Ադրբեջանցի երեխաները մասնակցում են Ադրբեջանի կողմից այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության 21-րդ տարելիցին, 2013թ.:
Համաձայնել Ադրբեջանի այն մտքին, թե իբր 1992թ. Խոջալուում տեղի են ունեցել մասսայական սպանություններ, նշանակում է՝ պղծել Հոլոքոստի հիշատակումը:
Անցած ամիս Իսրայելի առաջին նախագահ Խաիմ Վեյցմանին նվիրված անտառում, 613 ծառեր տնկվեցին՝ հիշատակելու «Ադրբեջանում 24 տարի առաջ տեղի ունեցած Խոջալուի ցեղասպանությունը»: Այս «ցեղասպանությունը» հիշատակողները, որում իբր սպանվել է 613 մարդ, միայն ադրբեջանցիներն են, թուրքերը և վերջին տարիներին՝ իսրայելցիները: Ադրբեջանական մամուլը չափից դուրս ուրախ է. «Զարմանալի չէ, որ իսրայեցիները հիշատակում են Խոջալուի զոհերին: Հրեաներն ավելի լավ, քան որևէ այլ ազգ, գիտեն անմեղ զոհերի ցավը, ովքեր սպանվել են միայն նրա համար, որ պատկանել են որոշակի խմբի»: Խոջալուի ճակատամարտը տեղի ունեցավ 1992-ի փետրվարին՝ Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմում հայ-ադրբեջանական ուժերի միջև ընթացքող սարսափելի և թեժ մարտերի ժամանակ:
Հայկական անկլավում տեղի ունեցածի հետ կապված մի քանի տարբերակներ կան, այդ թվում նաև՝ զոհերի վիճելի քանակը: Որոշները պնդում են, որ նույնիսկ կոտորածներ տեղի չեն ունեցել, բայց մի բան հստակ է՝ ցեղասպանություն տեղի չի ունեցել: Ես ասում եմ սա՝ որպես ցեղասպանությունների ուսումնասիրող և որպես մարդ, ով հավատում է, որ որոշակի պատկանելության համար նույնիսկ մեկ անձի սպանությունը անհանդուրժելի հանցագործություն է: Պատերազմի մեկնարկին, դիտորդները համոզված էին, որ Ադրբեջանն օրերի ընթացքում կոչնչացնի հայկական անկլավը, սակայն վեց արյունոտ տարիներ հետո, երկկողմ կանխամտածված ջարդերով, հայերը հաղթեցին:
Խոջալուի «ցեղասպանությունը» ադրբեջանցիների ցինիկ կեղծիքն է, չար և դաժան: Այն խթանվում է Ադրբեջանի կողմից, որը բացահայտորեն հայտարարում է Լեռնային Ղառաբաղը նվաճելու և դրա գյուղերը ոչնչացնելու իր մտադրության մասին: Վերջին տարիներին Ադրբեջանի հիմնական ռազմական մատակարարը՝ Իսրայելը, դարձել է ցեղապսանության մասին այս պնդումների ուղղակի և անուղղակի աջակիցը: Նախագահ Ռ. Ռիվլինը 2015թ. հունվարին՝ Հոլոքոստի հիշատակման օրը, ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում իր ելույթի ժամանակ խոսեց Խոջալուի ողբերգության մասին՝ դրան վերագրելով մեր օրերում տեղի ունեցած ցեղասպանության դրսևորում: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը նա ուղղակիորեն ցեղասպանություն չանվանեց, սակայն կապեց երկուսը՝ խոսելով «Խոջալուի սպանությունների» մասին: Ռիվլինը Քնեսետի խոսնակի պաշտոնում հրապարակայնորեն նշել էր, որ Իսրայելը պետք է ճանաչի Օսմանյան կառավարության կողմից 1915թ. սկզբերին իրագործված Հայոց ցեղասպանությունը, սակայն հրաժարվում է կրկնել այդ խոսքերը նախագահի պաշտոնում: ՄԱԿ-ի ելույթը և´ հայերը, և´ ադրբեջանցիները մեկնաբանել են նմանապես. Ռիվլինը Խոջալուի ջարդերը որակել է որպես «ցեղասպանություն»:
Ինձ համար ծառատունկն իսրայելական անտառում և արարողության ժամանակ շեշտված ադրբեջանա-հրեական «զոհերի եղբայրությունը», սրբապղծություն է: Հայ զինվորներին որպես նացիստներ նկարագրելը, Հոլոքոստի և Բաբի Յարի, Լիդիչի, Օրադուրի կամ Խոջալուի կոտորածների միջև հստակ կապեր մեջբերելը, պատմական ճշմարտության սարսափելի աղավաղում է:
Ինչպե˜ս է պտտվում պատմության անիվը: 1918-ի ապրիլին Վեյցմանի անձնական քարտուղար Շմուել Տոլկովսկին մի հոդված հրապարակեց՝ «Հայոց հարցը՝ սիոնիստական տեսանկյունից» վերնագրով: Հոդվածը ներկայացնում էր այդ ժամանակվա Սիոնիստական շարժման, մասնավորապես լոնդոնյան ղեկավարության՝ Վեյցմանի և Սոկոլովի դիրքորոշումը: Այն գրվել էր Վեյցմանի աջակցությամբ և վավերացմամբ: «Մենք՝ սիոնիստներս, անկեղծորեն մտահոգված ենք հայ ժողովրդի ճակատագրով: Մենք գործում ենք որպես մարդ, որպես հրեա և սիոնիստ: Որպես հրեաներ՝ մենք աքսորվեցինք մեր հինավուրց հողից և դարեր շարունակ տառապանքներ կրեցինք: Կհամարձակվեմ ասել, որ մենք դարձանք նահատակության փորձագետներ: Մարդասիրական մեր դյուրազգացությունը սրվեց աննախադեպ ձևով, մինչև այն, որ նույնիսկ իրենց ծագումով մեզ նման և աշխարհագրորեն հեռու ազգերի տառապանքները սասանում են մեր հոգիները՝ առաջացնելով եղբայրասիրություն մեր և մեր տառապող եղբայրների միջև, խորը եղբայրական կապ, որը կարելի է անվանել «վշտի եղբայրություն»: Մեր շուրջն առկա այսքան տառապանքի մեջ արդյո՞ք կա մեկ այլ ազգ, որի նահատակության պատմությունն այնքան նման է մերին»:
Անցած տարի՝ «Խոջալուի բազմաթիվ հիշատակումներից» և ՄԱԿ-ում մեր նախագահի ելույթից հետո, Հայաստանի կառավարության բարձրաստիճան անդամներից մեկն ինձ հրավիրեց իր գրասենյակ: «Քեզ հետ խոսում եմ ոչ թե որպես Հայաստանի կառավարության նախարար, այլ դիմում եմ որպես մարդը՝ մարդու, որպես հայ՝ Իսրայելի հրեայի. որքա՞ն ավելի կարող եք վնասել մեզ»,- հարցրեց նա:
«Դուք չեք ճանաչում 1915թ. ցեղասպանությունը, դուք ժխտում եք այն, դուք զենք եք վաճառում Ադրբեջանին, որի միակ նպատակն է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը, իսկ հիմա էլ՝ ՄԱԿ-ում Ձեր նախագահի խոսքերի գլխավորությամբ մասնակցում եք Խոջալուի «ցեղասպանության» հիշատակման արարողություններին: Մենք սա այլևս չենք կարող հանդուրժել»:
Երևանի պետական համալսարանի դեկանը, որտեղ ես դասավանդում եմ, մի ժամանակ ուսանել է Երուսաղեմի հրեական համալսարանում: Ավելի վաղ այս տարի նա ասաց ինձ. «Յահիր, դու պղծում ես բոլոր բարոյական արժեքները և Հոլոքոստի հիշատակը»:
Վերջերս, այսպես կոչված գիտական համաժողովի ժամանակ Խոջալուն և Հոլոքոստը մեկ վերնագրի տակ դիտարկելն, իրոք, Հոլոքոստի և դրա զոհերի պղծում էր: Այս միջոցառմանը մասնակցում էին Քնեսետի անդամներ և ադրբեջանցի խորհրդարանականներ: Այն կազմակերպվել էր Ազիզ կոչվող խմբի՝ Իսրայելա-ադրբեջանական միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ: Սա մի խումբ է, որին գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննել: Անտառը, որտեղ ծառատունկն է կատարվել, պատկանում է Հրեական ազգային հիմնադրամին՝ պաշտոնական պետական կառույցի:
Ո՞վ է հավանություն տվել այս զզվելի գաղափարին: Իսրայելի պաշտոնյաները խոսում են «մեր սիրելի ադրբեջանցի եղբայրների» մասին: Նրանք ասում են. «Մենք, իսրայելցիներս և հրեաներս, հասկանում ենք ձեր զգացմունքներն ու կարեկցում»: Կամ «Երուսաղեմը, ինչպես և Խոջալուն, պաշարման մեջ է եղել»: Եվ «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և Ադրբեջանի ժողովրդին, համերաշխություն՝ հիմնարար մարդկային արժեքներով»:
Այո´, Իսրայե´լ, մենք իրոք պղծում ենք հիմնարար մարդկային արժեքները և Հոլոքոստի ու դրա զոհերի հիշատակը:
Ոչ ոք մեզ դրա իրավասությունը չի տվել:
Հեղինակը՝ ցեղասպանությունների ուսումնասիրող է: Այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ Երևանում, մեկնարկեց նրա՝ «Ցեղասպանության ուսումնասիրություններն ու մարդու իրավունքները» թեմայով դասընթացը:
Յահիր Աուրոն
Հաարեցի աջակից
Թարգմանեց Ամալիա Հարությունյանը:
|