Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստանի հավաքականը մրցակցի դաշտում խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակ տարավ B խմբում ֆավորիտներից մեկը համարվող Սլովակիայի թիմի նկատմամբ։
Սլովակիայի Ժիլինա քաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսը անցավ սլովակ ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսում հայաստանցի ֆուտբոլիստները ոչ միայն հավասարեցրին խաղը, այլեւ բացահայտ առավելություն ստացան ուժեղ մրցակցի նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը՝ 57-րդ, Հենրիխ Մխիթարյանը՝ 70-րդ, եւ Գեւորգ Ղազարյանը՝ 80-րդ րոպեներին, իսկ խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո՝ մրցավարի ավելացրած 3 րոպեների ընթացքում, Արթուր Սարկիսովը եւս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Սա ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն է Սլովակիայի հավաքականի նկատմամբ։ Հոկտեմբերի 8-ին Երեւանում կայացած առաջին հանդիպումը թիմերի միջեւ ավարտվել էր 3:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հաղթական գոլերը (վիդեո)
Ընտրական մրցաշարի 8-րդ փուլից հետո Հայաստանը 14 միավորով 3-րդ տեղում է, նույնքան միավորով նրան հաջորդում է Սլովակիան։ Առաջին երկու տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, Ռուսաստանը՝ 17 միավորով, եւ Իռլանդիան՝ 15 միավորով։
Հայաստանը շարունակում է մնալ B խմբում ամենաշատ գոլերը խփած թիմը՝ 16: 7 գնդակ հայաստանցի ֆուտբոլիստները խփել են Անդորրայի, 6-ը՝ Սլովակիայի հետ երկուական խաղերի ընթացքում։
Հոկտեմբերի 7-ին Հայաստանը ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը կանցկացնի՝ սեփական հարկի տակ ընդունելով Մակեդոնիային, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Իռլանդիային, ինչով էլ կավարտի խմբային ընտրական մրցաշարը։
Սլովակիայի նկատմամբ տարած սենսացիոն այս հաղթանակը մեծացրեց ընտրական խմբում առաջին երկու տեղերից մեկը գրավելու եւ Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում հանդես գալու համար պայքարը շարունակելու՝ հայաստանցի ֆուտբոլիստների շանսերը։