Վալլենբերգ Հիմնադրամը հայ փրկչին պարգևատրում է Վալլենբերգի մեդալով
[ ]
29.07.2013, 15:11
Վալլենբերգ հիմնադրամը հայ փրկչին պարգևատրում է Վալլենբերգի մեդալով
Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը միաձայն քվեարկությամբ հետմահու հարգանքի տուրք է մատուցում բժիշկ Հարություն Ռուբենի Խաչատրյանին՝ Հոլոքոստի ժամանակ ցուցաբերած փրկարարական գործողությունների համար:
Բժիշկ Խաչատրյանը ծնվել է 1915թ.-ի ապրիլի 5-ին Նախիջևանի Կարախան-Բեկլու գյուղում: 1934-ին տեղափոխվեց Երևան և բժշկական կրթություն ստացավ Երևանի պետական բժշկական ինստիտուտում: 1939-ին որպես բժիշկ միացավ Խորհրդային բանակին: 1941-ի օգոստոսին ձերբակալվեց նացիստների կողմից և բանտարկվեց Վելիկիե Լուկի քաղաքի մոտ: Այդ ճամբարում ծառայելով որպես բժիշկ, նա հանդիպեց և բուժեց վիրավոր հրեա բանտարկյալ Իոսեֆ Կոգանին՝ փրկելով նրա կյանքը:
1946թ.-ին բժիշկ Հարություն Խաչատրյանը վերադարձավ Հայաստան և 1946-49թթ. աշխատեց Աշտարակի շրջանային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ: 1949-ին նա մահվան դատապարտվեց՝ հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Դատավճիռն այնուհետ փոխվեց 25 տարվա ազատազրկման: 1949-ից 1956թթ. նա իր պատիժը կրեց Նորիլսկում, որը գտնվում է Սիբիրի երկրամասում: Ազատ արձակվեց 1956թ.-ին և վերականգնվեց իր պաշտոնում 1960-ին: 1956-1984թթ. որպես բժիշկ աշխատեց Երևանի թիվ 17-րդ պոլիկլինիկայում: 1983-ին տեղի ունեցավ նրա երկար սպասված վերամիրավորումը մարտական ընկերների ու բարեկամների հետ:
ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեին ուղղված Իոսեֆ Մովսեսի Կոգանի նամակը բացահայտում է, թե ինչպես այս հայ հերոսը՝ Հարություն Խաչատրյանը, փրկեց Կոգանի կյանքը: Այս նամակում Կոգանը պատմում է ամբողջ պատմությունը՝ նկարագրելով, թե քանի անգամ են հայերը և բժիշկ Խարատրյանը մասնավորապես, փրկել նրա կյանքը: Կոգանը ձերբակալվել էր գերմանացիների կողմից 1941թ.-ի օգոստոսին Վելիկիե Լուկի քաղաքի մոտ, աջ ոտքից վիրավոր և անգիտակից վիճակում և տեղափոխվել էր համանուն համակենտրոնացման ճամբար:
Բժիշկ Հարություն Խաչատրյանը բուժեց նրան և Կոգանը կարողացավ կրկին քայլել, սակայն ավելի ուշ հրեա ռազմագերին վարակվեց բծավոր տիֆով: Չնայած կարանտինին և մահամերձ հիվանդների հետ չշփվելու հրամանին, Խաչատրյանը շարունակեց այցելել նրան՝ սնունդ և դեղորայք բերելով:
Ռազմագերիներին պարբերաբար տեղափոխում էին տարբեր համակենտրոնացման ճամբարներ. Վելիկիե Լուկիից՝ Պոլոցկ, Պոլոցկից՝ Բորիսովո, Բորիսովոյից՝ Բենիամինովո (Լեհաստան): Բենիամինովոն Լեհաստանի միակ վայրը չէր, որտեղ խորհրդային ռազմագերիներ կային:Այնուհետև նրանց Բենիամինովոյից տեղափոխեցին Դեմբլին, Դեմբլինից՝ Պուլավի:
Վերջին երկու տարիների ընթացքում ՌՎՄՀ-ն ակտիվորեն փնտրում էր հայ փրկիչներին: Հայտնի հայ երգչուհի Աննա Խաչատրյանը տեղեկանալով, կապ հաստատեց ՌՎՄՀ-ի կամավոր պարոն Արտյոմ Չերնամորյանի հետ՝ պատմական տեղեկություններ տրամադրելով իր հանգուցյալ պապի՝ բժիշկ Հարություն Խաչատրյանի սխրանքների մասին:
Անվտանգության նկատառումներից ելնելով, բժիշկ Խաչատրյանը կազմակերպել էր, որպեսզի Իոսեֆ Կոգանը մնա հայ բանտարկյալների հետ՝ Միքայել Մարկոսյան (Միշա Մարկոսյան) անվան տակ: Ինչևէ, անհայտ անձի դավաճանության պատճառով նրա մասին Բորիսովո ճամբարի հրամանատարությանը հայտնի դարձավ:
«Անհետ կորածները» գրքում լրագրող Միքայել Հակոբյանը նկարագրում է մի դրվագ, որտեղ հայ ռազմագերի Ալեքսանդր Ղազարյանին (ավելի ուշ Ֆրանսիայի առաջին խորհրդային պարտիզանական ջոկատի հրամանատար) նացիստները կանչել էին Բորիսովո ճամբարի շտաբ, Մարկոսյանի (Կոգանի) հետ, ով հանդես էր գալիս որպես թարգմանիչ: Ղազարյանին հարցաքննում էին հրեա լինելու կասկածանքով: Իսկ այնուհետ նրան ազատ արձակեցին՝ Մարկոսյանի ուղեկցությամբ:
Ավելի ուշ Կոգանը նամակում գրում էր. «Պուլավի քաղաքի համակենտրոնացման ճամբարում անհայտ անձը շշուկներ տարածեց իմ ծագման մասին, և գերմանացիները բժշկական կոմիտե կազմեցին՝ պարզելու իմ ազգությունը: Թվում էր՝ մահվան դատավճիռն անխուսափելի էր, սակայն վերջին պահին, երբ ես ներկայանալու էի նացիստ բժիշկներին, հանձնաժողովի միակ ոչ գերմանացի բժիշկը կարողացավ դուրս գալ սենյակից՝ վտանգելով իր կյանքը, ինձ կանգնեցրեց միջանցքում և տեղեկացրեց, որ ինչ-որ մեկն ինձ մատնել է»:
1942թ-ին Բենիամինովո ճամբարում Հակաֆաշիստական ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության հիմնադիր հայ ռազմագերիների ջանքերով, Կոգանը կարողացավ թաքնվել և նույն գիշեր կազմակերպվեց նրա փախուստը:
Ավելի քան 17 տարի անց, փոխգնդապետ Ալեքսանդր Ղազարյանի նամակի միջոցով նա տեղեկացավ, որ կրկին դավաճանության պատճառով նրա փախուստը կազմակերպած հայերը բանտարկվել էին ֆաշիստական այդ նույն համակենտրոնացման ճամբարում:
Հակաֆաշիստական ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Վահան Վարդանյանն, իր հիշողություններում մանրամասն նկարագրում էր Կոգանի փախուստը. «Բժշկական հանձնաժողովից առաջ մենք որոշեցինք կազմակերպել նրա փախուստը մեր կազմակերպության հանդիպումներից մեկի ժամանակ: Մենք նրան զենք և փամփուշտներ տվեցինք: Նա կարողացավ թռչել պատից և փախչել:
Գերմանացիներն ամեն ինչ պարզեցին հաջորդ օրը, ամենայն հավանականությամբ, նույն տեղեկատուի միջոցով: Ստեփան Յաղջյանը արդարացվեց, իսկ մենք՝ մնացած տասս, դատապարտվեցինք որպես գերմանացի զինվորականներ»:
Մենք համարվում էինք Վերմախտի զինվորներ: Դատապարտվեցինք տարբեր տարիների ազատազրկման. հստակ չեմ հիշում քանի: Կարապետյանը դատապարտվեց մահապատժի՝ պարտիզանների հետ ունեցած ենթադրյալ կապի համար:
Բժիշկ Հարություն Խաչատրյանը մահացավ 1985թ.-ի նոյեմբերի 23-ին՝ 70 տարեկան հասակում: Ինչ վերաբերում է Կոգանին, ոչինչ հայտնի չէ նրա մասին Խաչատրյանի մահից հետո:
Ռաուլ Վալլենբերգի մեդալ շնորհելուց բացի ՌՎՄՀ-ը կնախաձեռնի հիշատակի նամականիշի թողարկմանն և բժիշկ Խաչատրյանի հերոսական պատմությունը կներգրավվի իր կրթական երիտասարդական ծրագրերի մեջ:
Պարոն Էդուարդո Էռնեկյանը՝ ՌՎՄՀ-ի նախագահն, իր գոհունակությունն արտահայտեց՝ նշելով, որ «բժիշկ Խաչատրյանը փրկիչ էր, հերոս և մեր պարտականությունն է ճանաչել նրան և կենդանի պահել նրա հերոսական ժառանգությունը»:
ՌՎՄՀ-ի հիմնադիր պարոն Բարուխ Տենեմբաումն ասաց, որ «Հոլոքոստի զոհերին աջակցություն ցուցաբերած հայերի թիվը փոփոխվում է, և մենք անդադար կշարունակենք լույս սփռել մյուս հայ հերոսների վրա»:
Սույն հոդվածը գրվել է պարոն Արտյոմ Չերնամորյանի հետ համատեղ: