Մեծ դաշնակահար դառնալու երազանքով ապրող գյումրեցի փոքրիկը
[ ]
13.03.2012, 05:06
Հեղինակ` Լիլիթ Թովմասյան
Մենք հանդիպեցինք Գյումրու արվեստների ակադեմիայի սենյակներից մեկում, որի փակ դռներից այն կողմ դասական երաժշտության հնչյուններն էին, ներսում` սեւ ռոյալի դիմաց` փոքրիկ երաժիշտն իր մեծ աշխարհում: Գյումրեցի փոքրիկին շատերն են ճանաչում: Նրանք, ովքեր լսել են Վարդանի կատարումները, հպարտացել ներքուստ ու վստահաբար հաստատել են` հերթական տաղանդը հանճարածին Գյումրուց: -12 տարեկան եմ, ծնվել եմ 2000թ-ի հունվարի 5-ին: Ունեմ մեկ քույր, մեկ եղբայր: Երկուսն էլ ինձանից մեծ են: 6 տարեկանից հաճախել եմ կոնսերվատորիային կից «Փյունիկ» երաժշտական դպրոց, հենց առաջին տարուց մասնակցել եմ մրցույթ-փառատոնների,-իր մասին պատմում է Վարդանը: Հետո, երբ իմ խնդրանքով վերհիշում է բոլոր այն փառատոններն ու մրցույթները, որոնց մասնակցել ու հաղթել է, խանդավառվում է ու իր հաջողությունները ներկայացնում փաստերով. բոլոր դիպլոմները, շնորհակալագրերն ու պատվոգրերը մեկ թղթապանակում են:
Պատանի դաշնակահարի առաջին բեմելը 2007-ին էր` Երեւանում: Ալ.Սպենդիարյանի անվան երաժիշտ կատարողների հանրապետական երկրորդ մրցույթ փառատոնում ստացած պատվոգրին հաջորդեց 2008-ին կազմակերպված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնը, որտեղ Վարդանին շնորհվեց հատուկ մրցանակ` «Լավագույն կրտսեր մասնակից» անվանակարգում: Նույն տարում եւս մեկ հատուկ մրցանակ Վարդանն ստանում է Սարաջեւի անվան երաժշտական մրցույթի ժամանակ: 2010-ի «Վերածնունդը» դաշնակահարին հաղթանակ է ապահովում «Լավագույն պոլիֆոնիկ ստեղծագործություն» անվանակարգում: Հաջողությունները շարունակվում են 2011-ին. նախ «Վերածնունդ» միջազգային փառատոնում հատուկ մրցանակ` առաջին կարգի դիպլոմ եւ ոսկե մեդալ ժյուրի կողմից` լավագույն ազգային ստեղծագործության համար, առաջին տեղ «Շնորհալիներ» մրցույթում եւ 4-րդ կարգի դիպլոմ եւ հատուկ` «Հուսո մրցանակ» Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթում, որտեղ Վարդանը 11-14 տարեկանների տարիքային խմբում ամենակրտսերն էր` ավելի քան 100 մասնակիցների հետ պայքարում:
Իսկ ամեն ինչ սկվեց նրանից, երբ 5 տարեկան Վարդանը հայտնի «Կոկորդիլոս Գենայի» մուլտֆիլմի երաժշտությունն սկսեց նվագել առանց նոտաները ճանաչելու` ինչպես ինքն է ասում` «լսելով»: Իսկ երբ փոքրիկի «լսելով» նվագածը լսեց Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս Մարիա Կարապետյանը, այլեւս երեխայի ապագան կանխորոշված էր.«Նրան կանոնավոր երաժշտական կրթություն է պետք»:
34 աշխատանքնային տարիների ընթացքում դասարանում սովորել եւ շարունակում են սովորել շատ շնորհալիներ: Վարդանը որքան էլ մյուսներին նման է իր օժտվածությամբ, նույնքան էլ տարբեր է. -Լռակյաց է, չխոսկան, քիչ է արտահայտվում, մենք իր ներաշխարհով ենք հաղորդակցվում,-աշակերտին է բնութագրում ուսուցչուհին,- բառերով չհաղորդակցվելն, անշուշտ, երբեմն դժվարացնում է մեր գործը, բայց երաժշտության միջոցով կարողանում ենք գնալ նրա հոգու խորքերը ու արդեն վաղուց հաղորդակցվում ենք երաժշտության լեզվով: Վարդանն իր վերջին տարիների հաջողություններով հպարտանում է, բայց նաեւ պարտավորվում ավելիին հասնել: Ուսուցչուհու խոսքերով այս կամ այն բանն անելու համար նրան ստիպել կամ պարտադրելու կարիքը չկա. սիրում է իր գործն ու անում հաճույքով:
-Սիրում եմ նվագել,-ասում է Վարդանը,-դաշնակահար եմ դառնալու, մեծ դաշնակահար: Տանը ամեն օր գոնե 3-4 ժամ պարապում եմ, լսարանում էլ ամենաքիչը 3 ժամ պարապում ենք, երբեեմն նաեւ ուսուցչիս տուն եմ գնում: Շոպեն, Մոցարտ, Լիստ, Բաբաջանյան. այս կոմպոզիտորներին եմ շատ սիրում, քննություններից էլ համարյա միշտ 10 եմ ստանում: Հա, մեկ էլ հեծանիվ եմ շատ սիրում:
Վարդանի հաջողությունների հետագա ընթացքն ապահովելու համար պարբերաբար իրենց օգնությունն են բերում կոնսերվատորիայի պրոֆեսորները` վարպետության դասերի միջոցով: Մրցույթներն առայժ միայն դրական ազդեցություն են ունեցել Վարդանի վրա, իսկ չկոտրվելու համար Մարիա Կարապետյանի բանաձեւը մեկն է` շատ աշխատել ու մրցույթին գնալուց առաջ` իմանալ` որտեղ ես մրցունակ: -Դպրոցի 6-րդ դասարանի նյութը վաղուց հաղթահարված է ու դա Վարդանի համար արդեն հեռանկարային չէ,-նշում է նա,- այս նյութերով Վարդանը կարող է կոնսերվատորիա ընդունվել: Ես իրեն չեմ նայում որպես 6-րդ դասարանի աշակերտ: Ջանք չեմ խնայում ավելիին հասնելու համար: Երբեք չենք հանգստանում: Իմ ձեռքում գանձ է ընկած, որին հղկելու պարտավորվածություն ունեմ այնպես, ինչպես ալմաստն են դարձնում ադամանդ: Վարդանը համերգներով առայժմ միայն Նյու-Յորքում է եղել: Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հյուրախաղերով կլինի Լոնդոնում, առջեւում են նաեւ Բաբաջանյանի անվան հանրապետական եւ «Վերածնունդ» միջազգային մրցույթները: Իսկ Վարդանի հաջողությունները հավասարապես նաեւ ուսւոցչուհու ձեռբերումներն են. -Ամեն մարդ մի ձեւով է երջանիկ զգում: Ես հաճույք եմ ստանում արարման պրոցեսից, երբ ոչնչից ստանում ես կերպար, մատների, գույների, նոտաների միջոցով հնչյուններ ես ստեղծում, այ դա է իմ երջանկությունը: Վարդանիս մեծ բեմեր, մեծ հռչակ ու գլխապտույտ հաջողություներ եմ ցանկանում: Արվեստում ամեն մարդ իր ձեռագիը պիտի ունենա, ես արել ու կանեմ ամեն ինչ Վարդանի ձեռագրի համար:
Վարդանի ձեռագիրը շատերին է զարմացրել: Փետրվարի 16-ին Բեռլին Արթ հոթելում անցկացված «Մուտք» խորագրով ժամանակակից արվեստի ցուցահանդեսին ներկա էին նաեւ Գերմանիայի դեսպանատան մշակութային կցորդ Կ. Ցելենտին եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կ. Օբոլենսկին: Վարդան Գյոդակյանի դաշնամուրային փայլուն կատարումներն անտարբեր չթողեցին հյուրերին, իսկ պարոն Ցելենտին Վարդանին նվիրեց իր ճարմանդները` որպես հետագա հաջողությունների թալիսման, որոնք Վարդանը պարտավորվեց կրել իր բոլոր ելույթների ժամանակ: Հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտին բոլոր երեխաների նման հետաքրքրում են նաեւ համակարգչային խաղերը, բայց դաշնամուրն ու երաժշտությունը Վարդանի համար միշտ առաջին տեղում են: Իր ներսի երաժշտությունն առայժմ Վարդանը թղթին հանձնելու փորձ չի արել, բայց դա էլ առջեւում է. ով գոնե մեկ անգամ լսել է Վարդանին, համոզված է` մի օր նա կսկսի ստեղծագործել: Առաջին մենահամերգը Վարդանի ապագայի ծրագրերում են, լավ ռոյալը` ցանկալի նվեր: Վարդանի հետ ու Վարդանի աշխարհում ես անցկացրեցի երկու ժամ: Զրույցի ավարտին Վարդան ինձ համար Բաբաջանյան նվագեց: Դասասենյակում եւ այդտեղից դուրս գալուց հետո դեռ երկար ժամանակ «Վաղարշապատի» հնչյուններն էին իմ ականջներում, ու տարիքից անհամեմատ փոքր երեւացող, բայց մեծ դաշնակահար դառնալու երազանքով ապրող փոքրիկը` աչքերիս առաջ: