Հայաստանում եզակի դուետ` Ինգա և Անուշ
Այսօր հայկական ժողովրդական երաժշտությունը յուրահատուկ և ինքնատիպ լուծումներով մատուցում են քույրեր Ինգան և Անուշը` մեր իրականության մեջ աննախադեպ դուետով: Նրանց ձայնային տվյալները, երաժշտական ճաշակը, էթնիկ երաժշտության նուրբ զգացողությունը ունկնդրին փոխանցում են հայկական ժողովրդական երաժշտության, ազգային մոտիվների և հայկական ոգու լիարժեք տպավորությունները: Ինգան և Անուշը իրենց ստեղծագործական գործունեությամբ և հաջողություններով ապացուցում են, որ ժողովրդական երգի արմատները այնքան մաքուր, հզոր և հարազատ են, որ ժամանակը դրանք չի խամրեցնում, այլ միայն զարդարում է: Դուետի երգացանկը ընտրում և մշակում են քույրերը: Հարկ է նշել, որ նրանք վերականգնում են նաև վերացող ժողովրդական երգերը` դրանով մեծ նպաստ բերելով հայկական ժողովրդական երգի պահպանությանը:Նրանց նորաոճ մշակումները հայկական ժողովրդական մեղեդիները հասանելի են դարձնում բոլոր ազգերի ժողովուրդների համար, քանի որ երաժշտության ակունքը պահում են անխաթար: Ինգայի և Անուշի հուզող և ոգեշնչող արվեստն ապացույցն է հայի տաղանդի, ինչպես նաև համաշխարհային երաժշտության մեջ հայ ժողովրդի ունեցած ավանդի:
Դուետ Ինգա և Անուշ Ինգան և Անուշը երգում և ստեղծագործում են մանկուց, իսկ պրոֆեսիոնալ բեմում միասին են 2000 թվականից: Նրանք միասին հանդես են եկել Երգի պետական թատրոնի կազմում: 2003 թվականից գործում են ինքնուրույն:Համերգներով հանդես են եկել և' Հայաստանում, և' արտերկրում:Հյուրախաղերով եղել են ԱՄՆ-ում, Թեհրանում, Լոնդոնում, Փարիզում, Ռուսաստանում,Գերմանիայում: 2008 թվականից Ինգան և Անուշը համագործակցում են "Շարմ Հոլդինգի" հետ: 2009 թվականի փետրվարի 14-ին կայացած Եվրատեսիլի հայաստանյան նախընտրական փուլի արդյունքներով Ինգան և Անուշը կներկայացնեն Հայաստանը մայիսի 12-ին Մոսկվայում կայանալիք "Եվրատեսիլ" երգի մրցույթում:
Jan - Jan - Inga - Anush Armenia Eurovision 2009
Բոլոր տեղեկություններն վերցված են Ինգայի և Անուշի բլոգից և Եվրատեսիլի ինտերնետային կայքից:
Իսրայելահայերի «Նաիրի» միության անունից հաջողություններ ենք մաղթում աղջիկներին:
09.05.2009թ.
|