Հուլիս 7-12-ը Իսրայելում կայացան հայ մշակույթի օրերը: Մշակութային պատվիրակությունը գլխավորեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն, որին ուղեկցում էին Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե) և Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը:
Մշակույթի օրերի ծրագրով Իսրայելում ելույթներ ունեցան «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Կադանս» երաժշտական անսամբլն, Ինգա և Անուշ Արշակյանները Թել Ավիվում և Հայֆայում, նաև տեղի ունեցան հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական և ձեռագործ աշխատանքների (բատիկա) ցուցահանդեսները:
Այցի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն Իսրայել ժամանեց հուլիսի 7-ին ու հանդիպեց երկրի կենտրոնում հայկական համայմքի ներկայացուցիչների հետ:
Հուլիսի 8-ին Թել Ավիվի Հեյխալ Հատարբուտում տեղի ունեցած Իսրայելում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, չնայած որ րոպեներ առաջ ուժեղ հրթիռակոծման էր ենթարկվել քաղաքն ու հենց հայերի գլխավերևում էին հրեական հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել պաղեստինյան հրթիռները:
Նախարարը հանդիպումներ ունեցավ Իսրայելի Կնեսետի պատգամավոր Զեև Էլկինի, Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալի Ցախի Անեգբիի, Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Լիմոր Լիվնատի, հետ: Երուսաղեմում հայ պատվիրակներին ընդունեց նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքն ու հանդիպում տեղի ունեցավ Երուսաղեմի հայկական համայնքի պատասխանատուների հետ:
Հանդիպումների ժամանակ, հրեական պաշտոնատար անձանց հետ քննարկվել են հայ-իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերն, ու նախանշվել են ոլորտային համագործակցության նոր ուղղությունները և քննարկվել են 2015 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը:
|