01.01.2012
Սիրելի՛ հայրենակիցներ, Ահա և պատմություն է դառնում 2011 թվականը:
Նոր տարին ընտանեկան տոն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը և բաժակ բարձրացնում` նայելով իրար աչքերի մեջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմավորենք նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կա յուրաքանչյուրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակետ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում նոր տարվա սահմանագիծը:
Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ ավելին ունենք, քան կարծում ենք: Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մեկ է` մեր նպատակները նույնանում են, երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, Սփյուռք, խաղաղություն, ծնող, զավակ… Եկե՛ք մեր մտքում ամբարենք անցած տարվա մեր հաջող գործերն ու հաղթանակները` հպարտ ու փայլող շարասյուները, վերածնված Մատենադարանը, հրաշալի օդանավակայանը, հրոսակների զսպումը, համազգային ոգևորության անմոռանալի դրվագները, մյուսները: Եկե՛ք անցած տարում թողնենք անտարբերությունը, իրար չլսելը, թշնամանքը... չթվեմ` գիտենք, թե ինչը արժեք չէ ու հարիր չէ հարազատ ընտանիքին: Եկե՛ք նոր` 2012 թվական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը և նոր հաղթանակների վճռականությունը` ի բարօրություն մեր հայրենիքի` Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, հանուն խաղաղության ու արարման, հանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, հանուն սահմանին կանգնած մեր որդիների:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք սիրում ենք շեշտել, որ հայերը հին ու հզոր մշակույթի ժառանգորդներ են, և դա ճիշտ է: Բայց փաստ է նաև այն, որ ներկա Հայաստանում շատ բան անկատար է: Մեր երկրում կան ընտանիքներ, որոնք անգամ այս տոնական պահին հազիվ են տաքացրել իրենց կացարանը, անբարեկարգ գյուղեր ու քաղաքներ կան, որոնք չեն համապատասխանում քաղաքակիրթ երկրի մասին մեր պատկերացումներին ու չափանիշներին: Անկասկած, մենք պիտի դառնանք այն երկիրը, որտեղ ամեն քայլափոխի զգացվի, թե ովքեր ենք մենք, ինչ մեծ ու հարուստ ավանդույթների ու քաղաքակրթության հետնորդներ ենք: Այս առումով 2012 թվականը նույնպես պետք է լինի համառ աշխատանքի տարի. միայն աշխատանքով է հնարավոր բժշկել, խնամել, հոգ տանել ու հարմարավետ դարձնել կյանքը: 2012-ը աշխատանքի՛ տարի է լինելու:
Ինչպես գիտեք, գալիք տարի նաև անցկացվելու են Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ` ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել` անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային և իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար: Չեմ թաքցնի` օգնության կարիք էլ եմ ունեցել և ունեմ:
Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ: Հավատում եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին տոնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղություն և բարօրություն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին:
Շնորհավո՛ր Նոր տարի:
|