Լուսանկարները վերցված են լրատվական գործակալությունից Իսրայելի Հայֆա քաղաքից մեր ընթերցող ու նամակագիր Նուբար
Ասլանյանը տեղեկացնում է, որ Գազայի հատվածում շարունակվող պատերազմի հետեւանքով
հրթիռակոծվող իսրայելական Բեեռ Շեւա քաղաքում ապրում է Հայաստանից ներգաղթած 15
ընտանիք, այդքան էլ բնակվում է Իսրայելի հարավում հրթիռակոծվող Կիրյատ Գատ, Աշդոդ,
Աշկելոն քաղաքներում: Իսրայելի կառավարությունը «թեժ գիծ» է ստեղծել եւ մի քանի
լեզուներով կապ է հաստատում բնակիչների հետ` ցուցաբերելով հոգեբանական եւ այլ
օգնություններ: Հայերեն ծառայությունն իրականացնում է ինքը` Պետախ Տիկվա քաղաքի
«Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ: Բեեռ Շեւայում կազմակերպչական
աշխատանքներ է տանում Լեւոն Սուքիասյանը: Նշյալ ընտանիքների մեծ մասը ցանկանում է
ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան, սակայն անձնագրային խնդիրներ ունենալու
պատճառով չի կարողանում: Հայկական անձնագիրը վավերական չէ, իսկ իսրայելականով գալու
դեպքում մուտքի վիզայի համար պետք է վճարել:
Ասլանյանը նշում է, որ հայաստանցիները օգնություն ստանալու
նպատակով առայժմ չեն դիմել Երուսաղեմի հայոց պատրիարքարանին եւ Հայաստանի պատվո
հյուպատոսու-թյանը: Ինքը կարող էր Հայաստանից աջակցություն ստանալու հարցերը
կարգավորել, բայց հիշելով 2006 թվականին լիբանանյան պատերազմի ժամանակ Հայաստանում
օթեւան ստանալու «թռիչքային» տառապանքները, նախընտրում է սպասել իրադրության
կարգավորմանը, քան դիմել հայաստանյան իշխանություններին:
Երեկ գիշեր «Ազգ»ը Բեեռ Շեւայից ստացավ էլ-նամակ, որը հաստատում է
հայերի ներկայությունն այնտեղ. նրանց մեջ կան ուսանողներ:
Ռ. Պ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 2009-01-17
|
Տեղադրվել է` 2009-01-17 00:03:47 (GMT
+04:00) |