Հունիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինն Իսրայել կատարած այցի ընթացքում եղավ նաեւ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Տաճարի մուտքի մոտ նրան դիմավորեցին Հունաց եւ Հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները: Հունաց կողմից պատրիարք Թեոփիլը եւ Հայոց սրբոց Հակոբյանց վանքից Էմմանուել վարդապետ Աթաջանյանն ու հայ միաբանները բարձրաստիճան հյուրին առաջնորդեցին դեպի Տնօրինական վայրեր: Մուտք գործելով տաճար` նախագահ Պուտինը խոնարհվեց սբ տապանաքարին, որից հետո հոգեւորականները հյուրին ուղեկցեցին դեպի սբ գերեզմանի բոլորաշեն: Նախագահը մի քանի րոպե ծնրադիր աղոթք առաքեց առ Աստված:
Այցի ընթացքում պատրիարք Թեոփիլը հյուրին կարճառոտ բացատրություններ էր տալիս սրբատեղիների պատմությունից: Տաճարում շրջելիս նախագահը բարձրացավ Գողգոթա եւ մոմ վառեց: Մոմեր վառվեցին նաեւ Գյուտ Խաչ եկեղեցում: Այստեղ, օգտվելով առիթից, Էմմանուել վարդապետը նշեց, որ մեծարգո հյուրը Տնօրինական վայրեր է այցելել Երուսաղեմի հայոց տոնացույցով` Կոստանդիանոս կայսեր եւ Հեղինե կայսրուհու հիշատակի օրը, կայսրուհի` հենց որի ջանքերով է հայտնաբերվել Սուրբ եւ կենսատու Խաչը, եւ որ Խաչի որոնման աշխատանքները ղեկավարելիս Հեղինե կայսրուհին կանգնած է եղել հայոց տիրույթներում, ուր այսօր Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Հնչեցին հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւ օրհնության խոսքեր, ինչպես եւ խաղաղության մաղթանքներ տարածաշրջանին եւ համայն աշխարհին: Այնուհետեւ Հունաց պատրիարքը նախագահին եւ նրան ուղեկցողներին առաջնորդեց դեպի Հովսեփ Արիմաթիացու մատուռը` նշելով, որ Սբ Հարության տաճարի այդ մասը եւս պատկանում է հայերին, որ թողնում են այստեղ արարողություններ կատարել Ասորվոց ուղղափառ եկեղեցու սպասավորներին, որ հայոց հետեւակն են: Այնուհետեւ նախագահին ցույց տվեցին Ղպտի ուղղափառ եկեղեցու մատուռը (սբ գերեզմանի սնարից մասը), որ 1300 թվականին կառուցել է Հայոց Հեթում Բ թագավորը, իսկ հետագայում սրբատեղին նվիրվել է ղպտիներին, որովհետեւ նրանք եւս Հայ եկեղեցու հետեւակն են: Վերջում նախագահին ցույց տվեցին Աստվածածնի ուշաթափման եւ Երկրորդ Գողգոթա հայկական սրբատեղիները, որից հետո նախագահը շփվեց տաճարում խմբված հավատացյալների հետ: Մերձավորարեւելյան այցի շրջանակներում նախագահ Պուտինն այցելեց նաեւ Բեթղեհեմի Սբ Ծննդյան տաճարը, ուր հույն հոգեւորականների հետ մեկտեղ նրան դիմավորել են նաեւ հայ միաբանները` Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ:
ԳԵՎՈՐԳ ՀՆՁԱՑՅԱՆ, Երուսաղեմ
|