Главная » 2011»Февраль»24 » ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻՐԻԺՈՐ ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎԻ ՀԵՏ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԻՐԻԺՈՐ ՄԱՔՍԻՄ ՎԵՆԳԵՐՈՎԻ ՀԵՏ
17:15
Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Մաքսիմ Վենգերովը երեկ վարպետության դաս անցկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի հետ։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախումբը Հայաստանի հպարտությունն է։ Ես հպարտանում եմ, որ այս երկրում կան շնորհալի երեխաներ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ջութակահարը։ «Երեխան պետք է ընտանիք ունենա» իրազեկման արշավի շրջանակում իրականացվելիք բարեգործական համերգը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը մանկատներում գտնվող շուրջ երեք հազար երեխաների խնամքն իրականացնելու գործում։ Երաժշտի խոսքով՝ անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն տրամադրել այն ծնողներին, որոնք կարիքից դրդված են իրենց երեխաներին հանձնել մանկատանը։ «Ես` որպես բարի կամքի դեսպան, օգնելու եմ այդ նախագծի իրականացմանը»,- հայտարարեց Վենգերովը՝ կարևորելով ընտանիքի դերը երեխայի կյանքում: «Շատ կարևոր է, որ երեխաները դաստիարակվեն ընտանիքում։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ երեխաների դաստիարակության համար լավագույն վայրը ընտանիքն է։ Ոչ ոք ու ոչինչ չի կարող փոխարինել ծնողներին»,- ասաց ջութակահարը։ Վարպետության դասի շրջանակում Վենգերովի գլխավորությամբ մանկական նվագախմբի սաները կատարեցին արգենտինացի աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի «Կնոջ բույրը» ստեղծագործությունը։ Նա արգենտինական տանգոյի կրքոտ հնչյունների ուղեկցությամբ ու պարի միջոցով երեխաներին որոշ խորհուրդներ տվեց՝ իր հիացմունքը հայտնելով երեխաների կատարողական բարձր արվեստի նկատմամբ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախումբն ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ու Սպիվակովի հիմնադրամի կողմից 2009թ. Երեխաների իրավունքների համաձայնագրի 20-ամյակի շրջանակում։ Մ.Վենգերովը բարեգործական համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք քաղաքներում։
Փետրվարի 22-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում մաեստրոն ելույթ ունեցավ Հայաստանի երիտասարդական կամերային նվագախմբի (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հետ։ (ավելացված)