«The New York Times»-ում վերջերս հրապարակված սարսափելի հաղորդագրությունը «Իսլամական պետության» սեռական ստրկության համակարգի մասին, որի թիրախը եզդի կանայք են, վերջին օրերին պարբերականի կայքում ամենաշատ ընթերցվող հոդվածներից է: Սակայն մեզ դա պարզապես չի հուզում: Այս մասին «The Huffington Post»-ում գրել է Վան Լիրի անվան Երուսաղեմի ինստիտուտի գիտաշխատող Շտեֆան Իրիգը:
«Մենք մարդ ենք, եւ մենք՝ ժամանակակից հանրությունը, շատ լավ ենք կարողանում մասերի բաժանել այն, տեղի է ունենում մեզ շրջապատող աշխարհում, եւ մեզանից այնքան հեռացնել մեծ մասը, որ դա պարզապես մեզ համար նշանակություն չունի»,- գրում է Իրիգը:
Այնուհետեւ հեղինակն անտեսման մռայլ ավանդույթի երկու օրինակ է բերում: Նա պատմում է 1890-ականներին՝ Աբդուլ Համիդ 2-րդի օրոք Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին, այն մասին, որ Օսմանյան կայսրության մերձավոր դաշնակից Գերմանիան լավ տեղեկացված էր այդ իրադարձությունների մասին, բայց գերմանական հասարակությունում դրանք լայն արձագանք չստացան: «Բայց հապճեպ մի դատապարտեք 1890-ական թվականների Գերմանիային: Այլ գերտերություններ նույնպես ոչինչ չարեցին հայերին օգնելու համար»,- ընդգծում է Շտեֆան Իրիգը:
Գիտնականը հիշատակում է նաեւ Հայոց ցեղասպանության եւ այն մասին, թե ինչպես է գերմանական պարբերականներից մեկն արդարացրել հայերի հանդեպ արհամարհանքը՝ կողմնակ կերպով ակնարկելով, որ, իր պատկերացմամբ, «զոհերն իրական քրիստոնյաներ չեն», այդ պատճառով գերմանացի քրիստոնյաները պարտավոր չեն անհանգստանալ այդ հեռավոր ողբերգության համար: Դրանից հետո հոդվածում բերվում է Հոլոքոստի օրինակը:
«Եվ այսպես, հիմա մենք ավելի սարսափելի լուրեր ենք ստանում ԻԼԻՊ-ի մասին, եւ վրոդվված ենք սեռական ստրկության նրա համակարգի առիթով: Եվ մենք պետք է վրդովվենք... Բայց ինչ-որ մեկին դա պետք է մտահոգի: Ինչո՞ւ: Որովհետեւ պարզապես չափազանց դյուրին է եզդիների մասին չմտածելը: Նրանք ոչ միայն հեռու են, այլեւ մեզանից շատերի ընկերների եւ հարեւանների մեջ եզդիներ չկան: Եվ, որ ամենակարեւորն է, նրանք ո՛չ քրիստոնյա են, ո՛չ հրեա, ո՛չ մահմեդական, եւ նրանց համոզմունքների համակարգը պարզապես օտար է մեզ համար»,- գրում է հեղինակը:
Նա հավելում է, որ, հաշվի առնելով պատմությունը, գոնե Իսրայելն ու Հայաստանը պետք է որեւէ ձեւաչափով քաղաքականապես ընդունեն եզդիներին: «Ինչպես հայերն ու հրեաները՝ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ժամանակ, եզդիները նույնպես սեփական պետությունը, բանակն ու հզոր լոբբի չունեն: Հենց այդ պատճառով էլ, որ նրանք չունեն այդ ամենը, եւ այն պատճառով, որ նրանք «մեզանից մեկը» չեն, նրանք այդքան կարեւոր են եւ պետք է ավելի կարեւոր լինեն, քան Պալմիրայի ավերակները»,- գրում է գիտնականը:
http://news.am/arm/news/282192.html
|