համագործակցությունն առևտրատնտեսական ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում:
2008թ. կեսերին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում որոշում կայացվեց ակտիվացնել փոխհարաբերությունները Հարավային Կովկասի և հատկապես Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների հետ, որոնց մինչ այդ առանձնակի կարևորություն չէր տրվում:
Դրան հաջորդող մի քանի ամիսների ընթացքում փոփոխվեցին ԱՊՀ երկրներում հավատարմագրված Իսրայելի գրեթե բոլոր դեսպանները: Մասնավորապես, փոխվեցին ԽՍՀՄ միջինասիական նախկին բոլոր հինգ երկրների, իսկ եվրոպական մասի պետություններից` Բելառուսի, Մոլդովայի և ՀՀ դեսպանները: Կադրային տեղաշարժեր տեղի ունեցան նաև ՌԴ և Ուկրաինայի դեսպանություններում: Աստանայում և Բիշքեկում դեսպան նշանակվեց ծնունդով ղազախստանցի Իսրայել Մեյ-Ամին, իսկ Տաշքենդում` Իսրայելի արտաքին գործերի նախարարի խորհրդական Հիլել Նյումանը: ՀՀ-ում, Թուրքմենստանում և Տաջիկստանում ոչ ռեզիդենտ դեսպան նշանակվեց Շեմի Ցուրը: 2008թ. հունիսին Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Մաջալի Ուահաբեն այցելեց Ղրղըզստան և Ուզբեկստան: Այդ նույն ժամանակահատվածում ուրվագծվեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի առաջիկա այցը Ղազախստան, Ուզբեկստան և Ադրբեջան: Շատ լավ գիտակցելով, որ նման սահմանափակ աշխատակազմով դեպարտամենտն ի զորու չէ իրականացնել նման մեծածավալ աշխատանքներ, Փինհաս Ավիվին բարձրացրեց վերջինիս վերակազմավորման հարցը: Հարցի մանրամասն քննարկումից հետո Իսրայելի արտգործնախարարությունում որոշում կայացվեց նախարարության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի դեպարտամենտի վերակազմավորման մասին, ինչն իրականացվեց 2008թ. տարեվերջին: Դրա արդյունքում վերոհիշյալ դեպարտամենտի Եվրասիայի բաժանմունքի փոխարեն ձևավորվեցին երկու նոր ստորաբաժանումներ` Եվրասիա-1 և Եվրասիա-2: Առաջինը` Եվրասիա-1-ը, զբաղվելու է ԽՍՀՄ եվրոպական մասի երկրներով, Եվրասիա-2-ը` Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներով: Այսինքն` Իսրայելի ԱԳՆ համակարգում ձևավորվեց նոր ստորաբաժանում, որը բացառապես զբաղվելու է Իսրայելի արտաքին քաղաքական գործունեության նոր գերակա ուղղություններ հանդիսացող վերոհիշյալ տարածաշրջանների երկրներով:
Հետաքրքրականն այն է, որ Իսրայելի ԱԳՆ-ում տեղի ունեցած այս իրադարձությունները, որոնք ենթադրում են դիվանագիտական ակտիվ գործընթացներ վերը նշված տարածաշրջաններում, կատարվեցին գրեթե աննկատ Իսրայելի մամուլի, քաղաքական և վերլուծական շրջանակների աչքից: Անգամ Իսրայելի ԱԳՆ կայքի՝ գերատեսչության կառուցվածքը ներկայացնող բաժնում այս ստորաբաժանումները դեռևս նշված չեն:
 
Ինչպիսի՞ կադրերով է Իսրայելը «արշավում» դեպի Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում վերոհիշյալ ստորաբաժանումների նոր կադրերով թարմացված ու համալրված աշխատակազմը: Ինչպես և նախկինում, Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի դեպարտամենտը կղեկավարի Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Փինհաս Ավիվին, որն այսօր համարվում է Իսրայելի դիվանագիտական կորպուսի վետերաններից ու բազմափորձ գործիչներից մեկը: Վերջինս, բացի եբրայերենից, տիրապետում է ևս հինգ լեզուների: Դիվանագիտական ծառայությունը սկսել է 1968-ից: Այդ ժամանակահատվածում դիվանագիտական աշխատանքներ է վարել չորս մայրցամաքների (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա) մեկ տասնյակից ավելի երկրներում, այդ թվում նաև դեսպանի պաշտոններում: Իսրայելի ԱԳՆ աշխատակազմում իրար հետևից ղեկավարել է կենտրոնական ապարատի գրեթե բոլոր դեպարտամենտները: Մինչև ներկայիս պաշտոնին նշանակվելը` 2003-07թթ. եղել է Իսրայելի դեսպանը Թուրքիայում: Թուրքիայում կուտակած փորձը, հատկապես Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարվող աշխատանքներում (որոնք բոլորն էլ, բացի Տաջիկստանից, թուրքալեզու երկրներ են), գնահատվում է որպես կարևոր և խիստ օգտակար հանգամանք: Թեև Խորհրդային Միության «տարածքը» Փինհաս Ավիվիի համար «հարազատ» վայր չէ և նա չի տիրապետում ռուսերենին, սակայն դատելով գործընկերների, ինչպես նաև Իսրայելի արտաքին գերատեսչական այլ մարմինների արձագանքներից` վերջինս բավական արդյունավետ է դրսևորում իրեն այդ բնագավառում:
Թերևս, դրանում որոշակի ներդրում ունի նաև Փինհաս Ավիվիի` նախկին խորհրդային երկրների հարցերով «աջ ձեռք» համարվող, արդեն հիշատակված Հարի Կորենը: Վերջինս, ինչպես արդեն նշվեց, ծնվել է Խորհրդային Միությունում, ավելի ստույգ՝ Լատվիայում: Ռուսերենը նրա համար «մայրենի» լեզու է, Իսրայել է հայրենադարձվել 1973թ.: Իսրայելի դիվանագիտական շրջանակներում հայտնված առաջին «ռուսներից» է: Որպես դիվանագետ Հարի Կորենը «աճել» է Խորհրդային Միության տարածաշրջանում և համարվում է այդ տարածաշրջանի, հատկապես ԽՍՀՄ եվրոպական մասի երկրների լավագույն գիտակներից մեկը: Բավական երկար ժամանակ աշխատել է Մոսկվայի դեսպանատանը, եղել Իսրայելի դեսպանը Լատվիայում և Լիտվայում: Երկու տարուց ավելի ղեկավարել է ԱԳՆ Եվրասիայի բաժինը, իսկ այնուհետև, վերակազմավորումից հետո` Եվրասիա-1 ստորաբաժանումը: Եվրասիա-1-ում Հարի Կորենի տեղակալներ են նշանակվել Օլգա Սլովը և Յակով Լիվնեն, որոնք դիվանագիտական աշխատանքներ են վարել հետխորհրդային մի շարք երկրների դեսպանություններում: Եվրասիա-1-ը այսօր միակ ստորաբաժանումն է Իսրայելի ողջ պետական համակարգում, որի ղեկավարը և բոլոր ենթակաները նախկին խորհրդային քաղաքացիներ են2:
Ի տարբերություն Եվրասիա 1-ի, Եվրասիա 2-ի աշխատակազմում, որի գործունեության տեսադաշտում ինչպես արդեն նշվեց, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն են, ռուսալեզու մասնագետներ չկան, և ընդամենը մեկ հոգի` Շեմի Ցուրն է, այն էլ ընդամենը մի քանի ամսով, որ դիվանագիտական աշխատանք է վարել ԱՊՀ տարածքում:
Եվրասիա-2-ի հիմնադրումը համընկավ Գազայի պատերազմական իրադարձություններին, իսկ այնուհետև սկսվեցին Կնեսետի նախընտրական գործընթացները: Այս պայմաններում Եվրասիա-2-ի ղեկավարի ժամանակա-վոր պաշտոնակատար նշանակվեց նույն Շեմի Ցուրը:
Ինչպես արդեն նշվեց, Շեմի Ցուրը 2008թ. հունիսից զբաղեցնում է ՀՀ, Թուրքմենստանի և Տաջիկստանի ոչ ռեզիդենտ դեսպանի պաշտոնը (նստավայրը՝ Երուսաղեմ): Վերջինս թեև աչքի չի ընկնում հետխորհրդային երկրներում իրականացրած աշխատանքային մեծ փորձով, բայց, այնուամենայնիվ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ աշխատանքային գործընթացների զարգացման առումով համարվում է բավական բանիմաց գործիչ: Շեմի Ցուրի ծնողները թավրիզցիներ են, որոնք այնուհետև հայրենադարձվել են Էրեց-Իսրայել: 1981-83թթ. Ցուրը զբաղեցրել է Իսրայելի հյուպատոսի պաշտոնը Թուրքիայում, իսկ 1995-2000թթ. եղել է Իսրայելի դեսպանը Կիպրոսում: Այդ ժամանակահատվածում Կիպրոսի նավահանգստային քաղաքներում խիստ աշխուժացավ Իսրայելի և արաբական երկրների միջև ոչ պաշտոնական առևտուրն ու ապրանքաշրջանառությունը, ինչի արդյունքում վերջինս հայտնվեց Իսրայելի մամուլի և քաղաքական ղեկավար շրջանակների ուշադրության կենտրոնում: 2003-07թթ. Շեմի Ցուրը զբաղեցրել է Ֆինլանդիայում Իսրայելի դեսպանի և Էստոնիայում ոչ ռեզիդենտ դեսպանի պաշտոնները:
Ցուրը բավական վարժ տիրապետում է թուրքերենին և պարսկերենին, քաջ ծանոթ է նաև Թուրքիային ու Իրանին, որոնք էթնոքաղաքական, կրոնաքաղաքական և հոգևոր-մշակութային առումով այսպես թե այնպես ունեն բավական լուրջ ազդեցություն հիշյալ տարածաշրջաններում ընթացող զարգացումների վրա: Թուրքերենի և պարսկերենի իմացությունը Շեմի Ցուրին, անշուշտ, օգտակար կլինի Ադրբեջանի և որոշ առումով նաև Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների, ինչպես նաև պարսկախոս Տաջիկստանի հետ շփումների ընթացքում: Բացի այդ, որքան մեզ հաջողվեց պարզել, Ցուրն ինտենսիվ ուսումնասիրում է նաև ռուսաց լեզուն՝ այն գործնականում օգտագործելու մտադրությամբ: Գործունեության ընթացքում վերջինս թեև կանոնավոր կերպով «չի զբաղվել» հետխորհրդային և մասնավորապես խնդրո առարկա տարածաշրջաններով, բայց, այնուամենայնիվ, նրան այստեղ այնքան էլ նորեկ չի կարելի համարել. նա արդեն հասցրել է այդ ուղղությամբ իր հետքը թողնել իսրայելյան դիվանագիտության պատմության մեջ: 1993թ. հենց Շեմի Ցուրը Ուզբեկստանում բացեց Իսրայելի դեսպանատունը՝ կարճ ժամանակահատված ղեկավարելով Իսրայելի դիվանագիտական առաքելությունն այդ երկրում:
Եվրասիա-2-ում Շեմի Ցուրի տեղակալ է նշանակվել Նաֆթալի Թամիրը, որը դիվանագիտական աշխատանքներ է վարել Տոկիոյում, Վաշինգտոնում, Ստրասբուրգում, Հելսինկիում (Ֆինլանդիայում Իսրայելի դեսպանի պաշտոնում) և այլն: Մինչև վերջին նշանակումը Թամիրը Իսրայելի դեսպանն էր Ավստրալիայում: Հետաքրքրական է այն, որ վերջինս 2007թ. այդ պաշտոնից ազատվել էր այն բանի համար, որ Իսրայելի հեղինակավոր «Հաարեց» թերթին տված հարցազրույցում նրա հնչեցրած մի քանի մտքեր Իսրայելի կառավարության կողմից որակվել էին որպես ռասիստական:
Ե՛վ Շեմի Ցուրը, և՛ Նաֆթալի Թամիրը, աշխատելով դեսպանների պաշտոններում, իրենց դրսևորել են որպես կայացած, սկզբունքային և հետևողական դիվանագետներ: Նրանք երկուսն էլ Իսրայելի քաղաքական և դիվանագիտական համակարգում գնահատվում են գործիչներ, որոնք ընդունակ են ինքնուրույն կայացնելու համարձակ ու պատասխանատու որոշումներ: Այդ առումով Եվրասիա-2-ի «հեղինակությունը» բավական բարձր է ոչ միայն Իսրայելի արտաքին քաղաքական համակարգում, այլև այդ համակարգի հետ ակտիվ շփումների մեջ գտնվող օտարերկրյա քաղաքական-դիվանագիտական շրջանակներում:
 
Առաջին գործընթացները Եվրասիա-2-ի հիմնադրումից հետո. լիբերմանյան արտաքին քաղաքականություն

Գազայի պատերազմն իսկական փորձաքար հանդիսացավ նոր ձևավորվող Եվրասիա-2 կառույցի համար: Վերջինս հետխորհրդային տարածքի արտաքին քաղաքական գերատեսչությունների առջև պետք է կարողանար հանդես գալ լուրջ պարզաբանումներով և «բացատրական աշխատանքներով»: Թեև Ադրբեջանը Գազայի պատերազմի կապակցությամբ հանդես եկավ Իսրայելի դեմ ուղղված կոշտ հայտարարություններով, բայց դատելով այն հանգամանքից, որ Կենտրոնական Ասիայի իսլամական երկրները որդեգրեցին չեզոք և հավասարակշռված կեցվածք, բոլորովին չթուլացնելով և կասկածի տակ չդնելով Իսրայելի հետ ուրվագծվող համագործակցության տեմպերը, կարելի է եզրակացնել, որ Եվրասիա-2-ի առաջին փորձությունն այդ կապակցությամբ բարեհաջող ավարտվեց:
Ընթացիկ տարվա առաջին ամիսները Եվրասիա-2 ստորաբաժանման համար ինտենսիվ գործունեության ժամանակաշրջան էին: Այդ ժամանակահատվածում Շեմի Ցուրը երկու անգամ այցելեց ՀՀ, ինչպես նաև կենտրոնաասիական տարածաշրջանի երկրներ, մասնավորապես, Ղրղըզստան և Թուրքմենստան: ՀՀ կատարած այցին մենք դեռ կանդրադառնանք: Իսկ ինչ վերաբերում է մարտ-ապրիլ ամիսներին Ղրղըզստան և Թուրքմենստան կատարած այցելություններին, ապա վերոհիշյալ երկրներում մի շարք պաշտոնական հանդիպումներ ունենալուց հետո Շեմի Ցուրը Ղրղըզստանում ներկա գտնվեց Իսրայելի նորանշանակ դեսպան Իսրայել Մեյ-Ամիի կողմից նախագահ Կուրմանբեկ Բակիևին հավատարմագրերի հանձնման արարողությանը, իսկ Թուրքմենստանում որպես ոչ ռեզիդենտ դեսպան արդեն ինքը հանձնեց հավատարմագրեր Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ Աղջա Նուրբերդիևին: Թուրքմենստանում անցկացված բանակցություններն ամենայն հավանականությամբ ընթացել են խիստ արդյունավետ, որովհետև մոտ 1-1,5 ամիս հետո իսրայելական մամուլում հաղորդագրություններ հրապարակվեցին Թուրքմենստանում իսրայելական դեսպանության բացման մասին: Այդ փաստը մեկնաբանվեց որպես իսրայելյան դիվանագիտության շատ կարևոր հաջողություն Կենտրոնական Ասիայում, ընդ որում՝ այնպիսի երկրում, որն Իրանի հետ ունի մոտ 1000 կմ երկարությամբ սահման:
Ս.թ. մարտի 31-ին Կնեսետի հատուկ նիստում տեղի ունեցավ Իսրայելի նոր կառավարության երդման արարողությունը: Կառավարության կազմում Իսրայելի արտաքին գործերի նախարար նշանակվեց «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը: Վերջինս, Իսրայելի քաղաքական դաշտում հանդես գալով որպես աջ արմատական գործիչ, արտաքին քաղաքականության կառուցման գործընթացում միանշանակ հանդես է գալիս ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների սերտացման, ջերմացման և ակտիվ փոխհամագործակցության օգտին: Այնպես որ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ընթացող զարգացումները, պայմանավորված Իսրայելի արտաքին քաղաքականության նոր գերակա ուղղություններ հանդիսանալու հանգամանքով, լիովին համապատասխանում էին Ա.Լիբերմանի քաղաքական կողմնորոշումներին:
Արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Լիբերմանը շատ արագ և հստակ ձևակերպեց կառավարության արտաքին քաղաքականության հետևյալ գերակա ուղղությունները` արտաքին քաղաքական հարթության մեջ ուժգին ճնշման գործադրում Իրանի վրա, Պաղեստինի հետ բանակցային գործընթացների սկզբունքների վերանայում և բազմավեկտորային արտաքին քաղաքականություն, մասնավորապես ԱՊՀ երկրների` Ռուսաստանի և հատկապես կենտրոնաասիական պետությունների հետ հարաբերությունների խորացում և ամրապնդում: Այդ կապակցությամբ Լիբերմանի կողմից կարևորագույն խնդիր դիտարկվեց Ռուսաստանի և վերոհիշյալ տարածաշրջանների երկրների հետ քաղաքական երկխոսության ձևավորումը և ուժերի կենտրոնացումը առևտրի, տնտեսության և տուրիզմի բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելուց հետո առաջին շաբաթների ընթացքում Լիբերմանի կողմից կատարվեցին երկու ուշագրավ կադրային նշանակումներ: Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն նշանակվեց Յոսի Գալը, որը մինչ այդ գլխավոր տնօրենի տեղակալն էր և համարվում էր «հին կաթսայի» գործիչներից: Մասնակիորեն թարմացված ու նորացված արտգործնախարարության աշխատակազմում հին սերնդի գործչի նշանակումը գլխավոր տնօրենի պաշտոնում դրական արձագանքներ առաջ բերեց իսրայելյան ողջ դիվանագիտական ծառայության համակարգում: Բավական ուշագրավ էր Լիբերմանի երկրորդ նշանակումը: Առաջին անգամ Իսրայելի պատմության ընթացքում նշանակվեց արտգործնախարարի խորհրդական ԱՊՀ երկրների գծով: Այդ պաշտոնում նշանակվեց նախկին խորհրդային քաղաքացի, ծնունդով Մինսկից Զեէվ Բեն-Արիեն (Վլադիմիր Ֆլանչիկ): Նա հիանալի տիրապետում է ռուսերենին, 16 տարի աշխատել է Իսրայելի դիվանագիտական համակարգում և այդ ողջ ժամանակահատվածում աշխատել է բացառապես ԱՊՀ երկրներում: Եղել է Իսրայելի դեսպանը Բելառուսում, աշխատել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատներում: Վերջին տարիներին գործունեությունն առավելապես կենտրոնացրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, մասնավորապես, Եվրասիա-2-ի հիմնադրումից հետո մինչև վերոհիշյալ նշանակումը մի քանի ամիս աշխատում էր այդ ստորաբաժանումում: Այս նշանակումը ևս մեկ անգամ հաստատում է, որ ԱՊՀ տարածքը գտնվում է Իսրայելի արտաքին քաղաքական գործունեության կիզակետում:
 
 
 Ի՞նչ խնդիրներ է հետամտում Իսրայելը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Ակտիվացնելով գործունեությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ Իսրայելը հետամտում է մի քանի հստակ և կոնկրետ նպատակներ:
Առաջին. Իսրայելի համար կարևորագույն հարցերից մեկը այսպես կոչված «իրանական գերխնդիրն է»: Իսրայելն իր արտաքին քաղաքական հայեցակարգը կառուցելիս ելնում է իր համար աքսիոմատիկ այն դրույթից, որ իրանական միջուկային սպառնալիքը հարյուր տոկոսանոց իրողություն է, և որի թիվ 1 թիրախը Իսրայելն է: Իրանի միջուկային սպառնալիքի չեզոքացումը Իսրայելը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության գերխնդիրներից մեկը: Ընդ որում՝ վերոհիշյալ խնդրի հանգուցալուծման կապակցությամբ Իսրայելի փորձագիտական կենտրոնները, հատուկ ծառայություններն ու պետական, պաշտոնական իրավասու շրջանակները գտնում են, որ իրանական ագրեսիային դիմակայելու դիվանագիտական զինանոցը դեռևս սպառված չէ:
Այսպես` ս.թ. մայիսին Թել-Ավիվի համալսարանի իրանական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցում էր նաև Իսրայելի գրեթե ողջ քաղաքական էլիտան, Իսրայելի ռազմական հետախուզության նախկին պետ Զեէվի Ֆարկաշը հայտարարեց, որ «Իրանը շրջապատող չափավոր սուննիական երկրների հետ (որոնք նույնպես զգուշանում են իրանական միջուկային սպառնալիքից) կոալիցիայի ձևավորումն ունի անչափ կարևոր նշանակություն»: Այդ երկրների ցանկում մատնանշվեցին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները:
Նույն խորհրդաժողովում իրանական հետազոտությունների վերոհիշյալ կենտրոնի տնօրենի տեղակալ, իսրայելյան հայտնի իրանագետ Ուզի Ռաբին շեշտեց, որ Իրանը շրջապատող աշխարհում Իսրայելն ամեն գնով պետք է դիվանագիտական բավական մեծ ակտիվություն դրսևորի: Վերջինս միաժամանակ մատնանշեց, որ «…իրանական ագրեսիային դիմակայելու համար տարածաշրջանում հարկավոր է ձևավորել մի քանի կոալիցիոն միավորումներ»:
Իսրայելի ԱԳՆ նորանշանակ գլխավոր տնօրեն Յոսի Գալը դեռևս ս.թ. փետրվարին Հերցլիայի միջդիսցիպլինար կենտրոնի 9-րդ կոնֆերանսում Իրանի կապակցությամբ պատրաստած իր զեկույցում Իրանի կողմից շրջակա երկրներում հանդես բերվող դիվանագիտական գործողություններին, այդ թվում նաև ոչ դիվանագիտական խողովակներով իրականացվող միջամտություններին հետևելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու հարցը դիտարկում է որպես Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության կարևորագույն խնդիրներից մեկը:
«Հարկավոր է հասկացնել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներին, որ Իսրայելն ավելի շատ բան կարող է տալ իրենց, քան Իրանը»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մեկ այլ պատասխանատու աշխատող:
Այդ իսկ պատճառով բոլորովին պատահական չէ, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցը տարածաշրջան շատերի կողմից ընկալվեց որպես աշխարհաքաղաքական հարթության մեջ կատարված քայլ: Այդ այցելությանը նախորդող ժամանակահատվածում միանգամայն տրամաբանորեն ենթադրվում էր, որ նախկին ԽՍՀՄ երկրների կողմից Իսրայելի նախագահի բարձր մակարդակով ընդունելությունը կարող է բացասաբար ընկալվել Իրանի և Իսրայելի հետ հակամարտության մեջ գտնվող արաբական աշխարհի կողմից: Իսրայելն իր հերթին այդ շրջայցն ընկալում էր որպես Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների ակտիվացման պատրաստակամության բարոմետր:
Երկրորդ. Իսրայելում ցանկանում են կոնկրետ երկրների, տվյալ դեպքում՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մուսուլմանական երկրների օրինակով ցույց տալ իսլամական և հատկապես արաբական աշխարհին, որ Իսրայելի և մուսուլմանական երկրների միջև բարեկամական փոխհարաբերություններ ու համագործակցություն միանգամայն հնարավոր է: Եվ որ այդ համագործակցությունից ցանկացած երկիր, այդ թվում նաև իսլամական երկրները, միանշանակ շահեկան վիճակում են հայտնվելու: Դրանով իսկ հրեական պետությունը ձգտում է ապացուցել, որ Իսրայել-իսլամական աշխարհ կամ հրեաներ-մուսուլմաններ հակամարտություն, որպես այդպիսին, իրականում գոյություն չունի, իսկ եթե անգամ ունի, ապա ոչ իր մեղքով: Այդ գործընթացում քաղաքական երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու հետ մեկտեղ, Իսրայելը հատուկ ուշադրություն է բևեռում հատկապես տնտեսական ոլորտում նախատեսվող համագործակցությանը: Իսրայելում վերջին ամիսներին բավական հաճախակի են մատնանշում Ադրբեջանի հետ նախորդ 2-3 տարվա ընթացքում խորացող համագործակցության փորձը, որին ներկա պահին նախկին ԽՍՀՄ մուսուլմանական երկրների շարքում կարելի է համարել Իսրայելի հետ ռազմավարական համագործակցության ուղին բռնած, թերևս, ամենաառաջին դիրքում գտնվող երկիրը:
Երրորդ. Հարավկովկասյան և կենտրոնաասիական տարածաշրջանում Իսրայելի ակտիվացումը, կարծում ենք, պայմանավորված է ևս մեկ, առայժմ չնկատվող գործոնով: Դա Թուրքիայի գործոնն է:
Չնայած վերջին ժամանակահատվածում Իսրայելի և Թուրքիայի փոխհարաբերություններում ի հայտ եկած սառնությանը, ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջև, այնուամենայնիվ, նույն տեմպերով շարունակվում է: Սակայն ակնհայտ է, որ Իսրայելին այսօր ինչ-որ մի բան այլևս չի բավարարում: Այսօր տարածաշրջանում և ընդհանուր առմամբ աշխարհում գործում են ավելի բարդ խաղի կանոններ, քան գոյություն ունեին 10-15 տարի առաջ: Իսրայելի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող ռազմավարական դաշինքը պատասխաններ է տվել աշխարհաքաղաքական բազմաթիվ հարցադրումների՝ ենթադրելով տարածաշրջանային զարգացումների որոշակի սցենարներ, որոնք լիովին բավարարել են երկու երկրներին: Սակայն վերջին 10-15 տարվա ընթացքում արագ փոփոխվող աշխարհում աստիճանաբար ի հայտ են եկել բազմաթիվ նոր հարցադրումներ, որոնց վերոհիշյալ դաշինքը շատ հաճախ ի զորու չէ լուծումներ առաջադրել: Այս պայմաններում թե՛ Թուրքիան և թե՛ Իսրայելը ստիպված են փնտրել իրենց համար կենսական հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցադրումների ուրույն, շատ հաճախ՝ տվյալ ռազմավարական համագործակցության տրամաբանությանը հակասող լուծումներ: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ սա ամենևին չի նշանակում, թե Իսրայելի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունն այլևս մայրամուտ է ապրում, որովհետև դա, համենայնդեպս, արդեն տասնամյակներով թրծված և կայացած համագործակցություն է, և այսօր էլ բազմաթիվ ոլորտներում կենսական նշանակություն ունի երկու երկրների համար:
Երկար ժամանակ Թուրքիան Իսրայելի համար հանդիսացել է համագործակցության այն մոդելը, որը կարող է գոյություն ունենալ հրեական պետության և մուսուլմանական աշխարհիկ պետությունների միջև, ի հակակշիռ արմատական իսլամական երկրների, մասնավորապես՝ Իրանի: Համագործակցության այս մոդելը բավարարել է նաև Արևմուտքին և ողջ միջազգային հանրությանը, որոնք իրենց հերթին խրախուսել և աշխարհաքաղաքական դրական մթնոլորտ են ստեղծել վերոհիշյալ գործընկերության շուրջ: Աշխարհիկ Թուրքիան, որն Իսրայելի հետ համագործակցության համար հանդիսացել է բաց երկիր, ի տարբերություն Իրանի` ծառայել է որպես առաջադեմ և մոդեռնիզացվող հասարակությանը բնորոշ պետականության մոդելի օրինակ: Սակայն ներկա պահին Թուրքիան կարծես թե չի բավարարում ոչ մեկ և ոչ էլ մյուս չափանիշներին: Համենայնդեպս, արդեն սկսում են այդպես մտածել Իսրայելում: Այդ առումով որպես այլընտրանք, ինչպես արդեն վերը նշվեց, լիովին կարող են հանդես գալ կենտրոնաասիական պետությունները և առաջին հերթին՝ Ուզբեկստանն ու Ղազախստանը: Թեև նրանք երկուսն էլ զիջում են Թուրքիային իրենց տնտեսական ցուցանիշներով, բայց բնակչության գումարային թվաքանակով, աշխարհաքաղաքական դիրքավորմամբ, նավթի և գազի արդյունահանման և տարանցման իրենց պոտենցիալ հնարավորություններով աշխարհաքաղաքական տեսանկյունից կարող են հանդես բերել ոչ պակաս կարևոր դերակատարություն, քան այսօր ունի Թուրքիան:
Այլևս հասկանալի է, թե ինչու Շիմոն Պերեսի այցը Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա Իսրայելի համար ուներ այդքան կենսական նշանակություն: Չանդրադառնալով վերոհիշյալ այցելության մանրամասներին, ինչն անպայման կանենք առաջիկայում, նշենք, որ այդքան երկար ժամանակ խնամքով նախապատրաստվող այցելությունը, որն, ի դեպ, տեղի ունեցավ նախատեսված երեք պետություններից երկուսում3, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի` որպես Իսրայելի արտաքին քաղաքականության նոր գերակա ուղղությունների, պերճախոս վկայությունն է:
 
ՀՀ-ն Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում

Այս պայմաններում մեծ հետաքրքրություն է առաջացնում ՀՀ-ին «հատկացվող դերակատարությունը»: ՀՀ-ն, իհարկե, մուսուլմանական երկիր չէ, բայց Հարավային Կովկասում ունի առանցքային դերակատարություն: Բացի այդ, ՀՀ-ն Իրանի հետ ունի 35 կմ երկարությամբ սահման և բարեկամական փոխհարաբերություններ: Միաժամանակ, ՀՀ-ն Իսրայելի ռազմավարական գործընկերներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գտնվում է` առաջինի հետ ռազմական հակամարտության, իսկ երկրորդի հետ՝ բարդ և պատմականորեն կնճռոտ փոխհարաբերությունների հորձանուտում:
ՀՀ նկատմամբ ցուցաբերվող ակտիվությունը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ի հայտ եկած որոշակի սառնությամբ: Այսպես` Դավոսյան համաժողովում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպից անմիջապես հետո իսրայելյան հեղինակավոր «Մաարիվ» թերթը գրեց, որ «Իսրայելի արտաքին գործերի նախարարության կողմից հանկարծակի սկսել են սպառնալիքներ հնչել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին»: Եվ դա այն դեպքում, երբ մինչև բոլորովին վերջերս այդ թեմայի վրա թաբու էր դրված՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մտահոգությամբ: Հատկանշական է նաև այն, որ Շեմի Ցուրի ՀՀ կատարած երկրորդ այցելությունից ընդամենը մեկ օր առաջ` մարտի 16-ին, իշխանական վերահսկողության ներքո գտնվող եբրայալեզու News1.co.il կայքում տեղ գտավ Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն հրապարակում, որտեղ Թուրքիան ուղղակիորեն մեղադրվում էր «հայերի սարսափելի սպանդի» կազմակերպման մեջ: Ընդ որում՝ այդ հոդվածում հղումներ էին արվում նաև 1915թ. Պաղեստինում գործող սիոնիստական ընդհատակյա կազմակերպության կողմից ներկայացված փաստերին:
Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձան նաև Իսրայելի ռազմաքաղաքական շրջանակները: Երկրի բարձրագույն հրամկազմի ամենաազդեցիկ ու հեղինակավոր գեներալներից մեկը՝ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ավի Միզրահին, անդրադառնալով Գազայի պատերազմի կապակցությամբ թուրքերի բարձրացրած աղմուկին, վերջիններիս խորհուրդ տվեց «…ռազմական հանցագործության մեջ ինչ-որ մեկին մեղադրելուց առաջ սեփական պատմությունն ուսումնասիրել»: Այս հայտարարությունից հետո հարցը սրվեց այն աստիճան, որ Թուրքիայում Իսրայելի դեսպան Հաբի Լևին բացատրություններ տալու նպատակով հրավիրվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն4:
Ինքնին հասկանալի է, որ համենայնդեպս ներկա փուլում Իսրայելը բոլորովին չի պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ այս ամենը պարզապես արվում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով: Այսինքն՝ կրկին ականատեսն ենք մեզ ծանոթ խաղային ձեռագրի: Հերթական անգամ ինչ-որ մեկը Թուրքիային «կարգի հրավիրելու» կամ «իր տեղը ցույց տալու» նպատակով որպես ճնշիչ մեթոդիկա փորձ է անում կիրառել հայկական գործոնը:
Եթե Թուրքիայի հետ կապված փոխառնչություններում Իսրայելը վերջին շրջանում գոնե առերևույթ ավելի շատ դրսևորում է «հայամետ» կեցվածք, ապա բոլորովին այլ է պատկերը Ադրբեջանի հետ կապված առնչություններում: Վերջինիս հետ օրեցօր սերտացող հարաբերությունների արդյունքում Իսրայելը հայ-ադրբեջանական առնչությունների և հատկապես Ղարաբաղյան հակամարտության խնդրի կապակցությամբ որդեգրում է առավել ադրբեջանամետ կեցվածք:
Անկախ այն բանից, թե Թուրքիային «իր տեղը ցույց տալու» ինչ մեթոդիկա է ընտրում կամ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների առթիվ ինչպիսի կեցվածք է որդեգրում Իսրայելը, այնուամենայնիվ, դատելով Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ակտիվացող գործունեությունից՝ Իսրայելի արտաքին քաղաքականության ներկայիս գերակայություններից և ՀՀ-Իսրայել վերջին ժամանակահատվածի փոխառնչություններից, կարելի է եզրակացնել, որ Իսրայելը հակված է ՀՀ-ի հետ հարաբերությունների աշխուժացմանը և փոխշահավետ համագործակցության ծավալմանը: Ընդ որում՝ իսրայելյան առանձին քաղաքական մեկնաբաններ, խոսելով Իսրայելի նոր քաղաքական գերակայությունների մասին, «Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա» եզրի փոխարեն շատ հաճախ պարզապես շեշտում են «ՀՀ և Կենտրոնական Ասիա» բառակապակցությունը5:
Իսրայելի մամուլում լուրջ արձագանքներ և հետաքրքիր մեկնաբանություններ առաջացրեց ընթացիկ տարում, կարճ ժամանակահատվածում Շեմի Ցուրի՝ երկու անգամ ՀՀ այցելելու փաստը: Իսրայելի լրատվական աղբյուրներից շատերն այդ այցելությունները գնահատեցին պատմական երկու երկրների փոխհարաբերություններում: Առաջին այցելության ժամանակ Շեմի Ցուրը հանդիպումներ ունեցավ հանրապետության գրեթե ողջ բարձրագույն ղեկավարության հետ: Վերջինիս նախ ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանը, որից հետո նա արժանացավ ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի և Վեհափառ հայրապետ Գարեգին 2-րդ կաթողիկոսի ընդունելությանը: Այնուհետև Իսրայելի դեսպանին ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որին էլ նա հանձնեց իր հավատարմագրերը:
Երկրորդ այցելության ժամանակ Շեմի Ցուրը հանդիպումներ ունեցավ ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանի և փոխվարչապետ Ա.Գևորգյանի հետ:
Հետաքրքիր անդրադարձներ առաջացրեց նաև ՀՀ փոխարտգործնախարար Ա.Կիրակոսյանի ս.թ. մայիսի 26-27-ին Իսրայել կատարած այցը: Այդ այցելության կապակցությամբ իսրայելյան մամուլում և վերլուծական կառույցներում տեղ գտած բոլոր մեկնաբանությունները հանգում էին մեկ ընդհանուր վերջաբանի, որ այս երկրները կարիք ունեն «դեսպանատների փոխանակման»:
Համենայնդեպս, այսօր այլևս առկա են ՀՀ-ի և Իսրայելի միջև երկկողմանի քաղաքական, տնտեսական, առևտրական և ընդհանուր առմամբ տարածաշրջանային համագործակցության բոլոր հիմքերը: Բացի դրանից, այսօր միևնույն ժամանակ առկա են նաև նախադրյալներ, որոնք ուղղակի ստիպում են ՀՀ-ին ակտիվացնել արտաքին քաղաքականությունն Իսրայելում: Դա Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի, տեղի հայ համայնքի և Սրբոց Հակոբյանց վանական միաբանության առջև ծառացած հիմնահարցերն են, ինչպես նաև մեր պատկառելի հարստությունների պահպանության խնդիրը, որն իրադարձությունների` մեզ համար ոչ շահեկան զարգացման դեպքում (իսկ վերջին ժամանակահատվածի տեմպերը ճիշտ այդպիսին են), կարող է և լուրջ գերխնդիր դառնալ:
Եթե ՀՀ-ն պետք է ակտիվացնի և խորացնի հարաբերություններն Իսրայելի հետ, ապա որքան այդ քայլերն արագ կատարվեն, այնքան լավ: Եթե ՀՀ-ն Իսրայելում երբևէ պետք է բացի դեսպանատուն, ապա որքան շուտ դա արվի, այնքան լավ: Այս հարցն առնչվում է Հայաստանի Հանրապետության և ողջ Հայության կենսական շահերին, և ենթադրելով խոր ու համակողմանի ուսումնասիրություն՝ միաժամանակ պահանջում է նաև արագ ու հստակ կողմնորոշում` դրանից բխող համապատասխան գործողություններով:
Այս հարցում ժամանակը մեր օգտին չի աշխատում…
PS: Հոդվածը «Գլոբուս ազգային անվտանգություն» հանդեսի 2009թ. 4-րդ համարում լույս տեսնելուց հետո Իսրայելի ԱԳՆ Եվրասիա-1 և Եվրասիա-2 կառույցներում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Եվրասիա-1 ստորաբաժանման ղեկավար է նշանակվել Հարի Կորենի տեղակալ Յակով Լիվնեն, իսկ Եվրասիա-2-ի ղեկավար` Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Աննէ Ազարիի տեղակալ Յուվալ Ֆուքսը: Իսրայելի ԱԳՆ վերոհիշյալ ստորաբաժանումների գործունեությանը մենք կանդրադառնանք նաև առաջիկայում:
1Իսրայելում նախարարության գլխավոր տնօրենը մոտավորապես նույն պաշտոնն է, ինչ մեզանում աշխատակազմի ղեկավարը։
2 Նման ևս մեկ ստորաբաժանում գոյություն ունի ԱՄԱՆ-ի` Իսրայելի ռազմական հետախուզության համակարգում, որտեղ նախկին խորհրդային երկրներով զբաղվող պրոֆիլային ստորաբաժանման ողջ աշխատակազմը ևս նախկին խորհրդային քաղաքացիներ են։
3Շիմոն Պերեսի շրջայցը Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, ինչպես հայտնի է, նախատեսվում էր իրականացնել երեք երկրներում` Ադրբեջան, Ուզբեկստան և Ղազախստան: Սակայն հետագայում, ինչպես վկայում են դիվանագիտական աղբյուրները, Ուզբեկստանի նախագահ Ի.Քարիմովը «խիստ ծանրաբեռնվածության» պատճառով չկարողացավ ժամանակ գտնել Իսրայելից ժամանող գործընկերոջն ընդունելու համար: Շիմոն Պերեսի այցը տեղի ունեցավ միայն Ադրբեջան և Ղազախստան։
4Թուրքերի բարձրացրած աղմուկի արդյունքում ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ) մամլո ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց, որ Իսրայելի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ավի Միզրահին արտահայտել է իր անձնական տեսակետները։
5Նման արտահայտության հեղինակները համարում են, որ Ադրբեջանի և Վրաստանի հետ հարաբերությունների հաստատման և ամրապնդման խնդիր Իսրայելն այլևս չունի: Հետևաբար, խոսել Հարավային Կովկասում ակտիվացող քաղաքականության մասին, նշանակում է՝ խոսել ՀՀ-ի հետ տարվող աշխատանքների ակտիվացման մասին։
 
Հեղինակի այլ նյութեր
 
 
Խորին շնորհակալություն ենք հայտնում հեղինակին՝ նյութերը սիրալիրաբար մեզ տրամադրելու համար: 
 
 
Категория: Новости | Добавил: nairi
Просмотров: 572 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0

Имя *:
Email *:
Код *:
Форма входа

Поиск
 
Вы вошли как
18.220.94.189
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
 

Наше время

 


Друзья сайта

Статистика
 


Copyright N a i r i © 2024