Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Նեթանյահուի պատճառո՞վ
[ ]
28.12.2011, 04:35
Դեկտեմբեր 26, 2011 | 19:07
Հայոց ցեղասպանության ճանաչման համար իսրայելական Կնեսետում քվեարկել են ակադեմիայի ներկայացուցիչները, պատգամավորներ եւ հասարակական գործիչներ: ԱԳՆ-ի ներկայացուցիչները չեն ժխտում ողբերգության փաստը, բայց ճանաչում այդուհանդերձ չի լինի: Այդ մասին NEWS.am–ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է IzRus.co.il-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը: «Ես համոզված եմ դրանում»,-նշել է զրուցակիցը` շարունակելով. «Պատճառը պարզ է, եթե հիմա պետք լիներ քվեարկել այդ հարցով, ապա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոտ կգային խորհրդականներ, ովքեր նրան կբացատրեին, որ մենք Ֆրանսիա չենք, եւ մեզ համար թուրքական թշնամանքը շատ ավելի կարեւոր է, քան Ֆրանսիայի պարագայում: Նրա մոտ կգար Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, ով լավ հարաբերություններ ունի ինչպես իր ադրբեջանցի գործընկեր Էլդար Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նա կբացատրի վարչապետին, որ թեկուզ Ադրբեջանը կապ չունի 1915-ի իրադարձությունների հետ, սակայն այնքան էլ սերտ հարաբերությունները չունի Հայաստանի հետ: Եւ Բաքվում կարող են օժանդակություն ցույց տալ եղբայրական Թուրքիային, թեկուզ եւ այնքան էլ չեն սիրում Էրդողանի կառավարությանը: Եւ հետո բոլորը միասին կհարցնեին մեր վարչապետին. իսկ դա Ձեզ պե՞տք է»: Զրուցակցի կարծիքով, պատասխանը պարզ է: Գոլդենշտեյնը նշել է, որ Կնեստում քվեարկելու դեպքում իշխող կուսակցության մեծամասնությունը կքվեարկի ճանաչման դեմ, քանի որ նրանց այդպես կասի վարչապետը: «Մեծությամբ երկրորդ կուսակցությունը` «Մեր տունն Իսրայելն է», ամբողջությամբ դեմ կքվեարկի: Արաբ պատգամավորները կցանկանային ցույց տալ հայերին, որ կարեկցում են իրենց, սակայն ի՞նչ անել Թուրքիայի հետ: Արաբ պատգամավորներից ոչ մեկ էլ չի մասնակցի քվեարկությանը: Մյուս կուսակցություններում միասնական կարծիք չկա: Անհրաժեշտ քանակությամբ ձայներ չեն հավաքվելու: Այդպիսին է իրականությունը»,-եզրափակել է նա: Ավելի վաղ NEWS.am–ը, վկայակոչելով IzRus-ը, հաղորդել է, որ Իսրայելի Կնեսետի Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը կրկին կհավաքվի, որպեսզի շարունակի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը: դեկտեմբերի 26-ին, կայացած քննարկմանը մասնակցել են Ալեքս Միլլերը, Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը, պատգամավորներ Ուրի Օրբախը, Զահավա Գալյոնը, Արյե Էլդադը, Օտնիել Շնելլերը, ակադեմիական շրջանակներից Հայ դատի, Իսրայելի ԱԳՆ-ի ներկայացուցիչները: