Երբ այցելում ես Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի Յադ Վաշեմ ինստիտուտ –թանգարան և տեսնելով, զգալով ու նույնիսկ վերապրելով հրեա ժողովրդի այդ ծանր տառապանքների մասին պատմություններն, կամա թե ակամա այս ողբերգությունը նույնացնում ես 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած մեկ ա յլ նմանատիպ ոճրագործության՝ Հայոց Ցեղասպանության հետ: Այնուհետև տեսնելով այն հերոս մարդկանց նկարներն ու լսելով նրանց սեփական կյանքի գնով հրեաներին փրկելու երբեմն նույնիսկ անհավանական պատմություններն, հարցնում ես ինքդ քեզ. «Միթե թուրքերի յաթաղանից ու իսպառ բնաջնջումից մազապուրծ եղած, ավելի քան 1.5 մլն. զոհ տված ազգն պիտի անտարբեր մնար հրեական Ողջակիզման նկատմամբ ու իր օգնության ձեռքը չպետք է մեկներ բախտակից այս ազգին: Պարզվում է, որ Յադ Վաշեմ թանգարանի կողմից գրանցված ու «Ազգերի Առաքյալներ» ճանաչված արդեն 21 հայ հերոս կա և Հայաստանի Հանրապետությունը գրավում է առաջին տեղը, Նացիստական Գերմանիայի կողմից չօկուպացված այն երկրների շարքում , որոնք տեղ են գտել այդ ցուցակում: Իրապես տրամաբանական պետք է լինի, որ կոտորած տեսած հայերը պետք է որ շատ հրեաների կյանք փրկած լինեն, բայց արի ու տես որ իրենց սխրանքների մասին չպատմող հայերը շարունակել են տառապել թուրքերի դաշնակից գերմանացիների համակենտրոնացման ճամբարներում ոչ միայն որպես ռազմագերիներ այլև որպես հրեաների փրկիչներ, որի համար հավասարաչափ զրկանքներ էին կրել թե գերմանական զանազան ճամբարներում և թե շարունակել են տառապել հետպատերազմյան տարիներին Սիբիրյան ճամբարներում որպես «Հայրենիքի դավաճաններ»:
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամն աշխարհում այն եզակի կազմակերպություններից մեկն է, որն ավելի քան երկու տարի փորձում է կապ հաստատել բոլոր այն կազմակերպությունների, հիմնադրամների ու նույնիսկ պետությունների, դրանց կառավարությունների հետ, որպեսզի կարողանա հայնտաբերել ու ըստ հավուր պատշաճի գնահատել այն անհայտ հայերին, որոնք փրկել են հրեաների կյանքն Հոլոքոստի ժամանակ: Ահա «Ազատություն ռադիոկայանի» հայկական ծառայությանը տրված բացառիկ հարցազրույցի ժամանակ այս հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայները պատմել էր կազմակերպության նոր նախաձեռնության ու այն աշխատանքների մասին, որոնք արդեն իրականացնում է Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը: Հաղորդագրությունն անարձագանք չմնաց ու Հայաստանի Հանրապետությունից արդեն տեղեկություններ ստացվեցին նոր հայ հերոսների մասին, որոնց սխրանքները գնահատանքի են արժանի և գուցե այս քաջ հայորդիների անցած մարտական ուղղու չլուսաբանված դրվագներն անհայտ մնային, եթե չլիներ հիմնադրամի այս բացառիկ նախաձեռնությունը: Հայ հայտնի երգչուհի Աննա Խաչատրյանն օրինակ անմիջապես արձագանքեց ու սիրալիր մեզ տրամադրեց իր ձեռքի տակ եղած ողջ ընտանեկան արխիվն՝ մի հայ հերոսի մասին, որն իր պապիկն էր՝ տառապանքներով լի կյանք տեսած բժիշկ Հարություն Խաչատրյանը:
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի փոխնախագահ Դանիել Ռայները
* * *
- Երբ գտնվում էի առաջին սովետական պարտիզանական զորագնդի հրամանատար, փոխգնդապետ Ալեքսանդր Արկադիի Ղազարյանի տանը, նրա ստացած նամակներից մեկը ստիպեց ինձ հիշել իր կողմից պատմված մի պատմություն Իոսիֆ Կոգանի մասին, որն ազգությամբ հրեա լինելու պատճառով հրաշքով իր հայ բարեկամների օգնությամբ ողջ էր մնացել՝ ազգանունը փոխելով Միքայել Մարկոսյանի, - պատմում է 1964թ.-ին հրատարակված «Անհայտ կորած մարդիկ» խորագրով գրքում լրագրող Միքայել Հակոբյանը:
Փոխգնդապետ Ղազարյանն այն ժամանակ հրավիրէլ էր Կոգանին Հայաստան ու պատմել բժիշկ Հարություն Խաչատրյանի անցած ծանր ճանապարհի մասին: Միայն պատերազմից 17 տարի անց Կոգանն իմացավ, թե ինչպիսի տառապանքների ու զրկանքների շնորհիվ է հնարավոր դարձել իր փրկությունն ու այն քաջարի հայորդիների անուններն, որոնք իր փախուստը կազմակերպելուց հետո ծանր պատիժ կրեցին նացիստական հատուկ բանտախցերում:
Լուսանկարում՝ ձախից առաջինը՝ փ-գնդապետ Ա.Ա. Ղազարյանը, կապիտան Բ.Կ. Պետրոսյանը, մայորներ՝ Դ.Ե. Մինասյանը, Ս.Ա. Յագջյանն և Լ.Մ. Տիտանյանը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի թատրոնի մուտքի մոտ 1944թ. (աղբյուրը http://www.livejournal.com/)
Հարություն Ռուբենի Խաչատրյանը ծնվել է 1915 թվականի ապրիլի 10 -ին Նախիջևանի Կարախան- Բեկլու գյուղում: Սովորել է Կարախան-Բեկլուի գյուղական դպրոցում: Երևան է եկել 1934 թվականին և ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ: Ինստիտուտն ավարտելուց հետո գնացել է բանակ և 1939թ.-ից ծառայել է սովետական բանակում:
Լուսանկարում՝ աջից առաջինը Հարություն Խաչատրյանն, իսկ մեջտեղում Իոսիֆ Կոգանը(Միքայել Մարկոսյանը) Ընտանեկան արխիվ - Երևան 1983թ.
1940թ.-ից մասնակցել է ֆիննական պատերազմին: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է զինվորական հոսպիտալի բժիշկ և 1941թ-ի օգոստոսին, չլքելով վիրավորված զինվորներին, Վելիկիե Լուկի քաղաքի մոտ գերի է ընկել: Վելիկիե Լուկիի ռազմագերիների ճամբարում ևս կատարել է բժշկի պարտականություններ, այստեղ էլ հանդիպել է վիրավոր Կոգանին: Այնուհետև պատերազմի ընթացքում տեղափոխվել է տարբեր համակենտրոնացման ճամբարներ, աշխատել է Գերմանական Արևելյան Լեգիոնում: Լուանկարում՝ ներքից աջից առաջինը, Հարություն Խաչատրյանը, նրա կողքին Իոսիֆ Կոգանն ու նրանց մարտական ընկերները, Ընտանեկան արխիվ - Երևան 1983թ.
1946թ.-ին վերադարձել է Հայաստան և 1946-49թթ աշխատել է որպես Արտաշատի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ: 1949թ.-ին հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատապարտվել է մահապատժի, որը հետո փոխվել է 25 տարվա ազատազրկման: 1949-ից 1956 թվականները պատիժ էր կրում Նորիլսկում` Սիբիրի երկրամաս: 1956թ-ին ազատվել է, իսկ 1960 -ին` վերականգնվել իր պաշտոնում: 1956-ից - 1984 թվականները աշխատել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում որպես բժիշկ: 1983թ.-ին Երևանում տեղի ունեցավ հին մարտական ընկերների այդքան երկար սպասված հանդիպումը: Հայ հերոս, բժիշկ Հարություն Խաչատրյանի կողմից Իոսիֆ Մովսեսի Կոգանի փրկության մանրամասներն մեզ հայտնի են Կոգանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության Պետական Անվտանգության Կոմիտե իր գրած նամակից: Կոգանն այս նամակով պատմում է ողջ եղելությունը, թե քանի անգամ են հայերն ու մասնավորաբար բժիշկ Խաչատրյանը փրկել իր կյանքը: 1941թ.-ի օգոստոսի վերջին աջ ոտքից ծանր վիրավոր ու անգիտակից վիճակում գտնվող Կոգանին գերմանացիները գերի էին վերցրել Վելիկիե Լուկի քաղաքի մոտ ու տեղափոխել համանուն համակենտրոնացման ճամբարը: Բժիշկ Հարություն Խաչատրյանն փրկում է Իոսիֆի կյանքն՝ ոտքի կանգնեցնելով նրան, չնայած որ այնուհետև հրեա ռազմագերին վարակվում է բծավոր տիֆով ու չնայած կառանտինին ու մահացող հիվանդների հետ չշփվելու հրամանին, Խաչատրյանը շարունակում էր նրան այցելել ու սնունդ և դեղամիջոցներ բերել:
Ռազմագերիներին պարբերաբար տեղափոխում էին տարբեր ճամբարներ. Վելիկիէ Լուկիից - Պոլոցկ, Պոլոցկից - Բորիսովո, Բորիսովոյից -Բենիամինովո (Լեհաստան): Լեհաստա-նում Բենիամինովոն միակը չէր, որ Սովետական ռազմագերիներ կային. Բենիամինովոյից նրանց տեղափոխել էին Դեմբլին, Դեմբլինից էլ Պուլավի:
Լուանկարում՝ Լեհաստանի Պուլավի քաղաքը պատկերող հին նամականիշ
Ինչ որ մեկի մատնությամբ Բորիսովոյի ճամբարի հրամանատարությանը հայտնի է դառնում հրեա ռազմագերու մասին, չնայած որ գերությունից ի վեր Հարություն Խաչատրյանի առաջարկությամբ Իոսիֆ Կոգանին հայերի շրջանում էին պահում և կոչում էին Միքայել Մարկոսյան:(Միշա Մարկոսյան) Իր «Անհայտ կորած մարդիկ» խորագրով գրքում լրագրող Միքայել Հակոբյանն այս կապակցությամբ պատմում է մի դրվագ, երբ հայ ռազմագերի (հետագայում Ֆրանսիայի առաջին սովետական պարտիզանական զորագնդի հրամանատար) Ալեքսանդր Ղազարյանին նացիստները կանչել էին Բորիսովոյի ճամբարի շտաբ ու որպես թարգմանիչ նաև բերել Մարկոսյանին (Կոգանին) և հարցաքննել Ալեքսանդրին, կարծելով թե նա հրեա է: Այնուհետև հային բաց են թողնում, որին էլ հետևում է Մարկոսյանը: Այնուհետև իր նամակում Կոգանը գրում է՝ - Պուլավի քաղաքի համակենտրոնացման ճամբարում կոնկրետ իմ ազգային պատկանելիության հետ կապված անհայտ մեկը նացիստներին տեղեկություններ էր հաղորդել ու գերմանացիները բժշկական հանձնաժողով ձևավորեցին՝ իմ ազգային պատկանելիությունն որոշելու համար:
Մահն անխուսափելի էր ու ամենապատասխանատու պահին, մինչ նացիստ բժիշկների դատին ներկայանալն, այս հանձնաժողովի միակ ոչ գերմանացի բժիշկ Խաչատրյանն իր սեփական կյանքի գնով դուրս եկավ սենյակից ու միջանցքում ինձ կանգնեցրեց՝ թույլ չտալով ներկայանալ ու հայտնելով, որ իրեն մատնել են :
Հայ ռազմագերիների ջանքերով, որոնք 1942թ.-ին Բենիամինովոյի ճամբարում ընդհատակյա կարգով հիմնել էին Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական կազմակերպությունը, 1943թ.-ին Կոգանին կարողանում են թաքցնել և նույն գիշերը կազմակերպում նրա փախուստը: Եվս 17 տարի անց փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանի նամակից նա իմանում է, որ կրկին մատնության պատճառով նրա փախուստը կազմակերպած հայորդիները ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի հատուկ բանտախցում են հայտնվում: Հ.Ը.Հ.Կ.- ի հիմնադիր անդամներից մեկը Վահան Վարդանյանն իր հուշերում շատ մանրամասն է ներկայացնում Կոգանի փախուստը.
- Բժշկական հանձնաժողովից առաջ մեր կազմակերպութ-յան գումարած ժողովի ժամանակ որոշեցինք կազմակերպել նրա փախուստը: Նրան զենք ու փամփուշտներ տվեցինք: Նա կարողացավ ցատկել պատի վրայով ու փախչել: Հաջորդ օրը գերմանացիներին ամեն ինչ հայտնի դարձավ՝ հավանաբար ինչ-որ մեկի մատնության պատճառով: Ստեփան Յագջյանին արդարացրեցին, իսկ մեզ՝ տաս հոգու սկսեցին դատել որպես գերմանացի զինվորականների: Մենք արդեն համարվում էինք Վերմախտի զինվորներ: Տարբեր տարիների ազատազրկման դատապարտեցին, արդեն մոռացել եմ: Կարապետյանին առաջարկում էին գնդակահարել, իբր պարտիզանների հետ ունեցած կապի համար: Զինվորական դատարանը(Տռիբունալը) երեք-չորս օր մեզ դատում էր: Ինձ դատապարտեցին չորս տարվա ազատազրկման: Երկուսին երկուական տարի, մեկին մեկ, մյուսներին ևս (Դանիելյան Ռուբենին) ևս չորս տարի: Կարապետյանին և ևս մեկին տաս տարի՝ իբր պարտիզանների հետ ունեցաղ կապի համար: Իմ և մյուսների մասնակցության չափը չկարողացան որոշել և մեզ դատապարտեցին համապատասխանանաբար ոչ երկար ժամանակով ազատազրկման: Լուսանկարում՝ Հ.Ը.Հ.Կ.- ի հիմնադիր անդամներից մեկը՝ հայ հերոս, պարտիզան Վահան Վարդանյանն, Ընտանեկան արխիվ, (աղբյուրը http://xxl3.ru/family/varvn.htm#kazaryan
Դատի ժամանակ մենք ասում էինք, որ ոչ մի կապ էլ չենք ունեցել, ուղղակի փախչել էինք ուզում, ուրիշ ոչինչ: Այս դատավարությունից հետո ինձ ուղարկեցին Լյուբլինի բանտ: Լյուբլինից Գրոնդշվելդ, որտեղից էլ Հոլլանդիա, Գատտենբերգի մոտ գտնվող համակենտրոնացման ճամբար: - Աշխատում էինք տորֆի հանքում, որտեղ ոնքերս ուռել էին, սակայն մեր բժիշկը ինձ բուժեց (Մեր բժիշկը՝ խոսքը Հարություն Խաչատրյանի մասին է): Այնեղից ինձ տեղափոխեցին Բրանդենբուրգյան բանտ, այսինքն արդեն երկու տարի անցկացրել էի զանազան բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում, - պատմում է իր հուշերում հայ հերոս Վահան Վարդանյանը:
Հ.Ը.Հ.Կ.- ը կապեր էր ստղծել Լեհաստանի պարտիզանական ջոկատների հետ ու փախուստից հետո Կոգանին ընդունում են լեհ պարտիզան Վենտչիկի ջոկատում: Շարունակելով պայքարը նա միանում է Սովետական բանակի զորամիավորումներին, մասնակցում Պրահայի գրավմանը:
1969թ.-ին միայն «Մշակույթային թերթից» Կոգանն իմանում է իր հայ ընկերների սխրանքների մասին ու նամակ ուղարկում փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանին, ստանում է պատասխան և նամակագրական կապ է հաստատում իր փրկիչների հետ, մասնավորաբար Հարություն Խաչատրյանի հետ: Հենց նրան փրկելու և հայ հայրենասերի ու պարտիզանական ընդհատակյա հակաֆաշիստական կազմակերպության անդամ Խաչատրյանի անունն ու պատիվը վերականգնելու պատճառով է, որ Իոսիֆն գրում է իր նամակը:
Սակայն ֆաշիստական ու սովետական ճամբարներում ընդհանուր հաշվով 11 տարի անցկացրած ու նացիստա-կան ու ստալինյան ռեպռե-սիաների զոհ դարձած հայ բժիշկը, մտավորականն ու ռազմիկն արդարացվել ու վերականգնվել էր արդեն իր պաշտոնում և 1956-ից - աշխատում էր Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում որպես բժիշկ: Զինվորական կոչումը սակայն այդպես էլ չվերականգնվեց:
Լուանկարում՝ Հանրապետության հրապարակում Հարություն Խաչատրյանը, նրա ձախ կողքին Իոսիֆ Կոգանն ու նրանց մարտական ընկերները, Ընտանեկան արխիվ – Երևան 1983թ.
1983թ. – ին տեղ է ունենում վերջապես մարտական ընկերների հանդիպումը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում: Բոլոր նախկին բանտարկյալներն այդ ժամանակ արդեն արդարացված էին....... Բժիշկ Հարություն Խաչատրյանն իր մահկանացուն կնքեց 1985թ-ի նոյեմբերի 23-ին 70 տարեկան հասակում: Ինչ վերաբերում է Իոսիֆ Կոգանին, ապա Խաչատրյանի մահվանից հետո նրա ընտանիքի կապը Կոգանի հետ կտրվել է: Կիևում գտնվող ընկերներիս միջոցով փորձեցինք գտնել և գտանք Խմելնիցկի շրջանի Ստարոկոնստանտինովո քաղաքում գտնվող Կոգանի նախկին տունը, սակայն հարևաններն ասացին թե նա քսան տարի առաջ տեղափոխվել է արտասահման մշտական բնակության: Իսրայելի ՈՒկրաինայի ազգային ռադիոկայանի սեփական թղթակից, մեր գործընկեր Սվետլանա Գլազի օգնությամբ ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիև կատարած մեր հարցման պատասխանը ստացանք առ այն, որ Կոգանները բնակվում են Իսրայելում:
Շարադրելով այս հայ հերոսների ճակատագրի հասցրած դառը փորձություններով լի պատմություններն իրոք զարմանում ես թե մեկ մարդկային կյանքի համար ինչպիսի զոհաբերությունների են դիմել քաջ այս մարդիկ ու հարց է ծագում, թե կան արդյոք այսպիսի անհատներ ներկայումս: Ակամայից էլ անհամեստություն թող չթվա, բայց հայ այս հերոսներն ու մասնավորաբար բժիշկ Հարություն Խաչատրյանն արժանի են ճանաչման Հոլոքոստի Յադ Վաշեմ թանգարան-ինստիտուտի կողմից որպես «Ազգերի Առաքյալներ»: Մենք Իսրայելում փնտրում ենք այժմ Իոսիֆ Կոգանին, եթե իհարկե դեռ կենդանի է և իր ժառանգներին, ակնկալիքով որ նրանցից ևս կլսենք նոր մանրամասնություններ 69 տարի առաջ տեղի ունեցած այս հերոսական իրադարձությունների մասին ........
Արտյոմ Չերնամորյան «Ազատություն ռադիոկայանի» Մերձավոր Արևելքի և Իսրայելի թղթակից Իսրայելահայերի Պետախ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ
To: Artiom Chernamorian Str. Aviel 2, Apt. 37, Petah-Tiqwa, Israel Mobile: (+972)-54-808-27-35, E-mail: chernamoryan@yahoo.com
|