Հարգելի Հայրենակիցներ, մի փոքր ուշացումով ներկայացնում ենք Բնաբան.ամ կայքում տեղադրված հոդվածն, որը շատ կարևոր է մեզ համար:
Երեքշաբթի, 26 Հուլիս 2011
Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը երեկ իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել հայաստանցի իր պաշտոնակից Արման Կիրակոսյանի հետ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` Այալոնը «շնորհակալություն հայտնեց Կիրակոսյանին բարեկամական հարաբերությունների համար և խոսեց երկու պետությունների միջև պատմական կապերի ու մշակութային ընդհանրությունների մասին»: «Փոխարտգործնախարար Այալոնը ընդգծեց այն կարևորությունը, որ Իսրայելը տալիս է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների և գործնական համագործակցության շարունակական զարգացմանը: Այնուհետև նա հայտարարեց, որ հաճույքով կայցելի Երևան, և փոխարտգործնախարար Կիրակոսյանին հրավիրեց այցելելու Իսրայել», - ասված է հաղորդագրությունում: «Փոխարտգործնախարար Այալոնը վերահաստատեց հատուկ զգայունությունը, որ մենք` որպես հրեաներ, ունենք հայկական ողբերգության նկատմամբ», - ասված է Իսրայելի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Ըստ նույն աղբյուրի, Այալոնը նշել է նաև, որ Իսրայելը սատարում է բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը հասնելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
|