ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը բաց նամակով դիմել է Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարրիսին` մի շարք «վերլուծաբանների» կողմից վերջին շրջանում իսրայելական պարբերականներում Հայաստանի, հայ ժողովրդի և իր` որպես Հայաստանի հրեական համայնքի առաջնորդի դեմ ատելություն քարոզող հոդվածներ հրապարակելու հետ կապված:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Ռիմա Վարժապետյանի նամակում մասնավորապես նշված է.
«Հարգելի պարոն Հարրիս,
Դիմում եմ Ձեզ՝ ցանկանալով հրավիրել Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ վերջին ամիսների ընթացքում իսրայելական պարբերականներում մի շարք այսպես կոչված վերլուծաբանների՝ Արիե Գուտի, Ալեքսանդր Մուրինսոնի, Մաքսիմ Գուաինի կողմից տպագրվում են Հայաստանի, հայ ժողովրդի և իմ, որպես Հայաստանի հրեական համայնքի առաջնորդի, դեմ ատելություն քարոզող հոդվածներ (Baku to the future: Azerbaijan, not Armenia, is Israel's true ally http://www.haaretz.com/opinion/.premium-1.623390, Anti-Semitism in Armenia,
http://thehill.com/blogs/congress-blog/foreign-policy/227301-anti-semitism-in-armenia ):
Վերը նշված հեղինակների կենսագրությունը և նրանց հոդվածների բովանդակությունը վկայում է, որ նրանք փորձում են հանրային կարծիքը, մասնավորապես հրեաների շրջանում, տրամադրել հայ ժողովրդի դեմ՝ ստվերելով հայ և հրեա ժողովուրդների դարերի պատմություն ունեցող հարաբերությունները:
Բացահայտ կեղծ փաստերով և մանիպուլիացիայի անհաջող փորձերով վերջին հոդվածը պատկանում է Արիե Գուտին
(http://www.jewishjournal.com/opinion/article/armenia_immortalizes_fascists_anti_
semites_who_participated_in_the_holocaus):
Նախկինում Ադրբեջանի քաղաքացի հեղինակը (նա հրեա է, այլ ոչ ադրբեջանցի), որի ֆեյսբուքյան օգտահաշիվն անգամ ցույց է տալիս նրա ձգտումը ստանալու ադրբեջանական իշխանությունների բարյացկամությունը, կեղծում է փաստերը՝ հանդես գալով իբրև թե ՛՛օբյեկտիվ՛՛ վերլուծաբանի դիրքերից:
Հոդվածում հեղինակը հերթական անգամ փորձում է համոզել մեզ բոլորիս Հայաստանում հակասեմականության առկայության մասին: Հետաքրքիր է, որ Գուտը, Գաուինն ու Մուրինսոնը արդեն շուրջ մեկ տասնյակ հոդված են գրել, որոնցում թութակի պես իրար կրկնում են, որ Հայաստանում իբրև թե առկա են հակասեմականության բազմաթիվ դրսևորումներ, սակայն նրանց բերած օրինակները կամ կեղծ են կամ աղավաղված:
Հրեական համայնքի իրավունքները երբևէ կասկածի չեն դրվել այստեղ: Հայ ժողովուրդը մշտապես հարգանք է ցուցաբերել հրեաների և հրեաների անցած պատմական ուղու նկատմամբ: Այս հարուստ մշակույթով հինավուրց հողում Հայաստանի հրեական համայնքը անհիշելի ժամանակներից իրապես գտել է իր ազատ կենսագործունեության և մշակույթի հարստացման համար բարեբեր միջավայր: Հրեաների` Հայաստանում միջին դարերից եկող ներկայության վկայություն հանդիսացող հուշարձան-գերեզմանատունը պահպանվել է հենց ժողովրդի և իշխանությունների հոգատար վերաբերմունքի շնորհիվ: Հեղինակը ոչ միայն անտեսում է այս ամենը, այլ նաև խիստ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս Հայաստանի հրեական համայնքի մասին, ինչը հենց ինքնին հակասեմականության օրինակ է:
Ինչպես վերջերս Երևանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանությունների հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի» ժամանակ նշեց Հրեական համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Միխայիլ Խլենովը, Հայաստանի հրեական համայնքը թեև փոքր, բայց լավ կազմակերպված և հպարտ համայնք է, որն իր գործունեությամբ նպաստում է ինչպես հրեական մշակույթի հարստացմանը, այնպես էլ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը:
Այս տարի Հոլոքոստի հիշատակի օրը հրեական համայնքին համապատասխան ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը: Մայիսին ԱՄՆ կատարած այցելության ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահը նաև այցելեց Հոլոքոստի հիշատակի թանգարան:
Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ Հոլոքոստի թեման ներառված է դպրոցական կրթական ծրագրերում, իսկ, համապատասխան տարբեր հաշվարկների, Հոլոքոստի վերաբերյալ իրազեկվածության տեսանկյունից հայերն առաջիններից մեկն են աշխարհում:
Գուտի հոդվածում հերթական անգամ շահարկվում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչների կողմից նացիստների հետ համագործակցության փաստը: Պատմագիտության կողմից հաստատվել է, որ հայկական լեգիոնը չի մասնակցել մարտական գործողություններին և տեղակայված է եղել թիկունքում, հիմնականում՝ Ֆրանսիայում, Հոլանդիայում և Լեհաստանում: Նացիստ առաջնորդները երբեք չեն վստահել հայկական լեգիոնին: 1942թ. դեկտեմբերի 12-ին Հիտլերը ասել է. <<Չնայած Ռոզենբերգի և ռազմական գործիչների հայտարարություններին՝ ես չեմ վստահում հայերին>>: Հայկական լեգիոնի անդամները երբեք առիթը բաց չեն թողել ապստամբելու նացիստների դեմ և միանալու դիմադրության շարժման խմբերին: Հայ ռազմագերիները կարևոր դերակատարություն են ունեցել Հարավային Ֆրանսիայի ազատագրության գործում: Հայ ռազմագերիների մեկ այլ խումբ դիմադրության շարժմանն է մասնակցել Հոլանդիայում:
Հավանաբար Արիե Գուտը տեղյակ է, որ գերմանական զինված ուժերում երկրորդ աշխարհամարտի տարիներին Ադրբեջանական լեգեոնն իր թվակազմով մոտ չորս անգամ ավելին է եղել, քան հայկականը: Այդ լեգեոնի մասնակցությամբ լեհերի և հրեաների` մի շարք կոտորածներ են իրականացվել (մասնավորապես, շուրջ 40000 կյանք խլած Վոլայի կոտորածը): Այսօր Ադրբեջանում պետական մակարդակով հերոսացվող Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (1918-1920թթ.) նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեն ևս մեծ ջանքեր է գործադրել Ադրբեջանական ռազմագերիներին նացիստական բանակի ստորաբաժանման շարքերը համալրելու գործում:
Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանք նացիզիմի դեմ պայքարի առաջին շարքերում են կանգնած եղել ինչպես Կարմիր բանակում, այնպես էլ սփյուռքում: Հայ ժողովրդի Երկրորդ աշխարհամարտին կես միլիոնից ավել մասնակիցներից միայն կեսն է տուն վերադարձել: Արյունալի բոլոր ճակատամարտերին մասնակցած հայ զինվորները շատ մարդկանց, ներառյալ հրեաների են փրկել ֆաշիստական լծից:
Արդեն ավանդույթ դարձածի պես Գուտի հոդվածում տեղ է հատկացված նաև ադրբեջանա-թուրքական հակահայ քարոզչության թեզերին` Հայոց ցեղասպանության լկտի ժխտողականությանը և 1992թ. Խոջալուի իրադարձությունների` պաշտոնական Բաքվի գնահատականնրի կրկնությանը: Եվ դա արվում է ոչ պրոֆեսիոնալ ձևով` կոնտեքստից կտրելով ՀՀ Նախագահի հարցազրույցի մի հատվածը: Իրականում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ լավ կլինի, որ պարոն Գուտը մեջբերի հենց Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովի հարցարզույցը, որն ամբողջությամբ լույս է սփռում, թե ովքեր են դրա կազմակերպիչները և ովքեր են այսօր օգտագործում այն քարոզչական ճակատում:
Ես հրեական ընտանիքում եմ մեծացել: Պատերազմի առաջին իսկ օրերից իմ հայրը մեկնել է ռազմաճակատ և հասել մինչև Բեռլին՝ ստանալով բազմաթիվ ռազմական պարգևներ: Մայրս ծնողների և իմ ավագ եղբոր հետ միասին երեք անգամ էվակուացվել է: Իմ ամուսնու նախնիները, ովքեր հայեր են, տուժել են Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից, ընտանիքի մեծ մասը չի փրկվել:
Իմ ընտանիքը ջանք չի խնայել Հայաստանի և Իսրայելի միջև բարեկամական կապերը ամրացնելու համար՝ մաղթելով երկու երկրներին և իհարկե երկիր մոլորակի բոլոր ժողովուրդներին խաղաղություն և բարգավաճում:
Դժբախտաբար, Գուտի նման տմարդիները և սադրիչները մեղադրում են ինձ նացիզմին, ֆաշիզմին և հակասեմականությանը աջակցման մեջ:
Նրանք մոռացել են, որ ոչ ոք իրավունք չունի նման անպատասխանատու հայտարարություններ անել, որ նման արտահայտությունները օդի մեջ չի կարելի հնչեցնել: Դրա համար հնարավոր է իրավական պատասխանատվության ենթարկել: Ցավալի է, որ հեղիանակավոր թերթերը և ամսագրերը տպագրում են այդ տխմարությունները առանց մտածելու հեղինակության մասին:
Ձեր գլխավորած կազմակերպությունը մշտապես հանդես է եկել ժողովուրդների միջև հանդուրժողականության ամրապնդման դիրքերից և պայքարել է ատելության խոսքի դեմ: Իմ կողմից մատնացույց արվող հոդվածագիրները փորձում են հենց հրեա հասարակությանն օգտագործել հակահայկական իրենց կեղտոտ քարոզչական հնարքներում: Ես երախտապարտ եմ Ձեզ և հպարտ եմ, որ տարիներ շարունակ հրավիրվում եմ ամեն տարի անցկացվող Ամերիկայի հրեական կոմիտեի ֆորումին, որի նիստերին մեծ ուշադրություն է հատկացվում հանդուրժողականության ամրապնդմանը և կրոնական ատելության տարածման դեմ պայքարի հարցերին:
Հուսով եմ, որ իմ այս մտահոգվածությունը ուշադրության կարժանանա Ձեր կողմից և մենք կկարողանանք համատեղ ջանքեր գործադրել նման կարգի սադրիչ գործողություններին հակազդելու ուղղությամբ»: